Արմենիա ԲԿ-ում նորածին է մահացել. բժիշկները երեխայի հարազատներին ասել են, որ կեսարյան հատումը նորմալ է անցել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հուլիսի 14-ին «Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատանը կեսարյան հատումով լույս աշխարհ եկած նորածին երեխա է մահացել:

Ծննդատան բժիշկները երեխայի հարազատներին ասել են, որ կեսարյան հատումը անցել է նորմալ, եւ երեխան որեւէ խնդիր չունի, սակայն երկու օր անց, երբ նորածնի հարազատները գնացել են ծննդատուն՝ երեխային տեսակցության, բժշիկներն ասել են, որ երեխան մահացել է: Տեղեկացանք, որ մահացած նորածնի հարազատները լացակումած դուրս են եկել հիվանդանոցից եւ չեն կարողացել ստանալ իրենց հարցի պատասխանը, թե ինչպես է ստացվել, որ բժիշկները հավաստիացրել են, թե փոքրիկի մոտ ամեն ինչ կարգին է, իսկ երկու օր անց նա մահացել է:

«Ժողովուրդ»-ը կատարվածի շուրջ զրուցեց նորածնի մոր կեսարյան հատումն իրականացրած բժշկուհի Ռուզաննա Քեհյանի հետ: Ըստ նրա, երեխան ծնվել է նորմալ,  թե հետագայում նորածնի ներքին օրգանների հետ կապված ինչ խնդիրներ են առաջացել, հնարավոր է պարզել միայն երեխայի հերձման պատասխանը ստանալուց հետո. «Ձեզ վստահեցնում եմ, որ բժիշկների անփութության եւ անգործության մասին այս դեպքում խոսել չի կարելի, քանի որ բոլորը ամեն ինչ արել են՝ կնոջը եւ երեխային օգնելու համար»»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս