Ի՞նչ նպատակ է հետապնդում Թուրքիայում հակաօդային և հակահրթիռային նշանակություն ունեցող “Պատրիոտ” համակարգերի տեղակայումը, քանի՞սն են դրանք և ո՞ր երկրի հրթիռների և ռազմական ինքնաթիռների դեմ կարող են ուղղվել: Ըստ իրանագետ Նվեր Դավթյանի, տարածաշրջանում դրանով խախտվում է ուժերի ռազմաքաղաքական հավասարակշռությունը, ինչն էլ անհանգստացնում է Իրանի Իսլամական Հանրապետությանը: Թուրքիայում տեղակայվելիք նշված հրթիռներն անհրաժեշտության դեպքում կարող են ծառայել տարբեր նպատակների:
Մասնավորապես, եթե Իրանի դեմ պատերազմ սանձազերծվի Իսրայելի, ԱՄՆ-ի կողմից, վերջիններն իրենց նպատակների համար, ամենայն հավանականությամբ, օգտագործելու են նաև Թուրքիայի տարածքը: Այդ դեպքում զենիթահրթիռային հիշյալ համալիրները Թուրքիային անհրաժեշտ կլինեն Իրանի պատասխան հարվածը չեզոքացնելու համար:
Երկրորդ. եթե Թուրքիայի տարածքը վերոնշյալ պետությունների կողմից նույնիսկ չօգտագործվի Իրանին հարվածելու նպատակով, ապա “Պատրիոտ” համակարգերը կարող են օգտագործվել Իսրայելին պատասխան հարված հասցնող Իրանի հրթիռները կամ թեկուզ դրանց մի մասը չեզոքացնելու համար: Երրորդ. եթե Թուրքիան, միայնակ թե արևմտյան ուժերի կազմում, բացահայտ պատերազմ ծավալի Սիրիայի դեմ կամ որպես գործիք օգտագործվի այդ պատերազմը սկսելու համար, ապա բացառված չէ, որ Սիրիան իր հարվածի հասանելիության գոտում գտնվող Թուրքիայի նկատմամբ ստիպված լինի օգտագործել քիմիական զենքի ունեցած պաշարները: Հնարավոր է նաև, որ նշված “սցենարին” նախապատրաստվելու շրջանակում է, որ Թուրքիայում առաջիկա շաբաթներին տեղադրվելու են “Պատրիոտ” հակահրթիռային համակարգերը: Չորրորդ. հակահրթիռային վերոնշյալ համակարգերը կարող են օգտագործվել նաև Սիրիային անհրաժեշտության դեպքում սպասելի Իրանի օգնությունը չեզոքացնելու համար:
Նվեր Դավթյանի հավաստմամբ, ռազմաօդային ցանկացած թիրախ խոցելու հնարավորություն ունեցող հիշյալ համակարգերն ի վիճակի են Թուրքիայի պաշտպանական ունակությունները մեծացնել 3-4 անգամ: Անդրադառնալով Թուրքիայում տեղադրվելիք “Պատրիոտ” համակարգերի քանակին, իրանագետն ասաց, որ դրանք ունեն ոչ թե տեղական, այլ ընդհանուր տարածաշրջանային նշանակություն, ինչը պայմանավորված է ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի տարածաշրջանային քաղաքականությամբ, այսինքն` ցանկացած քաղաքական և ռազմաքաղաքական զարգացման համար տարածաշրջանում իրենց դիրքերն ամրապնդելու նպատակադրմամբ:
– Վեց համակարգերից ամեն մեկն իր մեջ ներառում է 4-8 հրթիռային արձակման կայաններ, ամեն մի արձակման կայանն ի վիճակի է 4-ից մինչև 24 թիրախ խոցել,- տեղեկացրեց Նվեր Դավթյանը:- Հեռահարությունը հստակ չենք կարող ասել, որովհետև 3 երկրից է ներմուծվելու` Գերմանիայից, Նիդեռլանդներից և ԱՄՆ-ից:
Ըստ իրանագետի, առայժմ դեռ հայտնի չէ, թե “Պատրիոտ”-ի որ մոդիֆիկացիան է
ներմուծվելու, համենայն դեպս, հայտնի է, որ գերմանականը լինելու է 80-100 կմ հեռահարության: Դրանք հաշվարկվելու և տեղակայվելու են այնպես, որ կարողանան պաշտպանել Իսրայելը Իրանի պատասխան հարվածներից:
Արդեն իսկ պարզ է, որ Թուրքիայում հիշյալ հրթիռների տեղադրումը նախևառաջ հետապնդում է տարածաշրջանում արևմտյան զարգացած երկրների ռազմավարական շահերը, իսկ Թուրքիան հիմնականում գործիքի դեր է կատարում:
Արթուր Հովհաննիսյան