ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ բոլոր գազալցակայանները ստուգելու վերաբերյալ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականն ավարտին կհասցնեն օգոստոսին: Նախարարը վստահեցրեց, որ ստուգումներն իրականացնելիս իրենք որևէ վերապահում չեն արել:
-Պարո՛ն Երիցյան, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը բոլոր նախարարներին հանձնարարել էր մարզեր գնալ, զրուցել գյուղացիների հետ, պարզել նրանց խնդիրներն ու զբաղվել դրանց լուծմամբ: Ի՞նչ եք արել այս ժամանակահատվածում, այնպիսի տպավորություն է, որ Կառավարությունն արդեն արձակուրդում է ու որեւէ գործունեություն չի իրականացնում: Ի՞նչ եք անում Դուք անձամբ՝ որպես երկու գերատեսչության ղեկավար:
-Ես աշխատում եմ, ես արձակուրդում չեմ ու չեմ կարողանում հասկանալ, թե որտեղից է Ձեզ մոտ նման տպավորություն: Մենք աշխատելու շատ տեղ ունենք, բոլոր ուղղություններով մեր աշխատանքները տանում ենք: Ես չեմ կարծում, որ նախարարությունները արձակուրդային վիճակում են, չեն աշխատում ու չեն կատարում վարչապետի հանձնարարականը: ՄԵր նախարարությունը շատ ծանրաբեռնված է աշխատում՝ կապված մարզային աշխատանքների հետ, գիտեք, որ այնտեղ կյանքը այժմ լուրջ փուլում է գտնվում, իսկ մեր աշխատանքը այդ պահին չի կարող դադարել: Ես մարզերում լինում եմ, գիտեմ, թե այնտեղ ինչ խնդիրներ կան ու դրա մասին տեղյակ է վարչապետը, մեզանից կախված ամեն ինչ մենք անում ենք: Մենք արձակուրդ մեկնելու դեպքում մեկնում ենք հերթով, այնպես չէ, որ մենք «փակում» ենք նախարարությունը ու բոլորով մեկնում ենք արձակուրդի: Հանգստանալու իրավունք ունեն բոլորը, բայց դա մենք կազմակերպում ենք գրաֆիկով:
-ՀՀ վարչապետը Ձեզ հանձնարարել էր նաեւ ստուգումներ իրականացնել Հայաստանի գազալցակայաններում՝ պարզելու համար, թե ինչու են վերջին ժամանակահատվածում հաճախակիացել պայթյունները: Ի՞նչ փուլում են այդ աշխատանքները, ի՞նչ եք պարզել:
-Գրեթե բոլոր գազալցակայանները բոլոր մարզերում ստուգվել են, մինչեւ օգոստոս կավարտենք ստուգումները, ընթացքի և արդյունքների մասին պարբերաբար զեկուցվում է վարչապետին: Այնտեղ կան թերություններ, բացթողումներ, եղել են գազալցակայաններ, որ արգելել ենք աշխատանքը: Հայաստանում մոտ 500 գազալցակայան կա, դրանք ՀՀ-ի մասշատբի համար շատ են, իսկ պայթյուններն էլ լինում են այն պատճառով, որ սկսվում է մրցակցություն, թե ում մոտ է ավելի լավ, մեկը սկսում է պահանջված ծավալից ավելի շատ լցնել, ինչի համար էլ նման իրավիճակ է ստեղծվում: Մենք ամեն ինչ անում ենք՝ նման բաներն արգելելու համար: Մենք ավելի ենք խստացրել պայմանները եւ ավելի մեծ հսկողություն ենք սահմանելու:
-Արդյո՞ք Դուք ստուգումների ընթացքում վերապահումներ չեք անում, քանզի հայտնի իրողություն է, որ ՀՀ-ում գազալցակայանների սեփականատերերից շատերը բարձրաստիճան պաշտոնյաներ են:
-Չէ, չէ, նման բան գոյություն չունի, ես հստակ ասում եմ, որ չենք էլ հետաքրքրվում, թե ումն է այդ գազալցակայանը, բոլոր տեղերում գնում են տեսուչները, ու չի եղել դեպք, որ մերոնք մի գազալցակայան գնան, որեւիցե մի ղեկավար զանգի ինձ, չգիտեմ, խնդրի իր մոտ ստուգումներ չիրականացնել: Բոլորն էլ օրենքով են գործում, նման դեպք չի եղել, իմ կարծիքով գազալցակայանների տերերն էլ ցանկություն ունեն հասկանալու, թե ինչ թերություններ ունեն իրենց ղեկավարած կառույցները:
-Վերջին ժամանակահատվածում անընդհատ քննարկվում է նաեւ ՀՀ Կառավարության կազմի փոփոխության հարցը, նախօրեին աշխատանքից ազատվեց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, նշվում է, որ եւս մի քանի նախարարներ առաջիկայում իրենց պորտֆելները «հանձնելու» են: Արդյո՞ք դա «սպառնում» է նաեւ Ձեզ, հնարավոր է, որ սուպերնախարարի կարգավիճակից հրաժարվեք:
-(Ժպտում է. Ս.Գ) Առաջին հերթին փոքր երկրներում սուպերնախարարներ չեն լինում, իմը սովորական նախարարություն է, ես բազմիցս ասել եմ՝ ցույց տվեք մի մարդ, որն ամբողջ կյանքում ղեկավար է եղել, մեկ է՝ շուտ թե ուշ բոլորս էլ դուրս ենք գալու: Ես պաշտոնից հեռանալուց չեմ վախենում, ես գիտակցում եմ, որ մի օր ինձ կարող են ասել, թե հերիք է աշխատես, ու, ի վերջո, պապենական չեմ կարող աշխատել, մի օր պետք է դուրս գամ, չէ՞: Ես այնպես տրամադրված չեմ, որ ես պետք է, չգիտեմ, մինչեւ որ տարիքը ղեկավարի պաշտոնում լինեմ: Կարծում եմ՝ իմ բոլոր գործընկերներն էլ այդպես են աշխատում: Աթոռից բռնել, դողալ, դա իմ ոճը չի ու չի եղել իմ ամբողջ կյանքի ընթացքում:
Ես չեմ կարծում նաեւ, որ նման մարդ կարող է լինել, յուրաքանչյուրն էլ գիտակցում է, որ ինքը պաշտոն է զբաղեցնում ու կարող է մի օր էլ այդ պաշտոնում չլինել: Անկեղծ ասած, նաեւ չեմ կարծում, թե Կառավարությունում փոփոխություններ են սպասվում, կամ ինչ-որ արտառոց իրավիճակ է, մենք բոլորս մեր գործն ենք անում: Կատարում ենք այն պահանջները, որոնք ներկայացնում են ՀՀ վարչապետն ու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ասեմ, որ այդ պահանջները շատ են, իսկ դրանք պետք է կատարվեն ըստ արժանվույն, ու այդպես էլ անում ենք: Ուղղակի անհասկանալի է, թե ինչու է մշտապես նման դեպքերում հայտարարվում, թե Կառավարությունը «քանդվում» է, շուտով իրավիճակ է փոխվելու եւ այլն: Մենք մեր տեղում ենք, մենք աշխատում ենք:
-Ակտիվորեն աշխատում էիք համայնքների խոշորացման ծրագրի իրականացման համար, բայց կարելի է ասել՝ այժմ «լճացման» փուլում է գտնվում այդ աշխատանքները: Ի վերջո, ի՞նչ է լինելու, արդյո՞ք համայնքների խոշորացման ծրագիրը կյանքի է կոչվելու, ինչո՞ւ մինչեւ այժմ որեւէ աշխատանք չի տարվում այդ ուղղությամբ:
-(Ծիծաղում է, Ս.Գ) Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչու եք նման որակումներ տալիս մեր աշխատանքներին, որեւէ լճացում չկա, մենք էլի մեր խոստման տերն եք, մենք էլի աշխատում ենք այդ ծրագրի իրագործման համար: Այժմ խորհրդարանը արձակուրդում է գտնվում, երբ վերադառնա, մենք կներկայացնենք օրենսդրական փոփոխությունները, որից հետո կսկսենք, Ձեր ասած, ակտիվ աշխատանքները: Եթե մենք մի ծրագիր ենք անում, դա երբեք կիսատ չենք թողնում: Դրանում համոզված եղեք:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ