Հայաստանի իշխանությունները մինչ օրս խորությամբ չեն ուսումնասիրել` ինչու է պարբերաբար փակվում Լարսի ճանապարհը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի լրատվական միջոցների լրահոսում պարբերաբար լինում են հրապարակումներ այն մասին, որ Ռուսաստանից Վրաստանի միջոցով Հայաստան եկող ավտոճանապարհի Լարսի հատվածը փակ է: Ընդ որում, պատճառները տարբեր են:

Լարսի ավտոճանապարհը ձմեռային եղանակներին առատ ձյան պատճառով է փակվում, անձրեւից սողանքներ են սկսվում, փակվում է, իսկ առավել տաք եղանակներին ավտոճանապարհը պարբերաբար վերանորոգվում է: Այս պատճառաբանությունները տարիներ շարունակ չեն փոխվել: Սակայն Հայաստանի իշխանությունների որեւէ ներկայացուցիչ մինչ օրս խորությամբ չի ուսումնասիրել, ու չի բարձրաձայնել, թե ինչպե՞ս կարող է նույն ավտոճանապարհը տարվա մեջ մի քանի անգամ տարբեր պատճառներով փակվել: Ինչպե՞ս կարող է Վրաստանն այդքան անտարբեր լինել իր իսկ կոմունիկացիաների նկատմամբ:

Նկատենք, որ այդ ավտոճանապարհի փակման արդյունքում Հայաստանն ուղղակի հայտնվում է շրջափակման մեջ՝ ունենալով արտաքին աշխարհի հետ ընդամենը մեկ ցամաքային ճանապարհ՝ Իրանով:

Իսկ ինչո՞ւ է վրացական այդ ավտոճանապարհը պարբերաբար «վթարվում»: Թերեւս այս հարցի մեջ քաղաքական երանգ կա: Ինչպես հայտնի է՝ Վրաստանը Ռուսաստանի դաշնության հետ, մեղմ ասած, ջերմ հարաբերություններ չունի եւ այնքան էլ շահագրգռված չէ, որ ավտոճանապարհն անխափան գործի: Այն միայն Հայաստանի համար ունի կենսական նշանակություն: Չի բացառվում, որ Վրաստանն այդ ավտոճանապարհի պարբերաբար փակումով հստակ «մեսիջներ» է ուղարկում Հայաստանին՝ ամեն անգամ նոր պահանջներով: Ու քանի որ դա մեր միակ ավտոճանապարհն է, ՀՀ իշխանությունները ծածուկ կարգավորում են հարցերը, ավտոճանապարհը բացվում է, բայց գլոբալ առումով դարձյալ խնդիրը չի լուծվում: Թե չէ դժվար է պատկերացնել, որ Վրաստանն այնքան սուղ ֆինանսական միջոցներ ունի, որ դժվարանում է այդ ավտոճանապարհի հարցը վերջնականապես կարգավորել կամ այլընտրանքային ուղիներ մտածել:

Տեղեկացնենք, որ ավտոճանապարհի՝ Լարսի հատվածի փակումը շատ գործարարների համար կործանարար նշանակություն ունի, քանի որ բեռնափոխադրումների ընթացքը օրերով դադարում է: Իսկ փոխադրվող ապրանքների մեջ հաճախ կան փչացող ապրանքներ, որոնք ունակ չեն դիմակայելու այդպիսի անակնկալների: Սակայն ՀՀ իշխանությունները, բացի այն արձանագրումից, որ Լարսի ավտոճանպարհը որեւէ պատճառով փակ է, ուրիշ ոչինչ գրեթե չի անում:

Եւ այս իրավիճակում թվում էր, թե ամենաառաջնային հարցը մեզ համար պետք է լինի հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցման աշխատանքների արագացումը, սակայն դա էլ չի արվում: Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող այդ ավտոճանապարհի աշխատանքները կրիայի դանդաղկոտությամբ են արվում: Իսկ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը միայն հաճախ խոսում է այդ մասին եւ ոչ ավելին:

Թամարա Միքայելյան




Լրահոս