«Տեսնելով այս որոշումը` իսկապես ես հիասթափություն եմ ապրում: Իրականության մեջ այս որոշումը վատ նախադեպ կարող է լինել, շատ վատ: Այսուհետ կարող են ընդունել օրենքներ` անտեսելով, շրջանցելով ամեն ինչ և պարտադրել քաղաքացիներին» ,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Սահմանադրական դատարանի կողմից հուլիսի 7-ին հրապարակած կուտակային կենսաթոշակի օրենքի մասին Ազգային ժողովի 33 պատգամավորների որոշմանը, այս մասին հայտարարեց ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Նա հավելեց, որ դեռևս 2014 թվականի հունիսի 18-ին Կառավարությունը արտահերթ նիստով հավանություն է տվել այս օրենքների փաթեթին, որպեսզի ԱԺ-ում արտահերթ նստաշրջանով ընդունվեն: Նրա կարծիքով այս մեծածավալ նյութը մեկ օրում չէր կարող նման եզրակացության հանգել, եթե նույնիսկ պրոֆեսիոնալ իրավաբանների բանակն աշխատեր:
Մինասյանի խոսքով, Սահմանադրական դատարանից ակնկալիքներն ավելին էին: «Գուցե չհիմնավորված լավատեսություն կար իմ մեջ: Բայց ես կարծում եմ, որ Սահմանադրական դատարանը հետևողական կլինի իր իսկ կայացած որոշումները կյանքի կոչելու: Սա հրաշալի առիթ էր: Որովհետև մեր հասարակության, հատկապես մեր երիտասարդության ընդվզող էներգիան կարող էր օգտագործվել երկրի բարօրության համար»,- ընդգծեց նա: