Եթե նոր Սահմանադրությունը ուժի մեջ մտնի, ապա ներկայիս ՀՀ-ից կմնա միայն անվանումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ծանոթանալով սահմանադրական բարեփոխումների փաթեթի` նախօրեին հրապարակված առաջին 7 գլուխներին՝ կարող ենք արձանագրել, որ ՀՀ ներկայիս իշխանությունները որոշել են քանդել գործող Հայաստանի Հանրապետությունը եւ պետությունը վերաձեւելով՝ այն դարձնել իրենց քիմքին ու նախասիրություններին համապատասխան: Իսկ ներկա իշխանությունների նախասիրությունը, բնականաբար, իրենց իշխանության հավերժացումն է, որպեսզի նախ՝ իրենք մինչեւ մահուգերեզման իշխեն, հետո՝ այդ իշխանությունը ժառանգության սկզբունքով հանձնեն իրենց զավակներին, նրանք էլ իրենց զավակներին ու այսպես շարունակ:

Եթե նոր Սահմանադրությունը ուժի մեջ մտնի, ապա ներկայիս Հայաստանի Հանրապետությունից կմնա միայն անվանումը, իսկ բովանդակային մասով այն ամբողջությամբ կենթարկվի փոփոխության:

Իր իշխանությունը հավերժացնելու խնդիրը ներկա վարչակազմը ցանկանում է լուծել մեկ պարզ քայլով` սահմանելով, որ ԱԺ ընտրությունների արդյունքում մեկ քաղաքական ուժ պետք է անպայման մեծամասնություն ունենա` այդպիսով բացառելով կոալիցիա կազմելու, այսինքն՝ իշխանությունը պարտադրված կիսելու տարբերակը: Սա նույնն է, թե իշխանությունները գրեին, որ այսուհետ Հայաստանի իշխանությունը լինելու է ՀՀԿ-ն, եւ նման հեռանկարից հրաժարվելու միակ տարբերակը վարչակազմի դեմ ապստամբելն է: Իհարկե, իշխանությունները կարող են ասել, որ ցանկացողները կարող են խորհրդարանական ընտրություններում հաղթել եւ ստանձնել իշխանությունը: Սակայն այս մոտեցումն ընդամենը տեսական է, եւ իրականությունն այն է, որ ներկա պայմաններում որեւէ քաղաքական ուժ չի կարող միանձնյա հաղթել ԱԺ ընտրություններում եւ ՀՀԿ-ից խլել իշխանությունը: Արդյունքում կստացվի, որ քաղաքական ուժերը հավերժ շրջապտույտի մեջ կհայտնվեն:

Ինչպես հայտնի է՝ վերջին տարիներին ընդդիմությունն անընդհատ բարձրաձայնում էր, որ անհրաժեշտ է խորհրդարանը 100 տոկոս համամասնական ընտրակարգով ձեւավորել: Ստացվում է, որ ՀՀ իշխանություններն էլ որոշել են այդ ցանկությունը այնպես իրագործել, որ հաջորդ պահից սկսած բոլորը սկսեն անիծել այն օրը, երբ որոշվեց խորհրդարանը 100 տոկոս համամասնական ընտրակարգով ձեւավորել:

Նոր Սահմանադրության հաջորդ առանձնահատկությունն այն է, որ տեքստը չափից ավելի երկար է եւ իր բովանդակությամբ ավելի շատ օրենսգրքերի խառնուրդ է հիշեցնում: Գործող սահմանադրությունը, օրինակ, իր ձեւակերպումների մեջ շատ կոնկրետ է եւ հակիրճ: Իսկ առաջարկվող նախագիծը լոլոների մի շարան է, որտեղ բազմաթիվ տերմիններ եւ ինչ-որ հասկացություններ են օգտագործված, ու մի հաստափոր գիրք էլ պետք է գրեն, որպեսզի այդ ձեւակերպումները պարզաբանեն:

Ասենք՝ նախագծի 24-րդ «Ֆիզիկական եւ հոգեկան անձեռնմխելիության իրավունքը» հոդվածի 2-րդ «Բժշկական եւ կենսաբանության ոլորտում, մասնավորապես արգելվում են» կետի 1-ին ենթակետում գրված է՝ «եվգենիկական փորձերը»: Հիմա հարց՝ բժշկական կրթություն չունեցող քաղաքացիներից քանի՞սը գիտի, թե ինչ է նշանակում եվգենիկական փորձ, Հայաստանի բնակչության ո՞ր մասը գիտի, որ դա նշանակում է մարդու սելեկտավորում: Ընդհանրապես, որն է այդ դրույթը գրելու անհրաժեշտությունը: Մեկ այլ օրինակ՝ նախագծի 26-րդ «Անձնական ազատությունը» հոդվածի 1-ին կետով նախատեսվում են ազատությունից զրկելու դեպքերը, որի 6-րդ ենթակետի համաձայն՝ մարդը հարկադրաբար ազատությունից կարող է զրկվել, եթե, ասենք, «գինեմոլ է»: Հիմա հարց՝ ով եւ ինչպես է որոշելու՝ տվյալ մարդը գինեմոլ է, թե ոչ: Ասենք՝ ՀՀ բնակչության մեծամասնության կարծիքով ՀՀԿ-ի ողջ վերնախավը՝ սկսած Սերժ Սարգսյանից, գինեմոլ է եւ պետք է ինքնամեկուսացվի, հետո՞:

Ընդհանրապես, ով է ասել, որ Հայաստանի մի քանի իրավաբանների բոլոր մտաբեւեռումները պետք է Սահմանադրության տեքստում տեղ գտնեն: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծը մշակող հանձնաժողովի անդամներից յուրաքանչյուրի մտքին ինչ եկել է, փաստաթղթում գրել է: Արդյունքում հայտնի մուլտֆիլմի պատմության պես մի բան է ստացվել. մեկն իր պոչի ցավերի, մյուսը` մազաթափության, մեկն էլ տանտիրոջ ջերմելու մասին է գրել եւ այսպես շարունակ:

Սահմանադրությունը օրենքներից տարբերվում է նրանով, որ ամեն առիթով չի կարող փոխվել, եւ այն երբեք չպետք է պարունակի բացատրության կարիք ունեցող, երկիմաստ ձեւակերպումներ: Ցանկացած քաղաքացի պետք է հնարավորություն ունենա Սահմանադրությունը ընթերցել եւ հստակ հասկանալ, թե այնտեղ ինչ է գրված: Սահմանադրությունը չպիտի լինի մի փաստաթուղթ, որից օգտվելու համար անպայման մասնագետ անհրաժեշտ լինի:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս