Արմավիրի մարզի դատախազությունը Էջմիածնի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացրել մի քրեական գործ, որով Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի բնակիչ, 1991 թ. ծնված Գարիկ Սադոյի Քոչարյանը մեղադրվում է անչափահասի հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ: Առաջադրված մեղադրանքի համաձայն` Գարիկ Քոչարյանը 2012 թ. սեպտեմբերի 10-ին փաստական ամուսնական հարաբերություններ է հաստատել Արմավիրի մարզի բնաչուհի, 02.09.1997 թ. ծնված Բասե Ուսոյի Ջանգոյանի հետ և համատեղ ամուսնական կյանքի ընթացքում լինելով 18 տարին լրացած անձ, սեռական հարաբերություն է ունեցել ակնհայտ 16 տարին չլրացած անձնավորության հետ: Գ. Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով նախատեսված հատկանիշներով:
Եթե վերոնշյալ արարքը չարդարացնելով հանդերձ, կարելի է բացատրել եզդիական շատ ընտանիքներում անչափահասների ամուսնությունը մերժելի չհամարելու սովորությամբ (չգիտես ինչու շտապում են), ապա մարդկայինի սահմաններից ընդհանրապես դուրս է Տավուշի մարզի դատախազությունից վերջերս Բերդի ընդհանուր իրավասության դատարան ուղարկված քրեական գործով ներկայացված արարքը: Տվյալ քրեական գործով կազմված մեղադրական եզրակացության համաձայն` Տավուշի մարզի Իծաքար գյուղի բնակիչ, 1974 թ. ծնված Ռոբերտ Մելիքի Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011թ. դեկտեմբեր ամսից մինչև 2012թ. փետրվար սեռական հարաբերություն է ունեցել անչափահաս, 23.11.1996 թ. ծնված Տաթևիկ Գինովյանի հետ:
Հիշյալ քրեական գործով և դարձյալ 141-րդ հոդվածի հատկանիշներով մեղադրանք է առաջադվել նաև Տավուշի մարզի Պառավաքար գյուղի բնակիչ, 1978 թ. ծնված Սամվել Սարգիսի Գրիգորյանին: Նա նունպես մեղադրվում է վերոնշյալ ժամանակահատվածում նույն անչափահաս անձնավորության` Տ. Գինովյանի հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ: Բերդի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահող դատավոր` Զոյա Զաքինյան) այսօր վերոնշյալ քրեական գործով կայացրել է իր առաջին դատական նիստը: Հաջորդ նիստը նշանակվել է դեկտեմբերի 24-ին, ժամը 14:30-ին:
Ա. Աղասյան