ՀՀ սահմանադրական դատարանի որոշումից հետո գործը կքննվի նոր հանգամանքի հիմքով վճռաբեկ դատարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
2012 թ. դեկտեմբերի 25-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ վճռաբեկ դատարանում քննության է առնվելու Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչներ Արտակ Զեյնալյանի և Արայիկ Ղազարյանի բողոքը “Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին” որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ: 2012 թ. հունիսի 27-ին ՀՀ վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի բողոքը, սակայն 5 ամիս շարունակ դատարանի կողմից գործի քննության օր չի նշանակվել: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչները 2012 թ. նոյեմբերի 27-ին դիմում-բողոք են ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարանին՝ դատաքննության օր նշանակելու պահանջի մասին, որից հետո նոր միայն կազմակերպությունը ստացել է ծանուցագիր:
Հիշեցնենք, որ կազմակերպությունը վիճարկել է պաշտպանության նախարարության տեղեկատվություն տրամադրելուց հրաժարվելու իրավաչափությունը: Դատարանները մերժել են կազմակերպության հայցը և բողոքները` վկայակոչելով “Պետական գաղտնիքի մասին” ՀՀ օրենքի իրավակարգավորումները:
2011 թ. նոյեմբերի 23-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից լիազորված ներկայացուցիչներ Արտակ Զեյնալյանը և Արայիկ Ղազարյանը դիմում են ներկայացրել ՀՀ սահմանադրական դատարան՝ “Պետական գաղտնիքի մասին” ՀՀ օրենքի 8-րդ և 12-րդ հոդվածների դրույթները ՀՀ Սահմանադրության 3-րդ, 5-րդ, 6-րդ, 27-րդ և 43-րդ, 83.5-րդ, 117-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչելու վերաբերյալ:
2012 թ. մարտի 6–ին ՀՀ սահմանադրական դատարանը կայացրել է որոշում “Պետական և ծառայողական գաղտնիքի մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ մասի “Գերատեսչական ցանկերը գաղտնագրվում են և հրապարակման ենթակա չեն” դրույթը` այնքանով, որքանով չի վերաբերում գաղտնագրման ենթակա կոնկրետ տեղեկության, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 27-րդ և 43-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր:
2012 թ. հունիսի 2-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչների կողմից բողոք է ներկայացվել ՀՀ վճռաբեկ դատարան` նոր հանգամանքի հիմքով վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշումը վերանայելու մասին՝ հիմքում դնելով ՀՀ սահմանադրական դատարանի վերը նշված որոշումը:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ




Լրահոս