Արդեն տևական ժամանակ է, ինչ քաղաքական կուլիսներում խոսվում է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Վարդան Օսկանյանի եւ Վահե Հովհաննիսյանի կողմից ստեղծվելիք նոր քաղաքական կուսակցության մասին: «Ժողովուրդ»-ը դեռեւս մայիսին տեղեկացրել էր, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է ակտիվացնել իր գրասենյակը, եւ այնտեղ աշխատելու հրավեր է ստացել նաեւ ԱԺ պատգամավոր Վահե Հովհաննիսյանը: Տեղեկացրել էինք նաեւ, որ ԱԺ ԲՀԿ խմբակցությունում արդեն թիմ է ձեւավորվել` ի դեմս Վահե Հովհաննիսյանի, Ստեփան Մարգարյանի եւ Էլինար Վարդանյանի, որը «ղեկավարվում» է Ռ. Քոչարյանի կողմից:
Արդեն տեւական ժամանակ է, ինչ Վ. Օսկանյանը Հայաստանում չէ, իսկ Վ. Հովհաննիսյանը, Ս. Մարգարյանն ու Է. Վարդանյանն էլ այս ընթացքում գրեթե որեւէ գործունեություն չէին ծավալում ԱԺ ԲՀԿ խմբակցությունում, նրանք պարզապես մասնակցում էին քվեարկություններին:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հետ` պարզելու համար, թե առաջիկայում ինչ զարգացումներ են սպասվում խմբակցությունում:
-Տիկի՛ն Զոհրաբյան, ԱԺ ԲՀԿ խմբակցությունը կարծես թե կրկին պառակտվում է, քանի որ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը առանձին «թիմ» է ստեղծում, նոր քաղաքական ուժ ձեւավորում: Ի՞նչ խնդիր կա, ինչո՞ւ է ԲՀԿ-ն կրկին հայտնվել «ցնցումների» մեջ:
-ԲՀԿ-ն բնավ ցնցումների մեջ չէ։ Ցնցումների մեջ են նրանք, ովքեր հուսախաբ եղան, որ ԲՀԿ-ն ցնցումների մեջ չընկավ։ Իսկ նմանների թիվը, ովքեր անհամբեր ԲՀԿ-ի կազմալուծմանն էին սպասում, ի դեպ, խիստ տարբեր ֆրոնտներից, շատ մեծ էր։ Ուստի ցնցումների մասով դիմեք իրենց. այդ առումով իրենց փորձը խիստ մեծ է։ Իսկ ընդհանրապես, «Կիկոսի մահը» ես սիրում եմ բացառապես իր ժանրի շրջանակներում։ Քաղաքականության մեջ այդ ժանրն ինձ համար կատեգորիկ մերժելի է։ Ուստի Ձեզ եւս խորհուրդ կտամ հիմք ընդունել ոչ թե ինչ-ինչ տեղեկությունները, լուրերն ու ասեկոսեները, ինչ-որ մեկի ենթադրությունները, կամ ցանկությունները, այլ կոնկրետ փաստերը: Ես պարբերաբար հանդիպում եմ թե՛ Վ.Օսկանյանին, թե՛ Վ. Հովհաննիսյանին, երկուսին էլ համարում եմ պարկեշտ անձնավորություն ու ես մեկ րոպե անգամ չեմ կասկածում, որ եթե իրենք նոր կուսակցություն ստեղծելու որոշում ունենան, ապա դրա մասին առաջինն իրենց գործընկերները կիմանան, բնականաբար, առաջին հերթին նաեւ ես։ Ձեր նշած տեղեկատվության հրապարակման նախօրեին ես հանդիպել ու երկար զրուցել եմ Վ. Օսկանյանի հետ, եւ նման ֆորմատով կուսակցություն ստեղծելու որոշում ինձ հայտնի չէ։
-Բայց տիկի՛ն Զոհրաբյան, դժվար է չնկատել, որ Վ. Օսկանյանը, Վ. Հովհաննիսյանն ու այն պատգամավորները, որոնք պետք է լինեն ստեղծվելիք կուսակցությունում, «մեկուսացել» են ԱԺ ԲՀԿ խմբակցությունից, իսկ Օսկանյանը ընդհանրապես չի մասնակցում խորհրդարանի աշխատանքներին: Դա չի նշանակո՞ւմ, որ իսկապես առաջիկայում ԲՀԿ-ից մարդիկ են «հեռանալու»:
-Ո՞ւմ նկատի ունեք «այն պատգամավորները» ասելով։
-Օրինակ՝ Ստեփան Մարգարյանին ու Էլինար Վարդանյանին։
-Համաձայն չեմ Ձեզ հետ։ Ստեփան Մարգարյանն ու Էլինար Վարդանյանը նորմալ իրենց գործը անում են, Վարդան Օսկանյանը որոշակի ժամանակահատված հանրապետությունում չէր, եւ չմոռանանք, որ փետրվարյան իրադարձություններից հետո ներքաղաքական գործընթացների վերաբերյալ իր մոտեցումներն ինքը հստակ հայտնեց, եւ խմբակցությունում վերջին շրջանում իր ոչ ակտիվ լինելը ես պայմանավորում եմ նաեւ դրանով։ Իսկ ինչ վերաբերում է Վահե Հովհաննիսյանին, ապա Վահեն մշտապես մասնակցում է խմբակցությունում տարբեր ֆորմատներով բոլոր լրջագույն հարցերի քննարկմանը։ Ու եթե ԲՀԿ-ից դուրս իրենք ունենան այլ ծրագրեր, կրկնում եմ, չեմ կասկածում իրենց պարկեշտությանն ու մարդկային որակներին. այդ մասին ես տեղեկացված կլինեմ առաջիններից:
-Քանի որ խոսակցությունները համառ են, եթե նման բան լինի, Դուք պահանջելո՞ւ եք, որ Վարդան Օսկանյանը վայր դնի իր պատգամավորական մանդատը։
-Նախ՝ մանդատը Վարդան Օսկանյանին ես չեմ տվել, եւ երկրորդ՝ կրկին խոսում ենք «Կիկոսի մահի» սցենարով։ Եթե նման բան լինի, ես վստահ եմ՝ այդ հարցում եւս պարոն Օսկանյանը պարկեշտ ու ճիշտ որոշում կկայացնի։
– Այդուհանդերձ, ի՞նչ եք կարծում՝ նոր ստեղծվելիք կուսակցությունները կհասցնե՞ն կայանալ ընտրություններին մնացած այս կարճ ժամանակահատվածում:
-Գիտեք, Դուք նոր եւ շատ լուրջ թեմա եք առաջ քաշում, որի մասին կխոսենք մի ուրիշ անգամ, որովհետեւ այդտեղ իրապես լուրջ ասելիք կա։ Հայաստանում կուսակցությունների, գաղափարների, ծրագրերի պակաս չկա, եւ որ մեր երկրում տեղի չեն ունենում անհրաժեշտ լրջագույն համակարգային փոփոխություններ՝ դա այս կամ այն ուղղվածության կուսակցության, նոր գաղափարի, նոր ծրագրի կամ օրակարգի պակասից չէ։ Դա շատ լուրջ թեմա է, որին եկեք, անդրադառնանք մեկ այլ անգամ։
-Որպես ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար՝ Դուք անձամբ պառակտում տեսնո՞ւմ եք խմբակցության աշխատանքներում:
-Բացարձակապես ոչ։ Խմբակցությունը շատ ակտիվ աշխատում է, մենք, ըստ մեր ժամանակացույցի, ակտիվորեն հանդիպումներ ենք ունենում մեր մարզային եւ Երեւանի տարածքային կառույցների հետ՝ Մեղրիից մինչեւ Ստեփանավան, առաջիկա օրերին կտեղափոխվենք կենտրոնական մեր նոր գրասենյակը, որի պաշտոնական բացումը քիչ ավելի ուշ կանենք։ Բայց մի քանի օրից մեր նոր գրասենյակի դռները բաց կլինեն մեր քաղաքացիների համար։ Իսկ խմբակցությունը հենց այս պահին աշխատում է օրենսդրական մի շարք նոր նախագծերի վրա, որոնք փաթեթով շրջանառության մեջ կդնենք աշնանային հենց առաջին նիստի ժամանակ։
Հ.Գ. Երեկ «Ժողովուրդ»-ն այս թեմայով փորձեց զրուցել նաեւ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Վ. Օսկանյանի, Ս. Մարգարյանի, Է. Վարդանյանի եւ Վ. Հովհաննիսյանի հետ, սակայն Օսկանյանը համառորեն մեր հեռախոսազանգերին չպատասխանեց, Ս. Մարգարյանը հայտարարեց, որ ինքը Մոսկվայում է, Վ. Հովհաննիսյանի հեռախոսն էլ անջատված էր: Իսկ Է. Վարդանյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ նոր քաղաքական կուսակցության վերաբերյալ խոսակցությունները իրականությանը չեն համապատասխանում:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ