ՀՀ բնակչության 80%-ի մոտ աշխատավարձի դրական փոփոխություն չի եղել. բնակչությունը շարունակում է աղքատանալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական վիճակագրութունն արդեն իսկ սկսել է ամփոփել այս տարվա առաջին կիսամյակի արդյունքները, եւ, որպես կանոն, առաջին տվյալները, որոնք հրապարակվել են, վերաբերում են գնաճին, ըստ այդմ, այս տարվա առաջին կիսամյակում, անցած տարվա համեմատ, ընդհանուր գնաճը կազմել է 5,5 տոկոս: Ի դեպ, միայն ապրանքների գները, այսինքն՝ առանց ծառայությունների, այս տարի, անցած տարվա համեմատ, բարձրացել են 6,2 տոկոսով:

Իսկ ինչ վերաբերում է առանձին ապրանքախմբերին, ապա ընդհանուր պարենային ապրանքների թանկացումը այս տարի, անցած տարվա համեմատ, պաշտոնապես կազմել է 5,2 տոկոսով: Ի դեպ, նույնիսկ պաշտոնական վիճակագրության թվերից պարզ է դառնում, որ իրական գնաճը ավելի բարձր է: Պաշտոնական թիվը հնարավոր է եղել մի փոքր մեղմել բանջարեղենի եւ կարտոֆիլի ու ձկնամթերքի գների, անցած տարվա համեմատ, կտրուկ անկման շնորհիվ:

Մասնավորապես բանջարեղենի եւ կարտոֆիլի գնանկումը կազմել է 7 տոկոս, իսկ ձկնամթերքինը՝ 12,2 տոկոսով: Հիշեցնենք, որ ձկնամթերթի գնանկումն այս տարի տեղի ունեցավ այն բանի արդյունքում, որ Հայաստանի ձկնամթերք արտադրողները տարեսկզբից չկարողացան իրենց արտադրանքը արտահանել դեպի Ռուսաստան: Այս երեւույթը սկսվեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից անմիջապես հետո: Արդյունքում Հայաստանի ներքին շուկայում ձկնամթերքի ավելցուկ առաջացավ, ինչն էլ հանգեցրեց գների անկման:

Առանձին ապրանքատեսակներից հացամթերքի գինը այս տարվա հունիսին, մայիսի համեմատ, բարձրացել է 8,1 տոկոսով, մսամթերքը` 6,2 տոկոսով, կաթնամթերքը՝ 9 տոկոսով իսկ շաքարավազը՝ 6,4 տոկոսով: Ինչպես տեսնում եք՝ սննդամթերքի առավել մեծ սպառում ունեցող ապրանքատեսակների գնաճը միջին ցուցանիշից զգալի բարձր է:

Ինչպես հայտնի է՝ գնաճը սպառողի վրա ազդեցություն չի ունենում, եթե նույն ժամանակահատվածում նրա եկամուտները եւս աճում են: Սակայն փաստն այն է, որ վերջին մեկ տարում Հայաստանի բնակչության եկամուտները գործնականում չեն աճել: Չնայած պաշտոնապես ներկայացվում է, թե իբր այս տարվա ապրիլի դրությամբ Հայաստանում միջին աշխատավարձը, անցած տարվա համեմատ, աճել է 12 տոկոսով: Բայց իրականությունն այն է, որ պաշտոնական վիճակագրությունն այդ աճը «նկարել» է կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմամբ պայմանավորված աշխատավարձերի չնչին բարձրացման, ինչպես նաեւ՝ պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման շնորհիվ:

Սակայն Հայաստանի բնակչության մոտ 80 տոկոսի դեպքում աշխատավարձի դրական փոփոխություն վերջին մեկ տարում տեղի չի ունեցել: Գնաճն ինքնին վտանգավոր երեւույթ չէ, ավելին՝ այն կարող է նաեւ զարգացման դրսեւորում լինել: Սակայն ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանի տնտեսությունն արդեն բավականին երկար ժամանակ է՝ անդադար անկում է ապրում, հազարավոր ընկերություններ են իրենց գործունեությունը դադարեցնում, Երեւանի կենտրոնում ամեն քայլափոխին կարելի է հանդիպել դատարկված գրասենյակային տարածքների: Նման պայմաններում գնաճը միայն մեկ բան է նշանակում` բնակչության է՛լ ավելի աղքատացում:

Հարկ է մեկ հանգամանք եւս արձանագրել. փաստորեն, 2008 թվականի աշնանից` այսինքն՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո, Հայաստանի տնտեսությունն այդպես էլ չի կարողանում ուշքի գալ, եւ անկախ նրանից, թե պաշտոնական վիճակագրությամբ ինչ է գրված, երկիրը գնում է դեպի աղքատացում: Այս երեւույթի մեջ ամենակարեւոր գործոնը թերեւս այն է, որ Հայաստանի իշխանություններն այդ փաստը ոչ միայն համառորեն հերքում են, այլեւ «մունաթ» են գալիս բոլոր նրանց վրա, ովքեր Հայաստանում առկա տնտեսական ճգնաժամի մասին բարձրաձայնում են:

Այս երեւույթը գնահատվում է որպես ինքնապաշտպանական բնազդի սովորական դրսեւորում: Սակայն ողջ խնդիրն այն է, որ իշխանությունն իրավունք չունի իրեն ոչ ադեկվատ դրսեւորել, անկախ նրանից՝ ինքը ինչ սկզբունքով է ձեւավորված, հակառակ դեպքում տնտեսության կործանումը դառնում է անխուսափելի: Իշխանության ոչ ադեկվատ լինելը տնտեսվարողների մոտ միայն բացասական սպասում է ձեւավորում, ինչը շղթայական ռեակցիայով նպաստում է տնտեսության վիճակի է՛լ ավելի վատթարացմանը:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս