ՀԱՎԱՍՏԻԱՑՐԵԼ ԵՆ, ՈՐ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿ ԿՑՈՒՑԱԲԵՐԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հարցազրույց ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկու հետ:
-Հայաստանն ընդգրկված է ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում: Սակայն, մյուս կողմից, շատ է խոսվում ՌԴ-ի կողմից ստեղծվելիք Եվրասիական միությանն անդամակցելու մասին: Ձեր կարծիքով՝ ՀՀ-ի համար ո՞րն է ճիշտ ուղին՝ Եվրոպակա՞ն միություն, թե՞ Եվասիական միություն:
-Ամենաօպտիմալը, իհարկե, սեփական, հայկական ուղին է: Բայց այդ արահետը միայնակ հարթելը դժվար է: Ուստի հարկավոր է դիտարկել այլ երկրների ուղին:
Նման պայմանագրերը կնքվում են՝ կախված երկրի առաջ կանգնած մարտահրավերներից, դրանց բնույթից, կախված նրանից, թե ինչ է անհրաժեշտ ՀՀ-ին: Ես ինքս հայ չեմ, ու ինձ համար դժվար է որեւէ բան հուշել: Բայց, իմ խորին համոզմամբ, արդեն 60 տարի գործում է պետությունների համագործակցության յուրահատուկ մոդել, ինչպիսին ԵՄ-ն է: Այն, իհարկե, իդեալական չէ, բայց առ այսօր արդարացնում է իրեն: Միայն այն փաստը, որ Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է ԵՄ-ին, նշանակում է՝ ԵՄ-ն հաջողությամբ ու հիմնավոր կերպով լուծել է առնվազն մեկ կարեւորագույն հարց՝ խաղաղության հարցը: Իմ կարծիքով՝ հայերը գործնական ազգ են, եւ նրանց հետաքրքրում են ֆինանսական կարողությունները: Եթե հաշվենք ԵՄ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվող օգնությունը, դա նույն հարթության մեջ է, ինչ իմ երկիրը՝ Լեհաստանը, ստանում էր մինչեւ ԵՄ անդամ դառնալը: Լեհաստանի առաջ երբեք չի եղել “ի՞նչ ենք ուզում” հարցը. Լեհաստանում մշտապես գիտակցել են ԵՄ-ին անդամակցելու անհրաժեշտությունը: Լեհաստանի առաջ եղել է մեկ հարց՝ “իսկ ինչպե՞ս անենք, որ ԵՄ-ին անդամակցելը ոչ միայն արագ, այլեւ հնարավորինս ողջամիտ լինի”:
Հայաստանը գտնվում է այլ իրավիճակում, համագործակցության բոլորովին այլ մակարդակի վրա: Իմ պատկերացմամբ` ՀՀ-ի առջեւ այսօր ծառացած է երկրի բարեփոխման, արդիականացման հարցը: Ինչ ընտրություն էլ կատարի Հայաստանը, դա նրա ընտրությունը պետք է լինի:
-Ձեր կարծիքով՝ կարելի՞ է համատեղել ԵՄ-ն ու ԵվրԱզԷՍ-ը: Օրինակ՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել էր, թե իրենք առաջնորդվում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկած մոդելով, ըստ որի՝ ԵՄ-ն ու ԵվրԱզԷՍ-ն իրար չեն հակասում:
-Այսօր այդ խոսակցությունը համարում եմ անհիմն: Մենք չունենք իրար հետ համեմատելու բաներ: Մի կողմից գործող ԵՄ-ն է, իսկ մյուս կողմից՝ Եվրասիական միություն ստեղծելու քաղաքական ցանկությունը: Մենք հստակ հասկանում ենք Հայաստանի եւ ՌԴ-ի միջեւ հարաբերությունները: Մյուս կողմից ակնհայտ է, որ ՀՀ-ն չպետք է իրեն գցի ցանկացած ծրագրի մեջ: Բայց համատեղել այս ամենը, կարծում եմ, դժվար է: Ես չգիտեմ մի երկիր, որտեղ միաժամանակ կիրառում են ե՛ւ աջակողմյան, ե՛ւ ձախակողմյան երթեւեկություն: Միգուցե հնարավոր է համատեղել այդ երկուսը, բայց դա բավական ռիսկային է:
-Ի՞նչ եք կարծում՝ Հայաստանը երբեւէ կանդամակցի՞ ԵՄ-ին, թե՞ կսահմանափակվի Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում համագործակցությամբ:
-Որոշ ժամանակ ես աշխատում էի արտերկրում եւ 90-ականների սկզբին վերադարձա Լեհաստան: Պատկերն ամենեւին էլ ուրախացնող չէր՝ գարուն էր, մարտ ամիսը, դեռ ցուրտ, ձյուն, աղքատություն, սարսափելի գնաճ: Եւ այն ժամանակ Լեհաստանում կային մարդիկ, որոնք ասում էին՝ մեր ուղղությունը պետք է լինի դեպի ԵՄ: Դա ամենեւին էլ ծրագիր չէր, այլ ընդամենը մի քանի մտածողների գաղափար: Եւ իրականացավ այդ գաղափարը: Մոտ քսան տարի տեւեց, մինչեւ Լեհաստանն անդամակցեց ԵՄ-ին: Մենք գիտեինք՝ ինչ էինք ուզում, եւ արեցինք ամեն ինչ, որպեսզի մեր ցանկությունը հնարավորինս արագ դառնա իրականություն: Մենք չենք կարող գուշակել՝ ինչ կլինի առաջիկայում: Արեւելյան գործընկերության ծրագիրը ճանապարհ է, որը տանում է դեպի մի նոր ճանապարհ: Հայաստանը հիմա զարգացման այլ մակարդակում է, պատմական այլ ժամանակի մեջ, այլ ուղու վրա: Միգուցե ձեզ մոտ ճանապարհը շատ ավելի երկար լինի: Եթե ՀՀ-ում հիմնարար բարեփոխումներ իրականացվեն, միգուցե հնարավոր է, որ ինչ-որ պահի ՀՀ-ն էլ ունենա Շվեյցարիայի, Նորվեգիայի նման կարգավիճակ. չմտնելով ԵՄ կազմ, այնուամենայնիվ, օգտվել բոլոր այն հնարավորություններից, որոնցից օգտվում են ԵՄ անդամ երկրները, բացառությամբ ԵՄ-ում որոշում ընդունելու, քվեարկելու իրավունքից: Հիմա նախապայմանները բավական խստացել են:
-Նախորդ շաբաթ Հայաստան այցի ժամանակ Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին շեշտեց, որ ԵՄ-ՀՀ հարաբերությունների հետագա խորացման համար անհրաժեշտ են առաջին հերթին անթերի նախագահական ընտրություններ: Ձեր կարծիքով՝ կա՞ն նախադրյալներ, որ ընտրություններն անցնեն իրապես ազատ եւ արդար:
-Հայաստանում կան ընտրությունների մասին լավ օրենքներ, որը նաեւ հավանության է արժանացել Վենետիկի հանձնաժողովի կողմից: Հարցը քաղաքական կամքի առկայության մեջ է` վճռականություն, որպեսզի այդ օրենքները կյանքի կոչվեն: Ընտրական գործընթացի ժամանակ նախեւառաջ հարկավոր է ըմբռնել այս ընտրությունների նշանակությունն ու կարեւորությունը: Տարբեր երկրներում ընտրությունները տարբեր կերպ են անցկացվում՝ մի քիչ շատ կամ քիչ խախտումներով: Գլխավորը՝ ընտրությունների մասնակիցներն ընտրությունների պաշտոնական արդյունքները տեսնելուց հետո իրենց խաբված չզգան: Մեր երկրում էլ ընտրություններն անցնում են բավական թեժ մթնոլորտում, բայց ընտրություններից հետո, արդյունքների հրապարակումից հետո որեւէ մեկն իրեն խաբված չի զգում: Ինձ թվում է՝ կան նախադրյալներ, որ Հայաստանում ընտրություններն անցնեն հնարավորինս լավ. կան լավ օրենքներ, կան երկրի ղեկավարների հավաստիացումներն այդ ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելու մասին:
-Իսկ եթե ընտրությունները կրկին անցնեն խախտումների մթնոլորտում, ԵՄ-ի կողմից ի՞նչ արձագանք է սպասվում:
-Մենք ՀՀ իշխանություններից ունենք հստակ հավաստիացումներ, որ ընտրություններն անցկացվելու են բարձր մակարդակով: Ուստի եկե՛ք մտածենք, թե ինչ կլինի, եթե ընտրությունները լավ անցնեն: Կարծում եմ՝ շատ լավ կլինի:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս