ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ԵՐՐՈՐԴՄԱՍՑԻ ԼՅՈՎԻԿԻ ԳՈՐԾՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015թ. մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի տարածքում սպանված քրեական հեղինակություններ Լեւոն Ղազարյանի` Երրորդմասցի Լյովիկի, Դրաստամատ Թադեւոսյանի` Դերոյի, եւ Մեսրոպ Նազարյանցի` Մոսոյի գործը նոր ընթացք է ստանում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օրերս ՀՀ-ում գործող իրավական համակարգի բոլոր ներկայացուցիչների մասնակցությամբ մասնագիտական քննարկում է տեղի ունեցել, որի հիմնական թեման եղել է քրեական հեղինակությունների սպանությանն առնչվող հարցերը:

Հիշեցնենք, որ սպանությունը տեղի էր ունեցել ժամը 13:59-ին: Ըստ շրջանառվող լուրերի` Երրորդմասցի Լյովիկը եւ իր ընկերները գնացել էին քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու իրենց մտերիմներից ոմն Դավիթ Իսպիրյանին, սակայն տեղ չհասած՝ հնչել էին մահացու կրակոցները:
Իսկ ով էր սպանված Երրորդմասցի Լյովիկը: Վերջինս ԱՄՆ-ում բնակվող հայտնի «օրենքով գող» Պզոյի՝ Արմեն Ղազարյանի եղբորորդին էր: «Ժողովուրդ»-ը դեռեւս 2014 թվականին գրել էր, որ Լեւոն Ղազարյանի եւ Օշականցի Գեւորիկի միջեւ տեղի էր ունեցել միջադեպ, ինչի արդյունքում քրեական աշխարհը բաժանվել էր երկու մասի: Մի մասը պաշտպանում էր Երրորդմասցի Լյովիկին, մի մասն էլ՝ Օշականցի Գեւորիկին: Ավելին՝ գրել էինք, որ հակամարտող խմբավորումներին սկսել էին «տանիք կանգնել» քաղաքական դաշտի ներկայացուցիչները՝ իշխանության ամենաբարձր մակարդակով: Մասնավորապես, քրեական աշխարհից սպրդած տեղեկություններով՝ այս իրավիճակում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, նրա որդին` Արգամ Աբրահամյանը, ինչպես նաեւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը աջակցում էին Երրորդմասցի Լյովիկին եւ ամեն ինչ անում, որ նա կատարվածից չոր դուրս գա ու Հայաստանում կարգվի թիվ մեկ քրեական հեղինակություն:
Սակայն ինչպես նկատում ենք՝ «շաբաթը ուրբաթից» շուտ եկավ, եւ, ըստ էության, ինչ-որ մարդկանց ձեռք չտվեց, որ Լեւոն Ղազարյանը Հայաստանում կարգվի թիվ մեկ քրեական հեղինակություն:
Եվ, ահա, սպանությունից 19 օր անց երեք անձ՝ Սարգիս Գրիգորյանը` Ծգլը, Սարգիս Հախանումյանը՝ Տլեն, եւ Վահան Հակոբյանը՝ Գաստիկը, ինքնակամ ներկայացան ոստիկանություն, որից հետո նրանց կալանավորեցին: Վերջիններս, ըստ տարածված լուրերի, մինչ տեղի ունեցած սպանությունը, ծեծվել էին, խոշտանգվել եւ նսեմացվել Լյովիկի ու ընկերների կողմից,:
Ավելի ուշ այս գործով կալանավորվեց Ավան-Առինջում գտնվող «Միլենա» տաքսի ծառայության սեփականատեր, Թիզ մականվամբ Կարեն Երեմյանը, որը Երեւանի ավագանու՝ ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Երեմյանի եղբայրն է: Նրա հետ կալանավորվել էին նաեւ տաքսի ծառայության երեք աշխատակիցներ, որոնք բոլորն էլ ազատ արձակվեցին՝ բնակության վայրից չբացակայելու մասին ստորագրությամբ:
Դատելով մինչ օրս եղած պաշտոնական հաղորդագրություններից՝ այս գործով մնացել են 3 կալանավորված անձինք` Գաստիկը, Տլեն եւ Ծգլը, որոնք մինչ օրս չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը:
Սակայն «Ժողովուրդ»-ին տեղի ունեցած սպանությունից նոր մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչպես են Գաստիկը, Տլեն եւ Ծգլը որոշել ինքնակամ ներկայանալ ոստիկանություն, եւ բացի այս տղաներից՝ ԱԱԾ-ում ում են անազատության մեջ պահում:
Եվ այսպես, մեզ հասած տեղեկություններով՝ սպանության համար կալանավորված Տլեի եղբայրը` Դավիթ Հախանումյանը, իր եղբոր եւ նրա ընկերների համար Երեւանում բնակարան է վարձել՝ թերեւս նրանց հնարավորություն ընձեռելով մինչ իրավապահների ձեռքում հայտնվելը թաքնված մնալ: Հավանաբար, նրանք փորձել են այդ ընթացքում իրենց անմեղությունն ապացուցող փաստեր ձեռք բերել, բայց նրանց ծրագրերը խառնվել են:
Մեզ հասած տեղեկություններով՝ ՀՀ ԱԱԾ-ն Սարգիս Հախանումյանի` Տլեի եղբորը` Դավիթ Հախանումյանին, ձերբակալել է, ըստ էության՝ «պատանդ» պահել, որպեսզի կարողանա այդ ճանապարհով տղաներին ստիպել՝ ներկայանալու իրավապահ մարմիններին: Միգուցե այս օպերացիայի արդյունքում էլ Լեւոն Ղազարյանի սպանության համար հետախուզվող Տլեն, Գաստիկը եւ Ծգլը որոշեցին ինքնակամ ներկայանալ ոստիկանություն: Թեեւ չի բացառվում, որ ներկայանալու համար այլ պատճառներ ունեին:
Եւ այստեղ հարց է առաջանում, թե ինչո՞ւ է ԱԱԾ-ն շարունակում անազատության մեջ պահել Տլեի եղբորը` Դավիթ Հախանումյանին՝ նրան փորձելով մեղադրանք առաջադրել սպանության օժանդակողի հատկանիշներով:
Ավելին՝ «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով, երբ օրերս ՀՀ իրավապահ համակարգի բոլոր ներկայացուցիչներն այս սպանության առնչությամբ մասնագիտական քննարկում են կազմակերպել՝ հասկանալու համար, թե ինչ կա այս աղմկալի սպանությունից, Դավիթ Հախանումյանի հարցը եւս քննարկման թեմա է դարձել այն համատեքստով, թե ինչու է այս տղան կալանքի տակ պահվում: Ու քանի որ կոնկրետ եզրահանգման չեն եկել մասնագետները, որոշվել է, որ բոլոր կառույցների ներկայացուցիչները նախ այդ հարցով պետք է իրենց վերադասների հետ քննարկեն, ապա՝ կրկին հավաքվեն կլոր սեղանի շուրջ:
Թե ինչ կպարզվի համապատասխան իրավական կառույցների ուսումնասիրության արդյունքում, եւ ինչ վերջնական որոշման կհանգեն «իրավական համակարգի հայրերը», զարգացումները ցույց կտան: Չի բացառվում, որ առաջիկայում որոշում կայացվի, եւ Տլեի եղբորը, այնուամենայնիվ, ազատ արձակեն:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 
ԵՂԲԱՅՐՆԵՐՆ ՈՒ ՔՈՒՅՐԵՐԸ
Հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ կազմակերպված բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանների կողմից կիրառված բռնությունների արդյունքում մի շարք պաշտոնյաներ ենթարկվել են պատասխանատվության:
Հիշեցնենք, որ նշված օրը ոստիկանները ջրցան մեքենայի օգնությամբ ցրել էին Բաղրամյան պողոտայի ցույցը, ապա բերման ենթարկել ակտիվիստների եւ լրագրողների: Արդյունքում հատուկ քննչական ծառայությունում ակտիվիստների եւ լրագրողների նկատմամբ կիրառված բռնության փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ: Իսկ ոստիկանությունն էլ իր հերթին էր նշանակել ծառայողական քննություն:
Եվ, ահա, 20 օր տեւած ծառայողական քննության արդյունքում ոստիկանությունը պարզել է, որ մի խումբ ծառայողներ թույլ են տվել կարգապահական խախտումներ: Մասնավորապես, հասարակական կարգի պահպանությանն ու անվտանգության ապահովմանը ներգրավված ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացուն բերման ենթարկելիս ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Գ. Աբրահամյանը թույլ է տվել կարգապահական կոպիտ խախտում, ինչի արդյունքում Գ. Աբրահամյանի պաշտոնն իջեցվել է մեկ աստիճանով:
Ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները խախտելու, զսպվածություն չցուցաբերելու եւ ծառայության ընթացքում վայելուչ ու քաղաքակիրթ վարքագիծ չդրսեւորելու համար ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Ա. Մեհրաբյանին հայտարարվել է նկատողություն, իսկ քրեական հետախուզության բաժնի կրտսեր օպերլիազոր Ա. Ղալեչյանին՝ խիստ նկատողություն:
Ուշագրավն այն է, որ ոստիկանության մի շարք պաշտոնյաների նկատմամբ էլ հայտարարվել է խիստ նկատողություն, քանի որ քաղաքացիներին բերման ենթարկելիս գործել են ոչ արհեստավարժ: Ըստ էության, ոստիկանության պաշտոնյաները մոռացել են Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի՝ հուլիսի 13-ին Բաղրամյան պողոտայից քաղաքացիներին ցրելու պահին արված հայտնի արտահայտությունը. «Նրանց տարեք ձեռքերի վրա, գրկեք, տարեք. նրանք մեր քույրերն ու եղբայրներն են»:
Հավելենք, որ Բաղրամյան պողոտայում եւ Ազատության հրապարակում հունիսի 23-ին տեղի ունեցած հավաքների ընթացքում ծառայության ընդգրկված ոստիկանության մյուս ծառայողների գործողությունների եւ քաղաքացիների դիմումների քննարկման մասով ծառայողական քննությունը շարունակում է: Հուսանք, որ այս անգամ պատասխանատվության ենթարկվողները կլինեն ոչ թե ոստիկանության այս կամ այն բաժնի պետի տեղակալը կամ շարքային աշխատակիցը, այլ բանն այնտեղ կհասնի, որ «խոշոր ձկները» եւս կկանգնեն պատասխանատվության առաջ: Օրինակ՝ ՀՀ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

0 ԱՊԱՑՈՒՅՑ
Մինչ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով ձերբակալությունները, ազգային անվտանգության ծառայությունը գաղտնալսել է չորս կասկածյալների հեռախոսազրույցները։ Խաչատրյանի մահափորձը պատվիրելու մեջ մեղադրվող Արա Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը «Ազատությանը» փոխանցել է, որ նախաքննական մարմինն ու դատարանը ազատազրկման որոշում կայացնելու համար հիմնվել են հենց հեռախոսազրույցների վրա, որոնցում, սակայն, որեւէ բառ չկա ո՛չ Սուրիկ Խաչատրյանի, ո՛չ մահափորձի, ո՛չ էլ, առհասարակ, այդ թեմայի մասին։
Փաստաբանը, ով պատրաստվում է հրապարակել այդ զրույցների բովանդակությունը, հայտարարել է, որ դրանք զրո ապացույց պարունակող կենցաղային խոսակցություններ են, նույն հաջողությամբ կարող են մարզպետի սպանությունը պատվիրելու մեջ մեղադրել ցանկացած քաղաքացու:

 

ԹԱՆԿԱԳԻՆ ՆՎԵՐԸ
Հունիսի 25-ին՝ Բաղրամյան պողոտայում «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանի ծննդյան օրը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը վերջինիս արծաթե Աստվածաշունչ է նվիրել: Այս փաստը հայտնի է դարձել միայն երեկ, երբ Շուշանյանը հայտարարել է այդ մասին: Դրան հետեւեցին տարբեր քննադատական հրապարակումներ եւ գրառումներ սոցցանցերում, ինչի կապակցությամբ Շուշանյանը Armlur.am-ին ասել է. «Ինչքան ուզում են, թող քննադատեն: Իսկ ի՞նչ է, ոստիկանապետը մարդ չի՞: Նախ առաջինը՝ Աստվածաշունչ էր, չէի կարող չընդունել: Երկրորդը` այդ օրը լիքը մարդ ինձ նվեր է տվել, դե, թող ասեն` այսինչ մարդուց նվեր ես վերցրել, ինչո՞ւ չեն ասում»:

 

ԴԻԱԿԸ ԲՆԱԿԱՐԱՆՈՒՄ
Երեկ Երեւան քաղաքի Օհանովի փողոցի թիվ 17 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 1969թ-ին ծնված Համլետ Ասատրյանի դիակը` պարանոցի շրջանում հրազենային վնասվածքներով: Դեպքի վայրի զննությամբ տան ննջասենյակի պահարանի միջից հայտնաբերվել է 10 սմ երկարությամբ սեւ գույնի ատրճանակ: Քննությամբ պարզվել է, որ ազգությամբ հայ Համլետ Ասատրյանը ՌԴ քաղաքացի է, ով Երեւան է եկել 2015թ-ի հուլիսի 9-ին եւ բնակվել նշված բնակարանում։ Դիակը հայտնաբերել է նրա կնոջ եղբայրը՝ Գ. Հայրոյանը, ով անհանգստանալով, որ Հ. Ասատրյանն իրեն չի զանգահարել եւ չի պատասխանել հեռախոսազանգերին, գնացել է նշված բնակարան, իր բանալիով բացել բնակարանի մուտքի դուռը եւ նախասրահում տեսել Հ. Ասատրյանի դին` արնաշաղախ վիճակում:




Լրահոս