Քաղաքաշինության նախարարը շնորհավորել է նորանշանակ դեսպանին` Հայաստանում դիվանագիտական առաքելություն ստանձնելու կապակցությամբ: Խոսելով երկկողմ հարաբերություններից, Ն. Սարգսյանը հույս է հայտնել, որ Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան բացումը կխթանի երկու երկրների համագործակցության զարգացմանն ու համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների իրականացմանը:
Ներկայացնելով ՀՀ քաղաքաշինության նախարարության ծրագրային առաջնահերթությունները, նախարար Ն. Սարգսյանն անդրադարձել է Հայաստան-Ճապոնիա համագործակցության հնարավորություններին՝ այդ համատեքստում հատկապես առանձնացնելով երկու երկրների համար կարևորություն ներկայացնող՝ սեյսմակայուն շինարարության ոլորտը, ուր Ճապոնիան նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ լուրջ հաջողությունների է հասել:
«Ես Հայաստան-Ճապոնիա գործակցության շատ կոնկրետ դաշտ եմ տեսնում, մասնավորաբար, Հայաստանը հարուստ է ոչ մետաղական հանքանյութերով, բնական քարերի բազմապիսի բազմապիսի տեսակներով, հատկապես` շինարարության արտադրանքի համար ջերմամեկուսիչ նյութերով, և ճապոնական տեխնոլոգիաների կիրառմամբ երկուստեք փոխշահավետ ծրագրեր կարելի է իրականացնել», ասել է Ն. Սարգսյանը:
Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էյջի Տագուչին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, քաղաքաշինության բնագավառում գործնական համագործակցության պատրաստակամություն է հայտնել՝ առաջարկելով երկու երկրների համար հետաքրքրություն ներկայացնող ծրագրային փաթեթ պատրաստել:
Հանդիպման ավարտին վերստին շեշտելով հայ-ճապոնական երկկողմ հարաբերությունների խորացման ուղղությամբ կատարելիք աշխատանքների կարևորությունը, ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էյջի Տագուչիին նվիրել է «Եղեռն եղեռնից հետո» վերնագիրը կրող եռալեզու գիրք-ալբոմը: