
“Ժառանգություն” կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը ամփոփելով անցնող տարին, ասաց, որ անընդունելի է նախագահական ընտրություններին “Բարգավաճ Հայաստան” կուսակցության պասիվ պահվածքը: “Ցավում եմ, որ ԲՀԿ-ն չի մասնակցելու, քանի որ նման պատգամավորների թվով իրավունք չուներ ձեռքերը հուսահատ իջեցներ ու մի կողմ քաշվեր: Լրջագույն պրոցես է գնում, և ոչ մեկին չպաշտպանելը քաղաքական եզրույթից դուրս է, բոյկոտ էլ չի, այլ՝ պասիվ չմասնակցություն, որը ընդունելի չէ”,- ասաց Արմեն Մարտիրոսյանը: Նրա խոսքով՝ դեռ հստակ են քաղաքական դաշտից երկու գործիչներ, որոնք կառաջադրեն իրենց թեկնածությունը: “Մի քանի թեկնածուներ արդեն կան։ Իհարկե, առաջին հերթին խոսքը Րաֆֆի Հովհաննիսյանի մասին է, երկրորդը՝ Սերժ Սարգսյանի մասին է, ՀՀԿ-ի կողմից և այս պահին, կարծես թե, այլ հստակ թեկնածու չունենք քաղաքական դաշտից: Լևոն Տեր-Պետրոսյանն այս երկու օրը կասի, Հրանտ Բագրատյանի առաջադրվելը պայամանվորված է Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: “Հանրապետությունը” չի առաջադրելու: Պետք է սպասել նաև ՀՅԴ-ի Գերագույն ժողովին, որտեղ նրանց մասնակցությունը կպարզի”,- նկատեց նա: