Armenian text to speach

ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք, ԳՈՒՑԵ ՁԵԶ ԽԱԲՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach
Վերջին տարիներին Հայաստանի անշարժ եւ շարժական գույքի շուկայում կատարվող հանցագործությունները լուրջ մտորելու տեղիք են տալիս. այն, ինչը միլիոնների արժեք ունի, կարող են ուղղակի տանել ձեր քթի տակից, այն էլ` ձեր իմացությամբ, եւ դուք գրեթե ոչ մի կերպ չեք կարող ձեր ունեցվածքը վերադարձնել: Դա նշանակում է, որ մեքենա եւ տուն յուրացնելու որսորդները ամեն րոպե կարող են հայտնվել ձեր կողքին, ինչպես 35-ամյա ավտո յուրացնող Արամ Միլիտոնյանը: Նրա 2 տարվա “վազքի” արդյունքը եղել է մի քանի տասնյակ միլիոնների հափշտակությունը: 
“Արամ, ամեն ինչ կարամ”. Երեւանի բնակիչ Արամը, երեւի լսելով այդ արտահայտությունը եւ վստահելով իր ուժերին, գործի է անցել ծանոթների ու անծանոթների շրջանում: Քրգործի նյութերից տեղեկանում ենք, որ Ա. Միլիտոնյանն իր գործարքների հաջողություններն ապահովելու համար դիմել է կեղծիքների, չարաշահել մարդկանց վստահությունը` ճիշտ ժամանակին հասկանալով նրանց ցանկությունները եւ ճիշտ ժամանակին հայտնվելով նրանց կողքին: Այդպես էլ Արամի թակարդում են հայտնվել Արմեն Հովհաննիսյանն ու Ասատուր Միկոյանը: Արմենին “ԲՄՎ X-5” մակնիշի ավտոմեքենա է պետք եղել, իսկ Ասատուրին` վարկ: Եւ քանի որ նրանց երկուսի ցանկություններն էլ միմյանցից անկախ, բայց միաժամանակ են ի հայտ եկել, Արամն առիթից օգտվել է. Արմենին ասել է` 25 000 դոլար փող տուր, գնամ արտասահմանից քեզ համար մեքենա բերեմ, Ասատուրին էլ ասել է` քո անունը արդեն ամեն ինչ ասում է` “ասա` տուր”, եւ ես քո ուզած վարկը “կդասավորեմ”` կտամ: Երկուսին էլ ժամադրել է Երեւանի նոտարական գրասենյակներից մեկում. միմյանց անծանոթ տուժողները` Արամի բուն նպատակից անտեղյակ, եկել են նոտարական գրասենյակ: Քանի որ խոսքը մեծ գումարների մասին է եղել, Արամը գույքին եւ փողին տիրանալուց առաջ կողմերին ցույց է տվել, թե ամեն ինչ օրինական է, որ եթե ինչ-որ բան էլ չստացվի, իբր նոտարական փաստաթղթով այդ ամենը հետ բերելու հնարավորություն լինի: Որպեսզի Արմենը հավատա, որ 25 000 դոլարը վերադարձնելու երաշխիք կա, նրան Ասատուրի մոտ ներկայացրել է որպես բանկի աշխատող, ում միջոցով եւ անունով Ասատուրի տունը պետք է գրավ դրվեր, եւ վերջինիս համար հիփոթեքային պայմանագրով վարկ ձեւակերպվեր: Իսկ Արմենի մոտ Ասատուրին ներկայացրել է որպես իր գործընկեր եւ վստահեցրել, որ պայմանագիրը կնքելուց 10 օր հետո Արմենը կստանա անհրաժեշտ վարկը: Ապա շատ հանգիստ Արամը Ասատուրի 16 մլն արժողության տունը գրավ է դրել Արմենի անունով, նրանից ստացել 25 000 դոլարը, իսկ Ասատուրի տունը մնացել է Արմենի անունով: Մինչ տուժողները գլխի են ընկել եւ դիմել իրավապահներին, Արամը գնացել է՝ հափշտակած փողը ծախսելու:         
Հետո Արամը աչք է դրել Ներսես Պողոսյանի “Պորշ-Կայեն” ավտոմեքենայի վրա. համոզել է, որ նրա` 12 մլն դրամ արժողության մեքենան իրեն շատ է դուր գալիս, եւ այն կգնի 22 մլն-ով, փողն էլ կտա դեկտեմբերի 23-ին: Կասկածները ,ցրելուե նպատակով, որպես երաշխիք, Արամը 2008-ի դեկտեմբերի 9-ին Ներսեսի մոտ 2500 դոլար կանխավճար է թողել: Եւ մինչ նա էլ կհասկանար խաբված լինելու մասին, Արամը մեքենան տարել է, դրա տվյալները անցկացրել իր նախկին տան սեփականության վկայականի մեջ եւ հատուկ սարքերով կեղծելով այն` մեքենան դարձրել է իր անունով եւ մեկ շաբաթ անց այն կեղծ վկայականով 11 մլն դրամով վաճառել Սպարտակ Կարապետյանին ու գումարը հափշտակել:
Հաջորդ “զոհը” դարձել է Արսեն Բալայանը: Նա, մինչ Արամից տուժելը, նրան ծանոթ Մամիկոն եւ Յուրիկ Մարտիրոսյաններից է տուժել. վերջիններս հափշտակություն էին արել Արսենի մոտից: Որպեսզի Արսենին պատճառված վնասը վերականգնեն, Արամն ու Յուրիկը պայմանավորվել են եւ Արսենին ասել, որ իրենք ուզում են գնել իրենց ծանոթ Վարդանի “Պորշ-Կայեն” ավտոմեքենան եւ 15 000 դոլար հավելավճարով վաճառել, որպեսզի վերադարձնեն Արսենի գումարը: Իսկ մեքենան ձեռք բերելու համար Արսենին համոզել են իրենց տալ 15 000 դոլար. 2010թ. նոյեմբերին վերցրել են այն եւ հափշտակել: 
Մյուս տուժողը Անահիտ Հայրապետյանն է: Արամը նրա հետ ծանոթացել է, որովհետեւ նրա անունով “Նիվա” մակնիշի ավտոմեքենա է հասած եղել Փոթիի նավահանգիստ: Արամը ցանկացել է “օգնել” Անահիտին` վաճառել ավտոմեքենան: Իսկ մինչ այդ նրանից վերցրել է 9500 դոլար գումար, “դասավորել” փաստաթղթերը, որոնցով մեքենան պետք է ՀՀ տարածք տեղափոխեր, վաճառեր եւ գումարը վերադարձներ Անահիտին: Վերջինս համաձայնել է, եւ որպես երաշխիք` Արամը սկզբում նրա մոտ է թողել կեղծված եւ իր անունով ձեւակերպված “Մերսեդես”-ը, ինչպես նաեւ անհայտ անձի “Դոյչ” մակնիշի ավտոմեքենաները: Սակայն ամիսներ անց Անահիտը հասկացել է, որ խաբված է… 
Այժմ Արամի մեղավորությունը կամ անմեղությունը որոշելու է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը: Իսկ թե 5 տուժողներից քանիսին կհաջողվի վերականգնել կրած վնասը կամ ընդհանրապես կհաջողվի, դժվար է ասել, քանի որ նման դեպքերում հանցագործները սովորաբար իրենց անունով գույք չեն ունենում, որ գոնե դատավճռից հետո տուժողները կարողանան հետ ստանալ: Այնպես որ, զգո՛ւյշ եղեք ավտոմեքենա եւ տուն յուրացնողներից, որոնք ձեր գույքը խլելու համար շատ գրավիչ պայմաններ կարող են առաջարկել: Զգուշացե՛ք, երբ գործարքները կնքելիս փորձում են ձեզ որպես այլ անձ կամ պաշտոնյա ներկայացնել, եւ պարզապես շփվե՛ք մյուս կողմի հետ` հասկանալու միջնորդի իրական նպատակը:      
ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ



Լրահոս