ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կայացել է Խաղաղաշինությունը հակամարտությունից հետո թեմայով քննարկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կայացել է 2012թ. վերջին բաց քննարկումը նվիրված “Խաղաղաշինությունը հակամարտությունից հետո” թեմային, որի ընթացքում իր զեկույցը ներկայացրեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, իսկ կազմակերպության անդամ պետությունների ներկայացուցիչները՝ ներառյալ Հայաստանի դեսպանը, հանդես եկան տվյալ թեմային առնչվող ելույթներով:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից  հայտնում են, որ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է, որ կարգավորման գործընթացների ձգձգումը ոչ միայն վնասում է տարածաշրջանային համագործակցությունը և մեծապես սահմանափակում խաղաղաշինությանը միտված ջանքները, այլ նաև պարունակում է հակամարտությունների վերսկսման լրջագույն սպառնալիքներ:
Նա հավելել է, որ հակամարտությունից հետո ընկած ժամանակաշրջանը հնարավորություն է ընձեռնում խաղաղարար գործընթացի միջոցով կայուն զարգացման հիմքեր ստեղծել մեր տարածաշրջանում, որի համար առաջին հերթին անհրաժեշտ է դրսևորել քաղաքական կամք ու վճռականություն:
Դեսպան Նազարյանը նշել է նաև, որ ԱԽ հաճախակի է անդրադառնում նշված թեմային՝ դրանով իսկ կարևորելով խաղաղաշինության գործընթացների և մեխանիզմների իրականացումը, որոնք ուղղված են կանխարգելելու հակամարտությունների վերսկսումը, և որոնք հանդիսանում են հարատև անվտանգության և կայունության, խաղաղության ու զարգացման անհրաժեշտ նախադրյալներ:
ԱԽ դեկտեմբերի 20-ի նիստի արդյունքում ընդունվել է նախագահական հայտարարություն:




Լրահոս