«Սաշիկին կարող են հարստացնել, բայց ճանապարհային նշանների համար ֆինանս չունեն». ՃՈ պետը հանդիպել է «Դուրս մեր գրպանից»-ի անդամների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոտ մեկ ամիս առաջ արագաչափերի, տեսախցիկների տուգանքների և կարմիր գծերի դեմ պայքարող «Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը  հստակ պահանջներ էր ներկայացրել  Ճանապարհային ոստիկանությանը:

Հիշեցնենք` Նախաձեռնության  պահանջներն են. 1. Վերացնել կարմիր գծերը, 2. Վերացնել տեսախցիկները կամ ներդնել ՃԵԿ խախտումների պատժամիջոցների բալային մեխանիզմ, սահմանել չափորոշիչներ վարորդական իրավունքից ժամանակավոր և ընդհանրապես զրկման համար, ներդնել դասընթացային պատժի և վարչական աշխատանքի տեսքով այլընտրանքային պատժամիջոցների շհամակարգ, 3. Նախկին տուգանքների և դրանց վրա եկած տույժերի մասնակի համաներման նկատմամբ հայտարարել անբողջական համաներում: 4. Ապահովել մատչելի երթևեկություն՝ հագեցնելով ճանապարհները անհրաժեշտ բոլոր նշաններով:

Armlur.am-ը նախաձեռնության անդամ Արմեն Եփրեմյանին փորձեց պարզել` ՃՈ-ն արդեն արձագանքե՞լ է պահանջներին կամ քննարկում տեղի ունեցե՞լ է նախաձեռնության անդամների հետ: Արմեն Եփրեմյանը նշեց, որ իրենք երկու օր առաջ` հուլիսի 15-ին, հանդիպել են Ճանապարհային ոստիկանության պետ Արմեն Հակոբյանի, ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանի հետ: «Քննարկման ժամանակ մեզ տեղեկացրին, որ որոշակի պայմաններ բավարարում են: Մասնավորապես` նախատեսել են վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենք մշակել, որն առաջիկայում կներկայացնեն Ազգային ժողով: Իրենք ոչ բացահայտ, բայց նշեցին, որ մեր երկրորդ կետը` բալային համակարգի հետ, կապված կբավարարեն: Կստեղծեն նոր մեխանիզմ, որով օրինախախտ վարորդներին 6 ամսով կամ մեկ տարով կզրկեն վարորդական իրավուքնի վկայականից: Այսօր, ինչպես գիտենք, վարորդական իրավունքի վկայականները համատարած վաճառվում են, և մարդն այլևս չի սովորում վարել»,- մանրամասնեց նախաձեռնության անդամը:

Ներկայացրած պահանջներից 4-րդի մասով` այն է ապահովել մատչելի երթևեկությոն, Ճանապարհային ոստիկանությունից այնքան էլ գոհացնող պատասխան չեն ստացել. «Թելադրող նշաններ դնելու համար ֆինանս չունեն: Մի վարչական իրավախախտման համար 500 հազար դրամ գումար են վերցնում, Սաշիկին կարող են հարստացնել, բայց իրենք ֆինանս չունեն, որ ճանապարհային երթևեկության թելադրող կամ արգելող նշաններ դնեն քաղաքում: Պահանջում ենք ՝ գոնե լուսացույց դնեն կարմիր լույսով, որովհետև կանաչը, որ հանգում է, գիշերը չի երևում, սեկցիաների հետ կապված ևս մի շարք խնդիրներ կան քաղաքում: Մեզ ասեցին, որ միջոց չունեն լուսացույց տեղադրելու, հիմա այնպես է ստացվում, որ իրենք ոչ մի բանի հնարավորություն չունեն, բայց կամերաների հնարավորություն ունեն, որ դնեն, փողերը դնեն ջեբերը: Որտեղ որ չկան ճանապարհային նշաններ, այնտեղից պետք է տեսախցիկները դուրս գան, դա մեր պահանջներից էր»,- ներկայացրեց Արմեն Եփրեմյանը:

Վերջինիս խոսքով` իրենք Ճանապարհային ոստիկանության շարունակաբար քննարկման փուլի մեջ են և առաջիկայում հանդիպում են ունենալու  ՃՈ-ի հետ՝ փորձելով հանրային քննարկման տեսքով ներկայացնել այս խնդիրները: «Նաև առաջիկայում նախատեսում ենք ասուլիսով հանդես գալ»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Քրիստինա Աղալարյան

 




Լրահոս