Ո՞Ր ԹԵՄԱՆԵՐՈՎ ԳՐՔԵՐՆ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ ԲԵՍԹՍԵԼԵՐՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ընթերցողները հնարավորություն ունեն ծանոթանալու երեւանյան բեսթսելերների ցուցակին, տեղեկանալու, թե որ հեղինակների ստեղծագործություններն են մեզ մոտ ամենաշատ սպառվողը: Թե՛ արտասահմանցի, թե՛ հայաստանցի հեղինակների շրջանում մենք կարող ենք հանդիպել ե՛ւ անունների, որոնք մշտապես հայտնվում են այդ աղյուսակներում, ե՛ւ նորահայտ հեղինակների, որոնք մեծ մասսայականություն չեն վայելում: «Ժողովուրդ»-ը հետաքրքրվել է` որ թեմաներով ստեղծագործություններն են Հայաստանում հավակնում դառնալ բեսթսելերներ, դրանցից որոնք են սպառում հայ ընթերցողները եւ որ պարագայում:

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի խոսքով` Հայաստանում, բացի «գողական» ոլորտը ներկայացնող գործից, ոչ մի գիրք չի կարող դառնալ բեսթսելեր: «Ըստ տրամաբանության, եթե երիտասարդն ուզում է հաջողության հասնել, նա պետք է գիրք կարդա, բայց երբ նա հայացք է գցում իշխանական բուրգ կազմող առաջին տասը պաշտոնյաներին, որոնք գիտելիք չունենալով են հասել այդ պաշտոններին, ստիմուլը վերանում է: Նա տեսնում է, որ հանցավոր ճանապարհով հասնում են հաջողության, ուզում է հասկանալ` այդ ոնց, եւ կարդում է օրենքով գող Սվո Ռաֆի մասին գիրքը»,-մեկնաբանեց նա` հավելելով, որ այդ գիրքն, իր տեղեկություններով, Հայաստանում ընդհանուր առմամբ վաճառվել է 200 հազար օրինակով: Ա. Մարտիրոսյանի խոսքով՝ իրենց հրատարակած բեսթսելերների վաճառքը հազարապատիկ զիջում է այդ ցուցանիշին:
Մեր այն հարցին, թե էլի որ թեմաներով գրքերն են սպառվում հայ հասարակության շրջանում, հրատարակչության տնօրենը պատասխանեց, որ դրանց մաս են կազմում ստիպողաբար սպառվող գրականությունը (դպրոցներում եւ բուհերում), սիրավեպերը, դեդեկտիվները:
Ինչ վերաբերում է հայ հեղինակների ստեղծագործություններին, ապա «Անտարես»-ի հրատարակած ամենասպառվող գրքերի հեղինակներից Ա. Մարտիրոսյանն առանձնացրեց Արամ Պաչյանին, Հրաչյա Սարիբեկյանին, Արմեն Օհանյանին` շեշտելով, որ խոսքը հոժարակամ վաճառվող գրականության մասին է:
Գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը, որի «Սուլամիթա. Սեւակի մեծ սերը» սկանդալային գիրքն արդեն մի քանի տարի է` երեւանյան բեսթսելերների ցանկում է, այն համոզման է, որ բեսթսելեր դառնալու հավակնություններ կարող են ունենալ ինչպես հրաշալի ստեղծագործությունները, այնպես էլ որեւէ էժանագին շարադրանք. մնում է սպասել ու տեսնել, թե դրանցից որ մեկը կբռնի ժամանակի քննությունը:
«Արտահայտությունը, թե «գրքերն իրենց ճակատագիրն ունեն», մեծամասամբ ճիշտ է: Շատ դեպքերում այդ ճակատագիրը որոշում են պարզագույն հանգամանքները, իրավիճակային տրամադրությունները, լավ կազմակերպված գովազդը: Սակայն ցանկացած խելացի ընթերցող հասկանում է, որ գրքի սպառման ցուցանիշները դեռեւս չեն խոսում ստեղծագործության արժանիքների մասին: Գրականության պարագայում վիճակագրությունը մեծ հաշվով ոչինչ չի նշանակում: Հեղինակը, ով երազում է իր գիրքը տեսնել բեսթսելերների շարքում, արդեն իսկ ձախողված է: Եթե նույնիսկ նրան հաջողվի շահած դուրս գալ սպառման ոլորտում, ապա իբրեւ արվեստագետ նա մնալու է ընչազուրկ»,-մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց նա:
Գրող Վահրամ Մարտիրոսյանն էլ, որի «Սերը Մոսկվայում» վեպը կարճ ժամանակում հասցրեց գլխավորել երեւանյան բեսթսելերների աղյուսակը, մեզ հետ զրույցում նշեց, որ ընթերցողների վստահությունը շահելու համար կարեւոր է, որ հեղինակն ինչ-որ չափով հայտնի, հետաքրքիր լինի իրենց. «Մեր ժամանակներում կան գրողներ, որոնք սպանության, իշխանափոխության, պառլամենտում գնդակահարության պայմաններում ձուկ են, ծպտուն չեն հանում, մարդիկ մշակույթի ոլորտի տվյալ ներկայացուցչին պետք է ընկալեն որպես մեկը, ով պարբերաբար արտահայտում է իր ճիշտ թե սխալ կարծիքը»,-ասաց նա:
Գրողի խոսքով` կարեւոր հանգամանքներից մեկն էլ արվեստում նորություն մտցնելն է. «Եթե դա նորություն չէ, ուրեմն գողություն է: «Սերը Մոսկվայում» գիրքն, օրինակ, պարունակում է այդ նորությունը: Ես այն գրել եմ երկու-երեք տարում, մի երեք տարում էլ ինքս ինձ չեմ վստահել, որ հանձնեմ այն շուկային»,-անկեղծացավ Վ. Մարտիրոսյանը:
Նա պատմեց, որ երբ ինքը տպագրել էր «Հանուն խաչի ծպտվածները» պատմավեպը, այդ ժամանակահատվածում, ըստ հանրային հարցումների, պատմավեպերն իրենց սպառմամբ առաջին տեղում էին. «Բայց այդ գրքի սպառումը շատ աշխույժ կերպով չեղավ: Դա նշանակում է, որ մեր հանրային գիտակցության մեջ կան երկակի չափանիշներ. մարդիկ իրենց համարում են պատմավեպ սիրող, բայց չեն գնում այն», -նկատեց նա` հավելելով, որ կրկնուսույցների մոտ գալիք սերնդին հարկավոր է մշակութային գրագիտություն սովորեցնել, գործիքներ տալ` լավը վատից, շաբլոնից, պրիմիտիվից տարբերակելու համար:

 

 

 

 

ՈՐՏԵ՞Ղ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս ԿՀԱՆԳՍՏԱՆԱՆ ՀԱՅ ՀԱՅՏՆԻՆԵՐԸ. ՄԱՍ 4

«Ժողովուրդ»-ը, շարժվելով ամառային տրամադրությանը համընթաց եւ բավարարելով ընթերցողների հետաքրքրասիրությունը, շարունակում է ներկայացնել, թե հայ հայտնիներն այս եղանակին որտեղ են պատրաստվում կազմակերպել իրենց հանգիստը, լիցքաթափման որ տեսակն են նախընտրում եւ ում հետ են սիրում վայելել այդ ազատ ժամանակը:

Երգիչ Գրիգոր Կյոկչյանը թեեւ շատ կուզենար այս ամառ լինել Սինգապուրում, Սիդնեյում, Ռիո դե Ժանեյրոյում եւ Տոկիոյում, սակայն հանգիստն անցկացնելու է Յալտայում, Ղրիմ թերակղզում: «Մանկական «Նոր ալիք» մրցույթին ներկայանալու եմ որպես հայաստանյան պատվիրակության երաժշտական պրոդյուսեր, այնպես որ օգոստոսի 1-13-ը լինելու եմ Սեւ ծովի ամենատպավորիչ ափին»,-տեղեկացրեց նա:
Գրիգորի խոսքով` ինքն ակտիվ հանգստի մոլի սիրահար է. «Խաղեր, էքստրիմ, ատրակցիոններ, օդապարիկ. այն ամենն, ինչ կապված է ադրենալինի հետ, ինձ համար է»,-նշեց նա:
Գրիգորը հանգստի վայրում նոր ծանոթություններ հաստատելու կողմնակից է: «Եթե անգամ միայնակ լինեմ հանգստի վայրում, մի քանի ժամում կընկերանամ անծանոթների հետ, անկախ սեռից ու տարիքից ինձ համար կգտնեմ զրուցակիցներ, հատկապես` արտասահմանում, որտեղ ապրում են բարդույթներից զուրկ երիտասարդներ»,-ասաց նա:
Երգիչ, գործիքավորող Գուժն էլ մտադիր է ավելի ուշ մեկնել հանգստի, նա ծրագրում է լինել ՌԴ Պիտիգորսկ քաղաքում: «Առհասարակ, նախընտրում եմ լեռնային եւ ծովային հանգստի տեսակները: Եղել եմ կովկասյան մի շարք լեռներում, մասնակցել եմ արշավների եւ կարող եմ ասել, որ դա բոլորովին այլ, սուր զգացողություն է: Իհարկե, սիրում եմ նաեւ ծովափնյա հանգիստը, բնության գիրկը, ավազը»,-պատմեց նա:
Գուժի խոսքով, քանի որ ինքն ամբողջ օրը պասիվ ֆիզիկական վիճակում է, նախընտրում է հանգիստն անցկացնել ակտիվ միջավայրում. «Ինձ համար հենց ֆիզիկական ակտիվությունն է հանգստանալը»,-ասաց երգիչը` հավելելով, որ սովորաբար հանգստի մեկնում է ընտանիքի անդամների եւ ընկերների հետ, բնության գրկում լինելուց զատ` չի մոռանում այցելել նաեւ մշակութային օջախներ:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀՈՒԶԵԼ Է ՄՈՒՏԻԻՆ
«Ես շատ եմ ճանապարհորդում աշխարհում, եւ ընդունելությունը միշտ շատ լավն է լինում, բայց Հայաստանում ավելի շատ հուզվեցի, քան որեւիցե այլ տեղ, քանի որ այստեղ կա դաստիարակություն, հարգանք եւ սեր, որն ինձ տվեցիք, շնորհակալություն»,-այս խոսքերով հանդես եկավ «Ոսկե ծիրան» երեւանյան 12-րդ միջազգային կինոփառատոնի հատուկ հյուր, համաշխարհային կինոյի աստղ Օռնելա Մուտին «Սվանի սերը» ¥Swann in Love, 1982¤ կինոնկարի երեւանյան պրեմիերային ¥ռեժիսոր՝ Ֆոլքեր Շլյոնդորֆ¤:
Նա, խոսելով անգլերեն եւ իտալերեն լեզուներով, կես կատակ-կես լուրջ նկատեց, որ Հայաստանում մարդիկ խոսում են ամենատարբեր լեզուներով, ինչը շատ լավ է:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի հայկական ծրագրերի համակարգող, կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանն էլ բեմից խոսելիս խոստովանեց, որ օրերս փորձել է հասկանալ, թե ինչ է նշանակում լինել աստղ. «Կարմիր գորգի վրա հնարավորություն եւ պատիվ ունեցա մի քանի հարց ուղղել Օռնելա Մուտիին եւ հասկացա, թե ինչ է նշանակում լինել աստղ. աստղը էներգիա է, էներգիա, որը չի ճանաչում տարածություն եւ ժամանակ»,-ասաց նա:

 

ՎԵՐՆՈՅԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Փարիզի փողոցներից մեկում տեղադրվել է վահանակ՝ նվիրված ֆրանսահայ հայտնի ռեժիսոր Անրի Վերնոյին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Նուվել դե Արմենինե»-ն, վահանակը պատմում է Վերնոյի եւ նրա «Կովը եւ զինվորը» ստեղծագործության մասին: Վահանակը բացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում: Ավելի ուշ տեղադրված վահանակին հարող հրապարակում ցուցադրվել է Վերնոյի ֆիլմը:

 

ՊՈՒԳԱՉՈՎԱՅԻՆ «ՄԵՌՑՐԵԼ ԵՆ»
Ռուսական էստրադայի լեգենդ Ալլա Պուգաչովայի ներկայացուցիչը հերքել է երգչուհու մահվան մասին լուրերը:
Բանն այն է, որ ռուսական ԶԼՄ-ներն օրերս երգչուհու անժամանակ մահվան մասին լուրեր էին տարածել: Նշվում էր, թե երգչուհու մահվան պատճառ է հանդիսացել սրտի կաթվածը:
Պրիմադոննայի մենեջեր Ելենա Չուպրակավան ԶԼՄ-ների հետ զրույցում հերքել է Ալլա Պուգաչովայի մահվան մասին լուրերը՝ մանրամասնելով, որ ստահոդ տեղեկությունների տարածման սկզբնաղբյուրն ուկրաինական ԶԼՄ-ներն են:
«Իհարկե, դա զառանցանք է: Ալլա Բորիսովնան ողջ եւ առողջ է»,-հայտարարել է Ելենա Չուպրավական՝ հավելելով, որ երգչուհու մոտ ամեն բան կարգին է:




Լրահոս