ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հերթական անգամ հանդես է եկել Արցախի հիմնախնդրի լուծման կողմնակալ հայտարարությամբ: Նա լրատվամիջոցների հետ զրույցում նշել է, թե հայկական կողմը պետք է «ազատի Ադրբեջանի օկուպացված տարածքները»:
Այս կապակցությամբ մենք ՝ հայ երիտասարդներս, հայտարարում ենք.
- Արցախում չկա ոչ մի թիզ օկուպացված հող: Ավելին, Ադրբեջանն է, որ օկուպացրել է հայկական Շահումյանի, Գետաշենի, Մարտունաշենի, Արծվաշենի շրջանները:
- Ամերիկացի համանախագահի հայտարարությունը միակողմանի է, որում ներառվա ծ չէ Արցախի հիմնախնդրի խաղաղ լուծման հիմնական իրավունքը՝ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն իբրև անկախ և սուվերեն պետություն:
- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ըստ պատշաճի չեն արձագանքում այն ժամանակ, երբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից ամեն օր խախտվում է հրադադարի ռեժիմը, որի հետևանքով զոհվում են թե՛ զինվորականներ, թե՛ խաղաղ բնակչություն:
- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ուորլիքը հանդես չեկավ որևիցե դատապարտող հայտարարությամբ, երբ Արցախի պետական տարածքում ադրբեջանցի դիվերսանտները գազանաբար սպանեցին 17-ամյա խաղաղ բնակիչ Սմբատ Ցականյանին, ՀՀ ԶՈՒ սպայի և ծանր վիրավորեցին անզեն կնոջը:
- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ուորլիքը չդատապարտեց այն փաստը, երբ Ադրբեջանում դաժանաբար սպանվեց խաղաղ բնակիչ, պատահաբար այդ երկրի տարածքում հայտնված Կարեն Պետրոսյանը:
- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ուորլիքը և ԵԱՀԿ Մինսկի խումբն ընդհանրապես, համարժեք գնատահատական չտվեցին Ադրբեջանի կողմից Արցախի ԶՈՒ ուղղաթիռը խոցելուն, որը զինադադարի կոպտագույն խախտում էր:
Ելնելով վերոնշյալից՝ կրկին մեկ անգամ արձանագրում ենք, Արցախում օկուպացված տարածքներ չկան, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի հայտարարությունը հեռու է կշռադատված և օբյեկտիվ լինելուց:
ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միություն: