Հակերները կարողացել են կոտրել Իտալիայի անվտանգության մարմինների համար լրտեսական ծրագրեր պատրաստող Hacking Team իտալական ընկերության տեղեկատվական ողջ բազան: WikiLeaks-ի նյութերից հայտնի է դարձել, որ այս ընկերությունն Ադրբեջանին վաճառել է DaVinçi կամ Galileo կոչվող հեռահար լրտեսության համար նախատեսված համակարգը:
Ենթադրվում է, որ այս համակարգն իտալական ընկերությունից գնել է Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարությունը, սակայն բառացիորեն օրերս հակերները համացանցում տեղադրել են Hacking Team ընկերության ողջ տեղեկատվական բազան, ու հայտնի է դարձել, որ DaVinçi ծրագիրն իտալացիներից գնել է Ադրբեջանի ՊՆ-ն:
Սակայն գնումը չի արվել անմիջապես նախարարության կողմից, ծրագիրն իտալացիներից գնել է ԱՄՆ-ում գրանցված ինչ-որ անհայտ ընկերություն:
Hacking Team ընկերության ներքին փաստաթղթերի համաձայն՝ 2013 թ ԱՄՆ-ում գտնվող Horizon Global Group ընկերության միջնորդությամբ Ադրբեջանի ՊՆ 320 հազար եվրոյով գնել է «Հեռահար վերահսկողության համակարգ» (RCS) լրտեսական ծրագիրը:
Հավելենք, որ այս լրտեսական ծրագիրը նախատեսված է համակարգիչների և սմարթֆոնների վրա գաղտնի հարձակումների համար: Այս լրտեսական ծրագրերը կարող են պատճենել Windows, OS X կամ Linux օպերացիոն համակարգերով աշխատող համակարգիչների ողջ ինֆորմացիան: Ծրագրերը կարող են նաև պատճենել ողջ տեղեկությունը Android, iOS, Blackberry և Windows Phone ծրագրերով աշխատող սմարթֆոններից, այն կարող է նաև ձայնագրել Skype, Facebook, Twitter, WhatsApp, Line և Viber ծրագրերով բոլոր հեռախոսազանգերը: