Դեռեւս 2014 թվականի հունվարին Հայաստանի Հանրապետության Կառավարության, «Որոտան hիդրոէլեկտրակայանների hամալիր» փակ բաժնետիրական ընկերության, ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» եւ «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ hոլդինգ քամփնի» ընկերությունների միջեւ ստորագրվել էր գույքի առքուվաճառքի պայմանագիր:
ՀՀ Կառավարությունում պայմանագիրը ստորագրել էին Հայաստանի Հանրապետության անունից ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանը` ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» եւ «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ հոլդինգ քամփնի» ընկերությունների անունից՝ «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերության փոխնախագահ Գարի Լիվսլին, «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի անունից՝ ընկերության գլխավոր տնօրեն Սասուն Խաչատրյանը:
Դրանից հետո, սակայն, տեւական ժամանակ չէր հաջողվում ավարտին հասցնել առքուվաճառքի գործարքը: Ի վերջո, ՀՀ Կառավարությունն այս տարվա փետրվարի 19-ի նիստում հավանություն տվեց Որոտանի ՀԷԿ-երի համալիրը «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերությանը վաճառելու պայմանագրի լրամշակված տարբերակին: Սույն թվականի հունիսի 8-ին էլ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ Կառավարությունում ստորագրվեց «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերության գույքի առքուվաճառքի փոփոխված եւ լրամշակված պայմանագիրը:
Փաստաթուղթը ստորագրեցին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերության գլխավոր տնօրեն Սասուն Խաչատրյանը, «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» եւ «Քոնթուր գլոբալ տերրա հոլդինգս» ընկերությունների լիազորված ներկայացուցիչ, ինչպես նաեւ՝ «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ հոլդինգ քամփնի» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջոզեֆ Բրանդտը:
«Ժողովուրդ»-ը զրուցել է «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Արա Հովսեփյանի հետ՝ պարզելու համար, թե վաճառքի գործընթացն ինչ փուլում է գտնվում: «Մենք պայմանագիրը ստորագրել ենք ու ունենք 75 օր, որպեսզի գործարքը փակենք ու այժմ զբաղված ենք գործարքը փակելու գործընթացով: Ցանկացած կոմերցիոն գործարք երկու փուլից է բաղկացած. մեկը ընդհանուր իրավաբանական դրույթների վերաբերյալ պայմանավորվածությունն է, որը ստորագրել ենք, իսկ երկրորդ փուլը դա արդեն բոլոր նախապայմանները կատարելն ու գումարները վճարելն է: Հիմա ստորագրել ենք, բայց փակումը դեռեւս չենք արել, աշխատում ենք»,-եզրափակեց Արա Հովսեփյանը:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ