ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանը «ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ Հայաստանում ընթացող զարգացումներին չի հետեւում ու, առհասարակ, չի հետաքրքրվում երկրում տեղի ունեցող իրադարձություններով: Մեր զրուցակիցը նշեց, որ այս պահին չի ցանկանում աշխատել, բայց առաջիկայի համար նման պլաններ կան: Հովհաննես Թամամյանը հայտնեց, որ ներկայումս գտնվում է Ծաղկաձորում եւ հանգստանում է իր ընտանիքի անդամների հետ:
Հիշեցնենք, որ 2011թ. փետրվարի 26-ին Հայաստանի նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրամանով ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանը ազատվեց զբաղեցրած պաշտոնից եւ գրանցվեց կադրերի ռեզերվում:
Իսկ արդեն 2012 թվականի մարտին Թամամյանը դատապարտվեց չորս տարվա ազատազրկման: Նա մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ) եւ անազատության մեջ էր գտնվում 2011 թվականից: 2013 թվականին, սակայն, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետը պայմանական վաղաժամկետ ազատ արձակվեց: Անկախության 22-րդ տարեդարձի առթիվ հայտարարված համաներումը տարածվեց նաեւ 2011-ի մարտից անազատության մեջ գտնվող Հովհաննես Թամամյանի վրա:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի հետ՝ պարզելու համար, թե արդյո՞ք նա չի պատրաստվում կրկին վերադառնալ ոստիկանության համակարգ:
-Պարո՛ն Թամամյան, ազատազրկումից հետո հայտարարեցիք, որ որեւէ գործունեությամբ չեք զբաղվելու, հանգստանալու եք, որից հետո միայն կորոշեք, թե ինչ աշխատանքով եք ցանկանում զբաղվել: Արդեն բավական երկար ժամանակ է անցել, որոշում կայացրե՞լ եք, թե ինչով եք զբաղվելու առաջիկայում, արդյո՞ք ցանկանում եք կրկին աշխատել համակարգում:
-Ես 39 տարի աշխատել եմ, իրավունք ունեմ մեկ տարի էլ, երկու տարի էլ, հինգ տարի էլ հանգստանալ: Ի՞նչ է՝ երիտասարդ թոշակառու չի՞ լինում: Ես աշխատել եմ 39 տարի, բայց, իհարկե, աշխատելու պլաններ կան, առողջ մարդը մշտապես աշխատելու հետ խնդիրներ չի ունենում, աշխատում է հաճույքով:
-Այսինքն՝ չե՞ք բացառում վերադարձը ոստիկանության համակարգ, նման ցանկություն ունե՞ք:
-Ես որեւէ բան չեմ որոշել, ես դեռեւս շատ ժամանակ ունեմ: Այս պահի դրությամբ, բացի իմ ընտանիքից, բացարձակապես ոչնչով չեմ զբաղվում եւ կարծում եմ` դրա իրավունքն ունեմ: Այսօրվա մեր ժամանակակից կյանքում ոչինչ բացառել հնարավոր չէ:
-Պատկերացո՞ւմ եք ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ Ձեր աշխատանքը, արդյո՞ք կկարողանաք նրա հետ աշխատել:
-Վլադիմիր Գասպարյանի հետ մենք լավ ընկերներ ենք, ու կարծում եմ, որ դա մեր աշխատանքին չի խանգարի: Ես նորից եմ կրկնում, ես համակարգում բացարձակ խնդիր չունեմ, չեմ ունեցել:
-Իսկ արդյո՞ք կկարողանաք «լեզու» գտնել իշխանությունների հետ: Կարծում եք՝ Ձեզ ներե՞լ են, որպեսզի թույլատրեն կրկին համակարգում աշխատել:
-Ես որեւէ գործընթացի չեմ հետեւում, ես այսօր Ծաղկաձորում եմ, հանգստանում եմ, հասկացեք՝ ես հանգիստ չեմ ունեցել տարիներ շարունակ: Ես վերջին ժամանակահատվածում միայն հանգստանում եմ եւ որեւէ տեղեկություն չունեմ, թե ինչ է տեղի ունենում, բացարձակ չեմ հետաքրքրվում այն ամենով, ինչ կատարվում է:
-Ոստիկանությունը սովորություն ունի ներել համակարգում աշխատող ոստիկանների արարքները՝ բավարարվելով նկատողություններով, վերջերս էլ նկատողություն է տրվել ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Մեհրաբյանին, գուցե՞…
-Այդ հարցի պատասխանը թող իր վարչության պետը տա, իր վարչությունը տա, թողե՛ք, ես այդ հարցի պատասխանը չտամ: Այդ հարցի պատասխանը թող գործողները տան: Ես այժմ որեւէ գործունեությամբ չեմ զբաղվում, կրկնում եմ՝ ես Ծաղկաձորում հանգստանում եմ, զբաղվում եմ իմ ընտանիքով, իմ երեխայով, փոքրիկ ունեմ… մյուսները ինձ բացարձակապես չեն հետաքրքրում, երեւի ժամանակը կգա, կա՛մ կզբաղվենք, կա՛մ չենք զբաղվի: Այսօր հանգստանում ենք: Շնորհակալություն:
75 ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԳՈՐԾԱՐՔԸ ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ ԿԿԱՅԱՆԱ
Դեռեւս 2014 թվականի հունվարին Հայաստանի Հանրապետության Կառավարության, «Որոտան hիդրոէլեկտրակայանների hամալիր» փակ բաժնետիրական ընկերության, ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» եւ «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ hոլդինգ քամփնի» ընկերությունների միջեւ ստորագրվել էր գույքի առքուվաճառքի պայմանագիր:
ՀՀ Կառավարությունում պայմանագիրը ստորագրել էին Հայաստանի Հանրապետության անունից ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանը` ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» եւ «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ հոլդինգ քամփնի» ընկերությունների անունից՝ «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերության փոխնախագահ Գարի Լիվսլին, «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի անունից՝ ընկերության գլխավոր տնօրեն Սասուն Խաչատրյանը:
Դրանից հետո, սակայն, տեւական ժամանակ չէր հաջողվում ավարտին հասցնել առքուվաճառքի գործարքը: Ի վերջո, ՀՀ Կառավարությունն այս տարվա փետրվարի 19-ի նիստում հավանություն տվեց Որոտանի ՀԷԿ-երի համալիրը «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերությանը վաճառելու պայմանագրի լրամշակված տարբերակին: Սույն թվականի հունիսի 8-ին էլ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ Կառավարությունում ստորագրվեց «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերության գույքի առքուվաճառքի փոփոխված եւ լրամշակված պայմանագիրը: Փաստաթուղթը ստորագրեցին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերության գլխավոր տնօրեն Սասուն Խաչատրյանը, «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» եւ «Քոնթուր գլոբալ տերրա հոլդինգս» ընկերությունների լիազորված ներկայացուցիչ, ինչպես նաեւ՝ «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ հոլդինգ քամփնի» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջոզեֆ Բրանդտը:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Արա Հովսեփյանի հետ՝ պարզելու համար, թե վաճառքի գործընթացն ինչ փուլում է գտնվում: «Մենք պայմանագիրը ստորագրել ենք ու ունենք 75 օր, որպեսզի գործարքը փակենք ու այժմ զբաղված ենք գործարքը փակելու գործընթացով: Ցանկացած կոմերցիոն գործարք երկու փուլից է բաղկացած. մեկը ընդհանուր իրավաբանական դրույթների վերաբերյալ պայմանավորվածությունն է, որը ստորագրել ենք, իսկ երկրորդ փուլը դա արդեն բոլոր նախապայմանները կատարելն ու գումարները վճարելն է: Հիմա ստորագրել ենք, բայց փակումը դեռեւս չենք արել, աշխատում ենք»,-եզրափակեց Արա Հովսեփյանը:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ԳՆՈՒՄ, ՉԵՆ ԳԱԼԻՍ
ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակում ինքնաթիռով «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայաններով Հայաստանից մեկնած եւ չվերադարձած ուղեւորների թիվը կազմել է 29 հազար 542 մարդ: Հարկ է նշել, որ ինքնաթիռով մեկնած եւ չվերադարձած ուղեւորների թիվը ամռան ամիսներին ամենացածրն է լինում: Սովորաբար այդ ցուցանիշը հուլիսի արդյունքներով ավելի է իջնում: Այս հանգամանքը պայմանավորված է այն փաստով, որ արտերկրում բնակվող մեր հայրենակիցներից շատերը ամռան ամիսներին գալիս են Հայաստան, ինչի շնորհիվ մեկնած եւ չվերադարձածների ցուցանիշը նվազում է: Այդ ցուցանիշի օբյեկտիվ պատկերը արտացոլվում է միայն հոկտեմբերի սկզբին, երբ արդեն հայտնի են դառնում սեպտեմբերի արդյունքները:
Ի դեպ, ուշագրավ է, որ այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով՝ ինքնաթիռով ուղեւորափոխադրումների ընդհանուր ծավալները նվազել են: Այս տարի երկու օդանավակայաններով մեկնել եւ ժամանել է ընդհանուր 844 հազար 660 ուղեւոր: Իսկ անցած տարի այդ ցուցանիշը եղել է 887 հազար 409 ուղեւոր: Այսինքն՝ անկումը կազմել է ավելի քան 43 հազար ուղեւոր:
2015-Ը՝ ԱՌԱՆՑ ՏՎՅԱԼՆԵՐԻ
Վերջին հինգ տարիներին մաքսային ծառայությունը եռամսյակի կտրվածքով մշտապես հրապարակել է Հայաստանի արտաքին առեւտրի մանրակրկիտ վիճակագրությունը: Այս տարվա առաջին կիսամյակն էլ ավարտվեց, սակայն մաքսային ծառայությունը 2015 թվականի վերաբերյալ ոչ մի վիճակագրական տվյալ մինչ օրս չի հրապարակել: Ինչպես հայտնի է՝ Հայաստանի արտաքին առեւտրի հարցում վիճակը, մեղմ ասած, ոչ մի լավ բան չի խոստանում: Ուստի ակնհայտ է, որ իշխանությունները չեն ցանկանում, որ այդ խայտառակությունն առավել մանրամասն եւ պաշտոնական տվյալներով հիմնավորված հանրությանը հասանելի լինի:
ԷՅՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑԵԼ Է
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր` Սեյրան Խաչատրյանի` Աղալարի որդին` Էյներ Խաչատրյանը, երեկ ինքնակամ ներկայացել է ՀՀ քննչական կոմիտե: «Ժողովուրդ»-ը դեռեւս հուլիսի 10-ին գրել էր, որ մայիսի 2-ին Սդղլի գյոլ տարածքում տեղի ունեցած ծեծի քրեական գործի շրջանակներում Էյներ Խաչատրյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, եւ նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծ) հատկանիշներով: ՀՀ քննչական կոմիտե ներկայանալուց հետո Էյներ Խաչատրյանը ստորագրությամբ ազատ է արձակվել: Ի դեպ, հիշեցնենք, որ մարզպետի մյուս եղբոր` Սերոբ Խաչատրյանի որդու` Մայիս Խաչատրյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը դեռեւս շարունակվում է: