ՀՀԿ-ական պատգամավոր Արա Բաբլոյանը կարծում է` 2 մլնով կարող է վերականգնել իր ԲԿ-ի հեղինակությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Արա Բաբլոյանի անվան շուրջ դատական գործընթացների պատմությունները չեն դադարում պտտվել: Եթե մինչ այս մի շարք քաղաքացիներ ԱԺ պատգամավորին պատկանող «Արաբկիր» բժշկական կենտրոնի դեմ էին դատական հայցեր ներկայացնում, ապա հիմա էլ Արա Բաբլոյանն է դատի տալիս լրատվամիջոցին եւ դեռ ավելին՝ գումար պահանջում:

2015թ մարտի 9-ին «Արաբկիր բժշկական համալիր երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտ» ՍՊԸ-ն եւ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արա Բաբլոյանը դիմել են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ «Հրապարակ» օրաթերթից պահանջելով իր պատիվն ու արժանապատվությունը արատավորելու համար հրապարակել հերքում, ինչպես նաեւ՝ 2 մլն դրամի փոխհատուցում: Իսկ ո՞ր հրապարակումն է այդպես «խոցել» Արա Բաբլոյանին:

Օրաթերթը ««Արաբկիր» կենտրոնը՝ հեպատիտ C-ի ավելի «բարենպաստ» օջախ» վերտառությամբ հոդված էր հրապարակել, որտեղ նշել էր, թե «Արա Բաբլոյանին պատկանող բժշկական կենտրոնում «բուժում» ստացած մարդիկ կան, որ մի կերպ հասել են Բելգիա եւ առաջին իսկ հետազոտությունից հետո պարզել, որ Բաբլոյանի կենտրոնից «սյուրպրիզ» ունեն՝ հեպատիտ C»: Քաղաքացիներից մեկը, որ հենց Բելգիայում էր իմացել իր հեպատիտի մասին, Օվսաննա Զոհրաբյանն էր:

Արա Բաբլոյանն իր հայցը հիմնավորել է հետեւյալ պատճառաբանությամբ, թե օրաթերթի դեմ դատական հայց է ներկայացրել, քանի որ լրատվամիջոցից ոչ ոք չի ցանկացել իր մոտ գալ եւ իմանալ իրականությունը: Եւ հիմա, մինչ ՀՀ առողջապահության նախկին նախարար Բաբլոյանը փորձում է 2 մլն դրամով ճշմարտությունը վերականգնել իր կյանքում, մի շարք քաղաքացիներ էլ շարունակում են պնդել, որ իրենց երեխաների իրական մահվան մեղավորները ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արա Բաբլոյանին պատկանող ԲԿ-ի աշխատակիցներն են:

Հիմա խոսենք փաստերով. դեռեւս 2013 թվականին ԱԺ պատգամավոր Արա Բաբլոյանին պատկանող «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացել էր Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ, 2-ամյա Լիա Միսակյանը: Երեխայի ծնողները վստահեցնում էին, որ եթե բժիշկներն անփութություն չցուցաբերեին, ապա իրենց երեխան կենդանի կլիներ: Եւ շուրջ 2 տարի տեւած պայքարից հետո Լիայի հայրիկին՝ Գեորգի Միսակյանին, հաջողվեց հասնել նրան, որ ԲԿ-ի աշխատակիցները դատարանի կողմից պատասխանատվության ենթարկվեցին:

Այսքանով ամեն ինչ չի ավարտվում, դեռեւս 2012 թվականի սեպտեմբերի 4-ին էլ «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացել էր 1 տարեկան Էլեն Փարսադանյանը: Երեխայի մայրը եւս կատարվածի մեջ մեղադրում էր բժիշկներին, սակայն մինչ օրս մորը չի հաջողվում ապացուցել բժիշկների մեղքի չափաբաժինը: Թե ինչ զարգացումներ կլինեն, դեռ վաղ է ասել:

Նկատենք, որ նման շատ դեպքերում մարդիկ, պարզապես իրենց վշտից գլուխները կորցրած, չեն էլ ցանկանում գնալ իրավական ճանապարհով եւ հարմարվում են իրենց կրած կորուստի հետ: Բոլորը չէ, որ 2-ամյա Լիայի հոր՝ Գեորգիի նման պատրաստ են լինում հնարավոր բոլոր տարբերակներն օգտագործել՝ ապացուցելու, որ բժիշկներն էին երեխայի մահվան մեղավորը:

Ուշագրավ է նաեւ այն իրողությունը, որ եթե պատգամավորին պատկանող բժշկական կենտրոնի դեմ մարդիկ դատական հայց են ներկայացնում արդարության հասնելու եւ «սրտները հովացնելու» հույսով, ապա պատգամավորը որոշել է լրատվամիջոցների հաշվին փող աշխատել: Հանրապետական կուսակցության անդամ Արա Բաբլոյանը, որը «Հրապարակ» օրաթերթից 2 մլն դրամ է պահանջում՝ իր արժանապատվությունը վիրավորելու եւ բարի համբավն արատավորելու համար, թերեւս կարծում է, որ այս գումարով հնարավոր կլինի վերականգնել իր եւ իր սեփական հիվանդանոցի հեղինակությունը: Բայց չէ՞ որ հեղինակությունը գումարով հնարավոր չէ գնել՝ անկախ զրոների քանակից:

Բաբլոյանն առանձնապես տխուր վիճակում չէ ֆինանսական կարողությունների իմաստով, սակայն նրա վարկանիշն ամենեւին էլ բարձր չի համարվում: Օրինակ՝ 2014 թվականին Բաբլոյանը պաշտոնապես հայտարարագրել է իր ունեցվածքը. 34 միլիոն 127 հազար դրամի եկամուտ ունի: Նրա ամսական հասույթը՝ աշխատավարձ եւ աշխատավարձին հավասարեցված միանգամից չորս առանձին գումարները, կազմում են 5 մլն 57 հազ, 3 մլն, 23 մլն 520 հազ. եւ 969 հազ. դրամ: Եւ ինչպես ՀՀ բոլոր նախկին ու ներկա չինովնիկները, Բաբլոյանն էլ փոխառությունից եկամուտներ է ստանում: Միայն նախորդ տարի նա հայտարարագրել է 1 մլն 205 հազ. եւ 374 հազ. դրամ եկամուտ, որը ստացել է փոխառությունից:

Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրության 65 հոդվածով սահմանված է, որ պատգամավորը չի կարող կատարել այլ վճարովի աշխատանք՝ բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից: Սակայն Արա Բաբլոյանը այս իրողությունը շատ լավ իմանալով՝ պաշտոնապես հայտարարագրել է, որ ունի 48 մլն 851 հազ. դրամ, 57 հազա 250 դոլար, 9 հազ. 500 եւ 7 հազ. շվեյցարական ֆրանկ դրամական միջոցներ:
Դատելով Արա Բաբլոյանի ունեցած միլիոններից՝ դժվար է պնդել, որ նա փորձում է օրաթերթին տուգանքի ենթարկելու հաշվին հարստանալ: Նրա թաքուն նպատակն իրականում լրատվամիջոցից գումար պահանջելու միջոցով մամուլի հետագա գործունեությունը վտանգելն է, որպեսզի լրատվամիջոցները հետայսու «վախենան» Բաբլոյանի մասին որեւէ տող գրել: Բայց արդյո՞ք նա կհասնի ցանկալի արդյունքին, դեռ դժվար է ասել: Համենայնդեպս, աշխարհում չի եղել որեւէ պաշտոնյա, պետական կամ հասարակական գործիչ, որը մամուլի դեմ կռվում հաղթած լինի:

Քնար Մանուկյան




Լրահոս