ԻՍԿ ՀՀ ԱԳՆ-Ն ՈՒՂՏԻ ԱԿԱՆՋՈՒՄ ՔՆԱԾ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին Մոսկվայում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ռուսական «Վեդոմոստի»-ի թղթակցի հետ հարցազրույցի ընթացքում, անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Հայաստանը պետք է ազատի Ադրբեջանի տարածքները, որոնք ԼՂՀ հակամարտությունից առաջ Ղարաբաղի վարչական տարածքի մեջ չեն եղել, ասել է. «Օկուպացված տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին՝ համալիր կարգավորման շրջանակում: Այստեղ կարեւոր է չկենտրոնանալ կարգավորման մեկ սկզբունքի կամ տարրի վրա: Տարածքները պետք է վերադարձվեն, սակայն կան նաեւ այլ գործոններ»: Ու քանի որ նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հավաքվել էին Մոսկվայում` ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ խորհրդակցելու համար, ուստի Ջեյմս Ուորլիքը նշված հարցազրույցի ընթացքում ասել է նաեւ, որ իրենք քննարկել են այն հարցերը, որոնց մասին խոսվում է արդեն 10 տարի: «Դրանց շարքում էին ԼՂ-ին կից տարածքների վերադարձի հարցը, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը, փախստականների հետ կապված իրավիճակը եւ անվտանգության երաշխիքները»,- ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը: Այն փաստը, որ ամերիկացի դիվանագետը արդեն բաց տեքստով է խոսում տարածքների վերադարձի մասին, Հայաստանի դիվանագիտության հերթական ձախողման վառ ապացույց է: Հետաքրքիր է, իսկ այս ընթացքում ինչով է զբաղված ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Ինչպես միշտ, երբ Հայաստանի վերաբերյալ կարեւոր հայտարարություն է հնչում, ԱԳՆ-ի ծպտունը դուրս չի գալիս, քանի որ Էդվարդ Նալբանդյանի մոտ միակ բանը, որ ստացվում է, բիզնես դասով շրջագայելն է:

 

 

 

Ինչպես հայտնի է՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով մի շարք ոստիկաններ նախօրեին ենթարկվել են կարգապահական տույժերի` հունիսի 23-ի վաղ առավոտյան Բաղրամյան պողոտայի նստացույցը ցրելիս «կարգապահական խախտումներ» թույլ տալու համար: Մասնավորապես տույժի ենթարկվածներից ոստիկանության Երեւանի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Մեհրաբյանին նկատողություն է հայտարարվել` «ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները խախտելու, զսպվածություն չցուցաբերելու եւ ծառայության ընթացքում վայելուչ ու քաղաքակիրթ վարքագիծ չդրսեւորելու» համար: Եթե Մեհրաբյանի գործողությունները բնորոշենք իրավական լեզվով, ապա պետք է ասենք, որ նա խուլիգանություն է կատարել: Կասկածից վեր է, որ եթե որեւէ շարքային քաղաքացի փողոցում իրեն դրսեւորեր այնպես, ինչպես Արթուր Մեհրաբյանը, ապա անմիջապես խուլիգանության մեղադրանք կառաջադրվեր, ոչ թե կասեին՝ զսպվածություն չի դրսեւորել, քաղաքակիրթ չի պահել եւ այսպես շարունակ: Մեհրաբյանի տխուր անցյալի մասին՝ 4-րդ էջում:

 

 

 
Հայաստանի կապի ոլորտում առաջիկայում հնարավոր է՝ խոշոր միաձուլման գործարք արձանագրվի: Տնտեսական շրջանակներում լուրեր են շրջանառվում այն մասին, որ «Յուքոմ» եւ «Օրանժ-Արմենիա» ընկերություններն առաջիկայում կարող են միավորվել: Հավանական տարբերակն այն է, որ «Յուքոմ»-ը կգնի «Օրանժ-Արմենիան» եւ իր ծառայությունների ցանկում կավելացնի նաեւ բջջային կապի սեգմենտը: Սակայն մյուս կողմից, ինչպես «Ժողովուրդ»-ը գրել էր, «Յուքոմ» ընկերության բաժնետերերից Արամ Խաչատրյանը (ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի որդին) պատրաստվում է իր բաժնեմասը վաճառել Հայկ Եսայանին եւ Ալեքսանդր Եսայանին, որոնք համապատասխանաբար զբաղեցնում են «Յուքոմ»-ի տնօրենի եւ արտաքին կապերի գծով տնօրենի պաշտոնները: Բնականաբար, հարց է ծագում, եթե Խաչատրյանների ընտանիքը որոշել է գնել «Օրանժը», ապա «Յուքոմի» իրենց բաժնետոմսերի մի մասն ինչու են տալիս Եսայաններին: Ի դեպ, մեզ առայժմ չի հաջողվում հնարավոր գործարքի վերաբերյալ «Օրանժից» եւ «Յուքոմից» մեկնաբանություն ստանալ:

 

 

 
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել: Ուշագրավն այն է, որ այս մասին լուրերի տարածվելուց անմիջապես հետո նախագահական կայքը հրապարակեց Սերժ Սարգսյանի հրամանագիրը` Հովհաննես Մանուկյանին արդարադատության նախարարի պաշտոնից ազատելու մասին: Այս պաշտոնանկությունը, մեղմ ասած, անակնկալ էր բոլորի համար: Բայց «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Մանուկյանի շրջապատի համար լուրն այնքան էլ անակնկալ չէր, քանի որ վերջին շրջանում նա հաճախ էր փնթփնթում, թե հոգնել է այդ համակարգում աշխատելուց, իզուր թողեց դիվանագետի հանգիստ աշխատանքը եւ մտավ ՀՀ Կառավարության կազմ: Ի դեպ, Հովհաննես Մանուկյանը գտնվում էր արձակուրդում, ինչը նշանակում է, որ նրա ազատման հրամանը կայացվել է հապճեպ՝ ինչ-որ խնդրով պայմանավորված: Թե կոնկրետ ինչ է եղել, դեռ հայտնի չէ, համենայնդեպս, նախարարն իր վստահելիներին միայն ասել է, թե գնում է՝ ինչու-ի մասին գերադասելով առայժմ լռել:

 

 

 

 

ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Իրանի միջուկային ծրագրի հարցով Վիեննայում 18 օր ընթացող բանակցություններն ավարտվեցին: Երեկ հայտնի դարձավ, որ Մեծ Վեցնյակը եւ Իրանը եկել են վերջնական համաձայնության, ինչի շուրջ աշխատանքները թեւակոխել էին հանգուցային փուլ` այս տարվա ապրիլի 2-ին Լոզանում ձեռք բերված պատմական համաձայնությունից հետո: Իրանի ապամեկուսացումը բոլորովին նոր աշխարհաքաղաքական իրավիճակ է ստեղծում, որը էական փոփոխություններ է ներմուծելու ինչպես համաշխարհային քաղաքական եւ տնտեսական համակարգերում, այնպես էլ մեր տարածաշրջանում եւ կոնկրետ հայ-իրանական հարաբերություններում:
Հատկապես վերջինի հետ կապված ոչ միանշանակ փոփոխությունների պետք է սպասել, քանի որ Իրանի ապամեկուսացումը մի կողմից նոր հնարավորություններ է ստեղծում հայ-իրանական տնտեսական հարաբերությունների խորացման համար, այդ թվում եւ այնպիսի գլոբալ տնտեսական նախագծերում, ինչպես իրանական էներգակիրները դեպի Եվրոպա հասցնող տարանցիկ խողովակաշարերի կառուցումն է: Մյուս կողմից, սակայն, սրանից հետո զգալիորեն նվազում է ՀՀ-ի նշանակությունը Իրանի համար, քանի որ եթե մինչ այս պատժամիջոցների տակ գտնվող մեկուսացված մեր հարեւանի համար ՀՀ-ն կարեւոր պատուհան էր դեպի արտաքին աշխարհ, ապա հիմա այլեւս այդ պատուհանի կարիքը չկա, քանի որ սահմանափակող պատերն ինքնին փլուզվում են, եւ այսուհետ Իրանն այլեւս ազատ է իր հաղորդակցություններում եւ տնտեսական հարաբերություններում տարածաշրջանի ցանկացած երկրի հետ, ինչը նշանակում է, որ Հայաստանը պետք է լրացուցիչ ջանքեր գործադրի` իր կարեւորությունը եւ նախապատվելիությունը պահպանելու համար:
Ունենք մենք արդյոք համապատասխան ռեսուրսներ` այո, միանշանակ ունենք: Թե՛ զուտ աշխարհագրական դիրքը, թե՛ տարբեր էթնիկ-քաղաքական գործոններ հանդես են գալիս հօգուտ ՀՀ-ի` ապագայի հնարավոր խոշորածավալ տարանցիկ ծրագրերը հենց մեր երկրի տարածքով իրականացնելու համար: Այս հարցում լրացուցիչ դրական ազդեցություն կարող է ունենալ Չինաստանի շահագրգռությունը Մետաքսի ճանապարհով գլոբալ հաղորդակցուղիների կառուցման շուրջ, ինչի հետ կապված, եթե հիշում ենք, այս տարվա մարտի վերջին Սերժ Սարգսյանի` Չինաստան կատարած այցի ընթացքում շատ լուրջ եւ խոստումնալից համաձայնագրեր ստորագրվեցին: Եվ պատահական չէ, որ դրանից հետո Ս. Սարգսյանը ԵՏՄ բոլոր գագաթնաժողովներում խոսում է եվրասիական տնտեսական ծրագրերում Իրանի եւ Չինաստանի լայնածավալ ներգրավման անհրաժեշտության մասին` այդպիսով փորձ անելով մեղմել ՌԴ-ի հնարավոր հակազդեցությունը հայ-իրանական առաջիկա ծրագրերին:
Ամեն դեպքում, Իրանի վերադարձը միջազգային տնտեսական հարթակ մեզ համար ավելի շատ նոր հնարավորություններ, քան մարտահրավերներ է ստեղծում, եւ ճշգրիտ քաղաքականություն տանելու դեպքում ՀՀ-ն կարող է դրական պտուղներ քաղել եւ շեշտակիորեն մեծացնել իր տնտեսական եւ քաղաքական անվտանգության աստիճանը:




Լրահոս