ՆՎԵՐՆԵՐ ՏԱԼԻՍ ԵՆ ՈՒ ՍՏԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ամանորին պատրաստվում են բոլորը՝ անկախ նրանից, տանն են լինելու, թե դրսում: Մեր երեք զրուցակիցներն էլ յուրովի են նշելու Նոր տարին: Իսկ թե ինչպես, հիմա կիմանաք: 
ՄԱՐԻԱՆՆԱ ՄԽԻԹԱՐՅԱՆ
-Նոր տարին անցկացնելու ենք տանը, դա շատ ընտանեկան տոն է: Արդեն գնել եմ տոնածառի նոր խաղալիքներ: Նոր տարուց առաջ սթրեսի կամ պանիկայի մեջ չեմ ընկնում, դա շատ գեղեցիկ տոն է ու ոչ միայն ուտելու: Համենայնդեպս, որոշել եմ պատրաստել իմ հատուկ ուտեստը` խեցգետինը սնկով: Խեցգետինն արդեն մաքրած սառեցրած գնել եմ, խաշել եմ նաեւ սունկն ու դրել սառնարանի մեջ: Դա շատ օրիգինալ ուտեստ է, որից Երեւանում համարյա թե ոչ ոք չի պատրաստում:
-Փաստորեն, ավանդական “Մայրաքաղաքային” աղցանն ու բլինչիկը չեն լինելու:
-Փառք Աստծո, հիմա մեր կյանքը մի քիչ լավացել է,  բլինչիկ ու տարբեր աղցաններ մենք մեր ընտանիքում շատ ավելի հաճախ ենք ուտում: Նոր տարին այնպիսի տոն է, որ կարելի է ավելի օրիգինալ բան մտածել: Այս տարի ես ուզում եմ ինչ-որ օրիգինալ ուտեստ պատրաստել ճագարից: Հիմա լավ բաղադրատոմս եմ փնտրում: 
Նվերներ գնելո՞ւ եք:
-Այո՛, ես դա շատ եմ սիրում անել: Ավա՜ղ, չեմ կարող բոլորին շատ մեծ նվերներ անել, բայց հաճելի ու պիտանի նվերներ միշտ մատուցում եմ:
-Դուք ի՞նչ եք ուզում նվեր ստանալ:
-Հաճելի տրամադրություն, անհոգ եւ ուրախ պահեր: Հավատացե՛ք, նյութական բաներ չեմ ուզում, թող լինի աշխատանք, ես ինքս կգնեմ այն ամենը, ինչ հարկավոր է:
-Որքա՞ն գումար եք նախատեսել ծախսել տոների ընթացքում:
-Մեր ընտանիքում առանձնապես ոգեւորված գնումներ չենք անում, ամեն ինչ ավելի զուսպ, քան միգուցե ուրիշները: Բայց մենք չենք հաշվում, քանի որ երբ սկզբում հաշվում ես, մտածում ես՝ վա՜յ, ահավոր է, բայց երբ չես հաշվում, ընթացքում համարյա թե այդքան էլ ծախսվում է, սակայն դու արդեն չես զգում: 
ԱՐՏԱՇ ԱՍԱՏՐՅԱՆ
-Տոներին ե՛ւ աշխատելու ենք, ե՛ւ տանն ենք ժամանակ տրամադրելու: Ու հայկական ավանդույթի համաձայն՝ մեզ են գալիս շնորհավորելու, մենք ենք գնում: Տոներից հետո՝ երեւի հունվարի 3-4-ին, ընտանիքով կգնանք երկրից դուրս՝ հանգստանալու: 
-Դուք երեք երեխա ունեք, նրանք իրենց ցանկությունները հայտնե՞լ են:
-Իհարկե, մենք էլ մեր հերթին պետք է կատարենք էրեխեքի ուզածը: Մեծ որդիս Ձմեռ պապիկից այս տարի Iphone 5 է խնդրել, անպայման կստանա: Աղջիկս հատուկ ոչինչ չի նշել, բայց գրել է, որ շատ նվերներ է ուզում` պայուսակ, հագուստ… Իսկ փոքրն էլ դե շատ փոքր է, 6 ամսական է, դեռ ցանկություններ չի հայտնել: 
-Ձեր տոնական շնորհավորանքը:
-Ես ցանկանում եմ, որ բոլոր տներում միշտ բարձր երաժշտություն լինի, էդ դեպքում կնշանակի, որ ամեն ինչ լավ է: Ինձ համար էլ առողջություն եմ ուզում Աստծուց, մնացածն էլ մենք կստեղծենք: 
ՆԱՌԱ 
-Տոնածառն արդեն դրել եմ, զարդարել եմ բնակարանը, ինձ մոտ արդեն տոնական տրամադրություն է, ես տոներ շատ եմ սիրում: Նույնիսկ երբ տոներ չկան, ես դրանք ստեղծում եմ, աշխատում եմ եղած տոնն էլ բաց չթողնել: 
-Օրիգինալ ուտեստներ պատրաստելո՞ւ եք:
-Քանի որ այս տարի Նոր տարին Երեւանում չեմ անցկացնելու, դրա համար էլ այդ ուղղությամբ չեմ մտածել:
-Իսկ որտե՞ղ եք անցկացնելու:
-Սինգապուրում, մեկնելու ենք ընտանիքով եւ ընկերներով:
Անցած տարի էլ Դուբայ էիք մեկնել:
-Ճիշտ է, այս տարի էլ այդ նույն ընկերախմբով մեկնում ենք Սինգապուր: Բոլորս էլ սիրում ենք տաք երկրներ, 10 օրով կկտրվենք այս ցրտից: 
-Նվերներ գնելո՞ւ եք տան անդամների համար:
-Բոլորն էլ նվերներ կստանան, բայց տոներից շուտ: Նախօրոք չեմ հարցնում՝ ով ինչ է ուզում, ես համարյա թե միշտ գիտեմ՝ ում ինչ է պետք: Օրինակ, երբ ես եմ ուզում որեւէ նվեր ստանալ, բարձրաձայն ասում եմ, նույնիսկ եթե ինձ չեն հարցնում:
Ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին: 
-Շնորհավորում եմ, երջանկություն եմ մաղթում, ուրախ տարի լինի բոլորիս համար: 
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս