Նոր Սահմանադրության նախնական նախագծում ամրագրված է, որ Ազգային ժողովը պետք է կազմված լինի առնվազն 131 պատգանավորից, իսկ ընտրությունների առաջին փուլի արդյունքում կայուն խորհրդարանական մեծամասնություն չձևավորելու դեպքում անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որին մասնակցում են առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը:
Անդրադառնալով այն հանգամանքին, որ պատգամավորների քանակի առավելագույն շեմ սահմանված չէ` Թովմասյանը նշեց, որ տեսականորեն պատգամավորների առավելագույն թիվը կարող է կազմել 198, իսկ գործնականում 120-130:
Նա ներկայացրեց, որ խորհրդարանում իրենց ներկայացուցիչները կունենան նաև ազգային փոքրամասնության ներկայացուցիչները, որոնց թիվը կարող է կազմել 4 պատգամավոր: Հավելյալ պատգամավորներ ունենալու հնարավորություն կուսակցությունները կարող են ստանալ այն դեպքում, երբ երկրորդ փուլում ստանում են առավելագույն ձայներ:
«Եթե որևէ կուսակցություն առաջին փուլում ստանա 45 տոկոս ձայներ, երկրորդ փուլում հաղթի, ապա կավելանա ևս 9 մանդատ: Այդ դեպքում մեր պատգամավորների թիվը կդառնա 110 և այդպես շարունակ», – նշեց նա: Թովմասյանը ներկայացրեց նաև տեսականորեն անհնարին տարբերակ, ըստ որի, եթե առաջին փուլում 6 տոկոս ձայն ստացած կուսակցությունը երկրորդ փուլում ստանա առավելագույն ձայներ, ապա մանդատների թիվը զգալիորեն կավելանա:
Իսկ հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը նշեց, որ նոր Սահմանադրությամբ կարող է ամրագրված լինել պատգամավորների` հայերեն լեզվի իմացությունը սահմանող նորմ: Նրա խոսքով, Հանձնաժողովի անդամները նման դրույթ նախատեսել են և մտադիր են հետևել հասարակության արձագանքին: «Ղազախստանում, օրինակ, պատգամավորը ղազախերենի թեստը չանցավ և չընդգրկվեց համամասնական ցուցակի մեջ: Մենք Ազգային ժողովում տեսել ենք, որ մեծ պրոբլեմներ կան այս խնդրի հետ կապված, շատ քննարկումներ ունեցանք այս հարցի շուրջ: Մեզ պետք է, որ քննարկումներ լինեն, ինչից հետո մեխանիզմներ կգտնվեն», -հավելեց սահմանադրագետը: