Ինտեգրված սոցիալական ծառայությունների և սոցիալական պաշտպանության ոլորտում եռակողմ փորձի փոխանակման շրջանակներում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ու ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակը 2015թ. հուլիսի 12-17-ը հյուրընկալել են Ղազախստանի և Տաջիկստանի պատվիրակություններին:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնյաները հնգօրյա այցի շրջանակներում պատվիրակությունների անդամներին ծանոթացրել են ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգին, դեպքի վարմանը, համայնքային սոցիալական ծառայությունների միջև համագործակցությանը, ինչպես նաև տեղական սոցիալական պլանավորման ասպեկտներին:
Տաջիկ և ղազախ հյուրերը այցելել են Վեդի քաղաքի ինտեգրված սոցիալական ծառայությունների կենտրոն, որտեղ նրանց ներկայացվել է դիմումների միասնական ընդունման կարգը, դեպքի վարման մեթոդաբանությունը: Հյուրերը եղել են նաև Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտում, «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնում, ծանոթացել տեղեկատվական նոր համակարգերին, ինչպես նաև «114» թեժ գծի ծառայության աշխատանքներին:
Պատվիրակությունների ներկայացուցիչները հինգ օրերի ընթացքում մեծ հետաքրքրությամբ ծանոթացել են բարեփոխումների ընթացքին: Նրանց խոսքով՝ իրենց երկրում ևս սոցիալական ոլորտի լուրջ բարեփոխումներ են իրականացվում և Հայաստանից ստացած գիտելիքները կօգնեն իրենց երկրում լուրջ ձեռքբերումներ ունենալ և գործնական լուրջ քայլեր ձեռնարկել:
«Մենք ոչ միայն տեսականորեն ենք ծանոթացել ոլորտում ընթացող բարեփոխումներին, այլև տեսել ենք թե ինչպես են գործածվում դրանք կյանքում: Այսօր Ղազախստանում ևս սոցիալական ոլորտում ընթանում են բարեփոխումներ, ուստի մեր պրակտիկ գիտելիքները թե ինչպես են գործում ինտեգրված կենտրոնները, ինչպես են աշխատում դեպք վարողները և հատկապես միասնական ընդունարանների գործարկումը, վստահաբար կօգտագործենք ի նպաստ մեր երկրի սոցիալական ոլորտի զարգացման».-նշել է Ղազախստանի պատվիրակության ներկայացուցիչ Շելպան Ուլմուխաբետովան:
Այցի ընթացքում ներկայացվել են նաև սոցիալական պաշտպանության ոլորտի ծրագրերի մոնիտորնգի և գնահատման համակարգը, սոցիալական պաշտպանության համակարգի մակրո-տնտեսական և բյուջետային ասպեկտները:
Տաջիկստանի պատվիրակության ներկայացուցիչ Կուրբանով Կուդրատուլոն չափազանց կարևորել է սոցիալական ոլորտում գործնականում Հայաստանի կիրառած փորձին ծանոթանալը: Տաջիկ ներկայացուցչին հատկապես հիացրել էր միասնական ընդունարանների գործարկման և սոցիալական ոլորտի ծրագրերի մոնիթորինգի և գնահատման մեխանիզմները: «Վստահ եմ, որ այս 2 կարևոր բարեփոխումները մեր երկրի սոցիալական պաշտպանության ոլորտում անպայման տեղ կգտնեն»,-իր խոսքում ընդգծել է Կուրբանով Կուդրատուլոն:
Պատվիրակությունների կազմում ներկայացված էին Ղազախստանի և Տաջիկստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների պաշտոնյաներ և ՀԿ սեկտորի ներկայացուցիչներ:
Փորձի փոխանակման նպատակով Հայաստան այցելած պատվիրակության անդամները այցի ավարտին վստահեցրել են, որ եռակողմ ուսումնական այցը լավագույն հարթակն է երեք մասնակից երկրների ներկայացուցիչների համար գիտելիքի, հաջողված փորձի փոխանակման և սոցիալական պաշտպանության ծրագրերի իրականացման գործընթացում նոր մոտեցումների ու մեխանիզմների մշակման համար: