Արթիկցիները մինչև տարվա վերջ բարձրորակ և մշտական խմելու ջուր կունենան. քաղաքապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուրջօրյա ջրամատակարարման հետ կապված խնդիրներն առկա են Հայաստանի մարզերի մեծ մասում:

Armlur.am-ի խմբագրությունը բազում բողոքներ է ստացել Շիրակի մարզի Արթիկ քաղաքի բնակիչներից, ովքեր դժգոհում են, որ չունեն շուրջօրյա ջրամատակարարում, իսկ եղած ժամանակ էլ ճնշումը շատ թույլ է: Խնդրի առնչությամբ զրուցեցինք Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանի հետ: Վերջինս գտնվում էր արձակուրդում, սակայն չհրաժարվեց մեր հարցերին պատասխանել:

-Պարոն Աբրահամյան, մենք բազմաթիվ բողոքներ ենք ստացել արթիկցիներից, որ խմելու ջուրը քաղաքում շուրջօրյա չէ, իսկ ջուր եղած ժամանակ էլ ճնումը շատ թույլ է:

-Ընդհանուր առմամբ ջրամատակարարման պատասխանատուն քաղաքապետարանը չէ: Արթիկ քաղաքում մենք կառավարումը հանձնել ենք ֆրանսիական կազմակերպությանը, որը զբաղվում է այդ խնդիրներով: Այդ խափանումները երևի կապված են այս պահին ընթացող ներքին ցանցի վերանորոգման աշխատանքներով: Սա միայն ենթադրություն է:

-Իսկ ենթադրությունից դուրս ավելի հստակ կարո՞ղ եք ասել պատճառը որն է:

-Պատասխանատուն «Շիրակ Ջրմուղկոյուղին» է, պետք է այնտեղ զանգեք: Եթե լինեի աշխատանքի մեջ, քաղաքում, հաստատ կիմանայի մանրամասներ: Բայց այս պահին արձակուրդում եմ: Այդ բողոքների վերաբերյալ, չգիտես ինչու, զանգել են ձեզ, փոխարենը ինձ զանգեին: Ընդհանարպես` առաջնահերթ բողոքների դեպքում ինձ են զանգում:

-Բնակիչները բազմիցս Թեժ գծին ևս զանգել են, սակայն ապարդյուն….

-Այս դեպքում ավելի ճիշտ կլինի, որ կոնկրետ նշեք, թե որ փողոցի բնակիչներն են դժգոհում: Նաև լավ կլինի, որ զանգողները ներկայանան:

-Այսօր մեզ կոնկրետ զանգահարել են Արթիկ քաղաքի Բաբաջանյան փողոցի բնակիչները:

-Քաղաքի այդ հատվածում վերանորոգման հետ կապված հնարավոր է ջրամատակարարման դադարեցման դեպքեր լինեն:

-Պարոն Աբրահամյան, բնակիչները նաև դժգոհում են, որ Արթիկի ջրամբարի վրա կառուցված ՀԷԿ-ը էականորեն վատացրել է խմելու ջրի որակը:

-Ջրամբարի վրա չէ կառուցված ՀԷԿ-ը: Ջրամբարից հետո կա խողովակաշար, որտեղից ջուրը գալիս է քաղաք և հարակից տարածքներ: Այդ ՀԷԿ-ը Արթիկի տարածքում չէ կառուցված, դրա համար ես չգիտեմ: Բայց այն, որ ՀԷԿ-ի կառուցման հետևանքով ջրի որակի վատացում է տեղի ունեցել, ես չեմ կարծում, որովհետև, ինչքան գիտեմ, մինչև կառուցելը կառուցողը անցել է բոլոր տեսակի փորձաքննությունները և դրական եզրակացություն ունի դրա վերաբերյալ:

-Արթիկցիների շրջանում նաև խոսվում է, որ այդ ՀԷԿ-ը Արթիկ ՔԿՀ-ին էլեկտրաէներգիա է մատակարարում:

-Իրավիճակն այսպես է. ՀԷԿ-ը, ինչքան տեղեկացված եմ, միացված է ընդհանուր էներգամատակարարման ցանցին: Ինչ-որ առանձին կազմակերպության լույս չի մատակարարում:

-Պարոն Աբրահամյան, քաղաքապետարանը ի՞նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել ջրամատակարարման հետ կապված այս խնդիրները լուծելու համար, թե սա միայն «Ջրմուղկոյուու» խնդիրն է:

-Իհարկե ոչ: Քաղաքապետարանը արդեն անում է: Ներքին ցանցի բարելավման ծրագիրն արդեն ավարտական փուլում է: Այն 4-5 տարի է` իրականացվում է: Այդ ծրագրի 4-րդ մասը այս տարի մինչև աշուն կավարտվի: Դրա ավարտից հետո մենք քաղաքում կունենանք շուրջօրյա, բարձրորակ խմելու ջուր: Այդ խմելու ջուրը մատակարարվելու է Արագածի բնական աղբյուրներում տեղադրված դրենաժների միջոցով, ոչ թե Արթիկի ջրամբարից:

Քրիստինա Աղալարյան




Լրահոս