ԱՆՄԵՂ ՃԱՆԱՉՎԵՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն արդարացրեց Մատաղիսի գործով մեղադրվող երեք երիտասարդներին` Ռազմիկ Սարգսյանին, Արայիկ Զարյանին եւ Մուսա Սերոբյանին: Արդարացման վճռի հրապարակման պահին լեփ-լեցուն դահլիճում ծափերն ու ուռաները չէին դադարում, դատավորներ Հարություն Մովսեսյանը փորձում էր զսպել, հանդարտեցնել ներկաներին, բայց իզուր: 9 տարի տղաների հետ պայքարող ծնողների հուզմունքը վճռի հրապարակման պահին անսպառ էր: Հուզված էին ոչ միայն տղաների ծնողները, այլեւ դահլիճում գտնվող նրանց մտերիմները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ու պարզապես գործով հետաքրքրվողները: Հուզմունքն ու արցունքները չէին կարողանում զսպել նաեւ զոհված զինծառայող Հովսեփ Մկրտումյանի ծնողները, որոնք մինչեւ վերջ համոզված էին տղաների անմեղության մեջ ու դատարանից պահանջում էին արդար դատավճիռ կայացնել:
«Սպասում էինք, որ պետք ա արդարությունը հաղթի, սրտով զգում էի ու սրտով էլ հանգիստ էի: Մինչեւ վճիռը կարդալը ես արդեն գիտեի, որ պետք է նույն վճիռը կարդացվի, ինչ կարդացվել էր ՀՀ վճռաբեկ դատարանում»,-ասաց Գրետա Մկրտումյանն ու ավելացրեց, որ իրենք կբողոքեն ու կպայքարեն այնքան ժամանակ, մինչեւ իր որդու սպանության իրական մեղավորները հայտնաբերվեն ու պատժվեն:
Որ արդար դատավճիռ է կայացվելու, համոզված էր նաեւ Արայիկ Զարյանը. «Ելնելով նրանից, որ մենք անմեղ ենք, ես միշտ էլ սպասել եմ արդարացման վճռի: Երբ որ վերաքննիչ դատարանը մեզ ցմահ ազատազրկման դատապարտեց, ես էդ պահին էլ էի սպասում, որ արդարացման վճիռ է լինելու, որովհետեւ մենք անմեղ ենք, ոչ մի բան չենք արել»: Իսկ թե արդյոք Ա. Զարյանը պատրաստվում է կալանավայրում 2 տարի 8 ամիս կրած պատժի դիմաց փոխհատուցում պահանջել, ասաց. «Էս պահին այդ հարցին չեմ կարող պատասխանել»:  
«Ես նման վճռի սպասում էի, գիտեի, որ մենք անմեղ ենք, իսկ ով էլ որ արել է, թող պատժվի»,-ասաց Մուսա Սերոբյանը: Հարցին, թե չի պատրաստվում կալանավայրում անցկացրած տարիների դիմաց փոխհատուցում պահանջել, պատասխանեց. «Մեզ մենակ արդարություն էր պետք, մնացած բաները կարեւոր չեն»: Արդարացման վճռի չէր սպասում միայն Ռազմիկ Սարգսյանը, ում համար այդ վճիռն անակնկալ էր:
Հիշեցնենք, որ այս գործը քննվում էր արդեն 9 տարի, որից 4,5 տարին միայն Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: 27-ամյա երեք երիտասարդները մեղադրվում էին 2003թ. Լեռնային Ղարաբաղի Մատաղիսի զորամասի զինծառայողներ շարքային Ռոման Եղիազարյանի եւ Հովսեփ Մկրտումյանի սպանության մեջ: Ռ. Սարգսյանը, Մ. Սերոբյանը եւ Ա. Զալյանը 2004թ. ապրիլից գտնվել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նրանց դատապարտել էր 15 տարվա, իսկ վերաքննիչը` ցմահ ազատազրկման: Եվ միայն վճռաբեկ դատարանը, որի նախագահն այն ժամանակ Հովհաննես Մանուկյանն էր (այժմ Վրաստանում ՀՀ դեսպանը), դատավոր Մհեր Խաչատրյանի նախագահությամբ 2006թ. դեկտեմբերի 22-ին վճռեց տղաներին դահլիճից ազատ արձակել, իսկ գործն ուղարկել լրացուցիչ քննության:

ՍՈՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Գյումրի




Լրահոս