ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՐ, ԲԱՅՑ ԶԱՆԳԵԼ Է. Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն իսկական գլխացավանք է դարձել հայրենի իրավապահների համար: Նրա որդու մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի գործի քննության պատասխանատվությունը երկու իրավապահ մարմինները սկսել են միմյանց վրա գցել:

Հուլիսի 10-ին «ՀԺ»-ն հրապարակել էր, որ մայիսի 2-ին Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով դատախազներից մեկը փորձել է ներազդել տուժողների վրա: Հրապարակումից հետո ՀՀ քննչական կոմիտեն միջնորդություն է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին դատախազներից մեկի գործողությունները քննարկման առարկա դարձնելու վերաբերյալ:
Պարզվում է, որ այս գործը հսկող դատախազներից մեկը զանգահարել է տուժող կողմին՝ այս դեպքում Զաքարյանների ընտանիքի անդամներից որեւէ մեկին, եւ փորձել ներազդել նրանց վրա, ինչի մասին նախաքննական մարմինը տեղեկացել է եւ համապատասխան միջնորդություն ներկայացրել պաշտոնյայի վերադասին: Իսկ ի՞նչ է պատահել իրականում, ո՞վ է զանգահարել տուժողներին եւ կոնկրետ ի՞նչ է ասել նրանց՝ փորձելով մարզպետի որդուն «պլստացնել» գործից:
«Ժողովուրդ»-ին այս գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել: Նախ փորձեցինք տուժող Հարութ Զաքարյանի մորից՝ Անահիտից, պարզել, թե ինչ է խոսել դատախազը իրենց հետ: Վերջինս հայտնեց, որ դատախազը իսկապես զանգահարել է, միայն հարցրել. «Հարությունը ե՞րբ է գալու, առողջականը ո՞նց է, ի՞նչ տեղեկություն ունենք նրա վիճակի մասին: Այդքան բան, ուրիշ ավելորդ բան չի ասել այդ մարդը»:
Առաջին տպավորությունն այնպիսին է, որ դատախազը, միգուցե, «խիստ մտահոգված է» եղել տուժող Հարությունի առողջական վիճակով եւ մարդասիրական քայլ է արել՝ հետաքրքրվելով նրա առողջական վիճակով, սակայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ դատախազի լիազորությունների մեջ ամենեւին էլ չի մտնում նման զգացմունքային գործառույթը: Նա չպետք է կապ հաստատեր տուժողների հետ՝ թեկուզ հետաքրքրվելու համար:
Իսկ հիմա ինչ որոշում կկայացնի ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը իր ենթակայի մասին, թերեւս դժվար չէ կռահել՝ հաշվի առնելով իր եւ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի միջեւ առկա լարված հարաբերությունները:
Ինչպես հայտնի է՝ Կոստանյանն ամեն ինչ անում է՝ քննիչների գործունեության մեջ թերություններ գտնելու եւ նրանց նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար: Եւ, ահա, Աղվան Հովսեփյանն էլ իր հերթին, հենց առիթ է լինում, դատախազների գործունեության թերություններն է «երեսով տալիս»:
Բայց այս դեպքում դատախազին քրեական գործն ուղղորդողի դերը վերապահելը առավել հեռուն գնացող քայլ է, քանի որ, ըստ էության, քննչական կոմիտեն փորձում է այդ քայլով մարզպետի որդու հետագա պատժից խուսափելու հեռանկարը բարդել դատախազի վրա: Ու եթե առաջիկայում տուժող Զաքարյանները չտան անհրաժեշտ ու գործի մասով այդքան սպասված ճակատագրական ցուցմունքը, ապա Սուրեն Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, կարող է ազատվել պատասխանատվության կրումից, իսկ ողջ մեղքը կբարդվի դատախազի վրա: Դե, իհարկե, հենց նա էր զանգահարել եւ ուղղորդել գործի ընթացքը, ու ամեն ինչ փչացավ:
Բայց հաշվի առնելով այն իրողությունը, որ տուժողի մայրը վստահեցնում է, թե դատախազը ավելորդ բան թույլ չի տվել եւ ընդամենը հետաքրքրվել է իր որդու առողջությամբ, ըստ ամենյանի, դատախազ Կոստանյանը միջնորդությանը դրական արձագանք չի տա, գուցե թողնի անհետեւանք:
Ամեն դեպքում, հետաքրքիր զարգացումներ են սպասվում այս գործով:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՋՈՒՐԸ` ՄԵԿ ԱՄՍԻՑ
Հունիսի 29-ին Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Կիրանց գյուղում տեղի է ունեցել Հայաստան համահայկական հիմնադրամի 180 միլիոն դրամ ֆինանսավորմամբ կառուցված Սրանոցի ջրագծի բացման հանդիսավոր արարողությունը: 6.5 կմ երկարությամբ ոռոգման ջրագծի միջոցով կոռոգվեն Կիրանցի 100 հա հողերն ու հարեւան Աճարկուտի տարածքները: Ջրագիծը սկիզբ է առնում նշանավոր Առաքելոց վանքից մոտ 1 կմ վերեւ բարձունքից: Բացման հանդիսավոր միջոցառման ժամանակ Կիրանց համայնքի ղեկավար Հմայակ Նազարյանը արգենտինահայ բարերար Քիրքոր Շիմշիրողլուին շնորհել է Կիրանցի պատվավոր քաղաքացու կոչում: Նշենք, որ առայժմ ջրագիծը չի գործում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում գյուղապետն ասաց, որ այս տարվա հորդառատ անձրեւների պատճառով որոշ խնդիրներ են առաջացել ջրագծի ամբարտակում: Նազարյանի խոսքերով՝ շինարարական աշխատանքները կավարտվեն մեկ ամսից, եւ ինքնահոս ջրագիծը կգործի:

 

ՏՆԱԿԱՆ ՕՂԻՆ ԷԼ ԹԱՆԿԱՑԱՎ
Նոյեմբերյան քաղաքում վերջին օրերին տնական օղին թանկացել է: Եթե տարբեր մրգերից պատրաստված մեկ լիտր տնական օղին քաղաքի մթերային խանութներում նախկինում վաճառվում էր 1500 դրամով, ապա այժմ այն 2000 դրամ է եւ ավել: Խանութպանները, ովքեր հիմնականում տնական օղու վերավաճառողներ են, որպես մրգօղու թանկացման պատճառ նշեցին հակակարկտային կայանների բացակայության արդյունքում բերքի` կիսով չափ ոչնչացումը: Բացի այդ` տնական օղին թորելիս մեծ քանակի վառելափայտ է ծախսվում, իսկ փայտի գինն էլ վերջին տարիներին բարձրացել է:

 

ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ Է ԴԻՐՔԻ ԱՎԱԳԻՆ
Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչ, 1996թ. ծնված Արման Ենոքյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի ժամկետային զինծառայող՝ 2014թ. դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15.30-ի սահմաններում, զինվորական ծառայության պարտականությունների կատարման՝ մաքրության աշխատանքներից հրաժարվելու պատճառով դիտողություն ստանալու համար վիճաբանել է նույն դիրքի ավագ, իր նկատմամբ պետ հանդիսացող Հայկ Դավթյանի հետ, որի ընթացքում խոհանոցային դանակով երկու անգամ հարվածել է նրա ձախ թիակի շրջանին՝ վերջինիս պատճառելով առողջության կարճատեւ քայքայումով վնաս: Ա. Ենոքյանի հանդեպ որպես խափանման միջոց կիրառվել է գրավը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358 հոդվածի 3-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով: Սույն հոդվածը նախատեսում է 4-8 տարի ազատազրկում: Այս քրեական գործով դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 
ՎԱՏԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ
Ոչ միայն Հունաստանը, այլ նաեւ աշխարհի այլ երկրները եւս կանգնած են արտաքին պարտքի ճգնաժամի սպառնալիքի առջեւ: Այս մասին նշվում է Հիթեր Ստյուարտի հոդվածում, որը հրապարակել է Business Insider-ը: Նրանց ներկայացված նոր վերլուծությունից պարզ է դառնում, որ մոլորակի ավելի քան 20 երկրներ եւս պայքարում են իրենց պարտքային ճգնաժամի դեմ:
Շատ այլ երկրներ գտնվում են արտաքին պարտքի ճգնաժամի ռիսկային գոտում. տնտեսական անկումը կամ տոկոսադրույքների անսպասելի փոփոխությունը կարող է հանգեցնել աղետի: Հոդվածում մեջբերվում է այն երկրների ցուցակը, որոնք այժմ արտաքին պարտքի ճգնաժամ են ապրում: Հունաստանից բացի՝ այդ երկրների թվում են նաեւ Հայաստանը, Խորվաթիան, Կիպրոսը, Իռլանդիան, Լիբանանը, Մակեդոնիան, Պորտուգալիան, Իսպանիան, Ուկրաինան, Սուդանը, Շրի Լանկան եւ այլ պետություններ: Ըստ «Jubilee Debt Campaign»-ի՝ ճգնաժամի բարձր ռիսկային գոտում են այն պետությունները, որոնց մաքուր պարտքը գերազանցում է երկրի ՀՆԱ-ի 30%-ը:

 

 

ԽԱՉԻԿԻ ՏՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԸ
Երբ մեկնարկում է ամառային հանգստի սեզոնը, Նոր Նորքի մի քանի զանգվածների բնակիչները պետք է ամռան տապին երազեն լողանալու, լվացք անելու, ճաշ եփելու եւ, առհասարակ, խմելու ջրի մասին: Իսկ միակ պատճառն այն է, որ իր աշխատանքն է սկսում «Ջրաշխարհ» զվարճանքների համալիրը: Համենայն դեպս, Մասիվի բնակիչները իրենց ջուր չունենալը պատճառաբանում են բացառապես սեզոնին «Ջրաշխարհի» աշխատանքների վերսկսումով: «Բա ո՞նց է լինում, որ տարվա մյուս եղանակներին նորմալ ջուր ունենք, երբեք ջուրը չեն անջատում, երբ ուզում ես, որ ժամին ուզում ես՝ կարող ես քո գործերով զբաղվել, բայց հենց ամառը գալիս է, «Ջրաշխարհը» սկսում է իր աշխատանքը, մեր ջրերը կտրվում են»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում դժգոհել է Նոր Նորքի առաջին զանգվածի բնակչուհի Ռուզաննան՝ հավելելով, որ «հանցագործություն է ամռան տապին ջրերն անջատելը»: «Բանուգործներս թողած՝ ամբողջ գիշեր տան բոլոր տարաները ջուր լցնելով ենք զբաղված: Սա ի՞նչ ապրելու ձեւ է: Թող էդ նույն «Ջրաշխարհի» տերերը մեկ օր մեր ապրած օրով ապրեն, տեսնենք՝ կդիմանա՞ն»,- բողոքել է Ռուզաննան:
Հարակից շենքի բնակիչներից մեկն էլ պատմել է, որ ջուր չունենալու պատճառով այնպիսի հակահիգիենիկ վիճակ է ստեղծվել, որ բնակիչներից շատերը բնական կարիքները հարկադրված հոգում են տոպրակների մեջ ու նետում աղբանոցը:
Հիշեցնենք, որ Խաչիկ Խաչատրյանը նույն ձվերի Խաչիկ անունով հայտնի գործարարն է, որը «Ժողովուրդ» օրաթերթից դատարանի միջոցով պարտադրում է գանձել մոտ 2 մլն դրամ՝ որպես իր կորսված արժանապատվության գին:




Լրահոս