Ակցիզային հարկի ներդրումը կհանգեցնի տրանսպորտի սակագնի հարցի վերաբացմանը. ՀՅԴ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում էլեկտրաէներգիայի  սակագնի բացթողմանը,  ինչպես նաեւ ավտոմեքենաների լցավորման գազի նկատմամբ կառավարության նախաձեռնած ակցիզային հարկի ներդրումը`  2016թ-ի հունվարից անխուսափելիորեն կհանգեցնեն  Երեւանում տրանսպորտի գործող սակագնի հարցի վերաբացմանը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեն:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Երեւանի քաղաքապետարանը նախորդ անգամ հարցի արծարծման ժամանակ այդպես էլ որեւէ լուծում չտվեց, մի կողմից Երեւանի տրանսպորտային կապը ապահովվող  տնտեսվարողների եւ վարորդների, մյուս կողմից հասարակության կողմից բարձրացվող հարցերին: Լուծված չեն նաեւ Երեւանի երթեւեկության  եւ ճանապարհային ցանցի արդյունավետ օգտագործման հետ կապված այնպիսի կարեւոր հարցեր ինչպիսիք են` ճանապարհային երթեւեկության նշանների, կարմիր գծերի, լուսացույցերի, ճանապարհային գծանշանների հետ կապված բազմաթիվ հարցեր:

ՀՅԴ Երեւանի Քաղաքային կոմիտեն գտնում է, որ վերոհիշյալ բոլոր հարցերը պետք է քննարկվեն միասնական հայեցակարգի ձեւավորման, դրա հասարակական լայն քննարկման եւ  բոլոր կողմերի առաջարկներն ու կարծիքները հաշվի առնելուց հետո:

Վերոհիշյալ հարցերի քննարկման համար ՀՅԴ Երեւանի Քաղաքային կոմիտեն  հուլիսի 17-ին  ժամը 11:30-ին Առնո Բաբաջանյան  համերգասրահի (Աբովյան 2) մամլո սրահում կազմակերպում է կլոր սեղան-քննարկում եւ հրավիրում է Երեւանի քաղաքապետարանին, Երեւանի ավագանու խմբակցությունների  ներկայացուցիչներին,  շահագրգիռ հասարակական կազմակերպությունների   եւ քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներին մասնակցել կլոր սեղան- քննարկմանը»:




Լրահոս