Դոնի Ռոստովի կայազորային դատարանը որպես խափանման միջոց կալանքն է ընտրել Հարավային ռազմական օկրուգի պարենային ծառայության պետի նախկին տեղակալ Դենիս Զորինի հանդեպ, գրում է EADaily-ին:
Զորինը մեղադրվում է խաբեբայության ճանապարհով 450 միլիոն ռուբլուց ավելի արժեքով ավիացիոն ռազմաբազայի կարիքների համար մատակարարվող սննդամթերքի հափշտակման մեջ:
Տեղեկացվում է, որ բազմամիլիոնանոց հափշտակումների դեպքերը բացահայտվել են Գյումրիում ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից դաժան սպանությունից հետո անցկացվող քննչական գործողությունների ժամանակ:
Հետաքննիչները բացահայտել են ուշագրավ մանրամասներ: Մասնավորապես պարզվել է, որ զինվորները բավական հաճախ են լքել զորամասի տարածքը՝ սննդամթերքի փնտրտուքով: Ավելի պարզ ասած` նրանք թերսնվել են: Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանում ռուսական ռազմաբազան սննդամթերքով է մատակարարվել անխափան ու ամբողջ ծավալով:
Ինչպես պարզվել է, Հայաստանում ռուսական ռազմաբազայում գործել է սննդամթերքի հափշտակման մի ամբողջ համակարգ: Այդ շղթան տարել, հասցրել է Հարավային ռազմական օկրուգի պարենային ծառայության պետի տեղակալ Դենիս Զորինին: Սակայն վերջինիս պաշտոնանկ անելու փոխարեն` բարձրացվել է նրա պաշտոնն ու նշանակվել Կենտրոնական ռազմական օկրուգի պարենային ծառայության պետ:
Մեկ տարվա ընթացքում հետաքննությունը հասել է նրան, որ ռուս գնդապետին ձերբակալեն: Այժմ Զորինը կալանավորված է: