ՏԱՔՍՈՒ ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ԲԱՑ ՆԱՄԱԿԸ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ին դիմած տաքսու վարորդները բողոքում են մեքենաների պարտադիր ապահովագրությունից, որն իրենց դարձրել է «գործազուրկ ու թափառական մուրացկան»: Նրանք մեր թերթի միջոցով բաց նամակով դիմում են վարչապետ Տիգրան Սարգսյանին:
«Հարգելի՛ պարոն Սարգսյան,
Մոտ մեկ տարի առաջ, ինչպես բոլոր վարորդներին, այնպես էլ անխտիր բոլոր տաքսիստներին, պարտադրեցին ապահովագրել մեքենաները՝ պնդելով, որ սա առաջին հերթին ձեռնտու է մեքենա վարողներին: Հաշվի առնելով, որ տաքսիներն ավելի ռիսկային են, ի սկզբանե մենք ավելի շատ գումար ենք վճարել՝ մեքենան ապահովագրելու համար: Իսկ այժմ այդ նույն ապահովագրական ընկերությունները տեռորի են ենթարկում տաքսիստներին ու պահանջում ԱՊՊԱ պայմանագիր կնքել 3 ամիսը մեկ՝ տարեկան կտրվածքով վճարելով մոտավորապես կրկնակի գումար, կամ ընդհանրապես հրաժարվում են ԱՊՊԱ կտրոն տրամադրել: Երբ խնդրում ենք գրավոր կերպով պարզաբանել, թե ինչու չեն կատարում օրենքով ստանձնած իրենց պարտավորությունները, ասում են, որ հրամանը ՎԵՐԵՎԻՑ է, ու իրենք իրավասու չեն մեզ պատասխանել:
Վարորդների մեծամասնությունը մեքենաները վարկով է վերցրել` գրավ դնելով իրենց տունը կամ հենց տվյալ մեքենան: Ու այժմ, ապահովագրական ընկերությունների՝ անօրինական ու լրացուցիչ գումարներ շորթելուն ուղղված գործողությունների արդյունքում չենք կարողանում աշխատել ու վերադարձնել վերցված վարկերը: Իսկ առանց ԱՊՊԱ կտրոնի վարել մեքենան նշանակում է օրենք խախտել կամ տուգանքներ մուծել, այն դեպքում, երբ մենք մեղավոր չենք: Այսինքն՝ մեզ կա՛մ թալանում են, կա՛մ թույլ չեն տալիս աշխատել` ստիպելով դառնալ գործազուրկ, թափառական մուրացկան ու կորցնել տարիների աշխատանքի արդյունքում ձեռք բերած գույքը:
Մենք՝ որպես ՀՀ իրավահավասար քաղաքացիներ, խնդրում ու պահանջում ենք, որ այս խնդիրն իր լուծումը ստանա, ու մենք կրկին օրինական հիմունքներով մեր աշխատանքին վերադառնալու հնարավորություն ստանանք, որ կարողանանք պահել նաեւ մեր ընտանիքները»:

Մի խումբ տաքսու վարորդներ




Լրահոս