Երկու օր առաջ՝ հուլիսի 15-ին, ՀՀ իշխանությունների կողմից հրապարակվեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որի հիմնական փոփոխություններից մեկն անցումն է խորհրդարանական համակարգի:
Սահմանադրության նոր նախագծի վերաբերյալ Armlur.am-ը զրուցեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ ՝ պարզելու նրա կարծիքը:
Վերջինս նշեց, որ բացասաբար է վերաբերվում նախագծին: Նրա խոսքով, այն միտված չէ պետության և ժողովրդի շահերին:
«Ըստ էության, արված է Սերժ Սարգսյանի և Հանրապետականի «հագով» և, ըստ էության, խորհրդային ժամանակաշրջանի բրեժնևյան կառավարման շրջանի մոդելն է կիրառվում: Եվ այս Սահմանադրության մեջ միանշանակ մեկ հոդված է պակասում, որ ՀՀԿ-ն առաջատար քաղաքական ուժն է երկրում` ինչպես Կոմունիստական կուսակցության մասին խորհրդային միության 7-րդ հոդվածն է ասում»,-ընդգծեց նա:
Մեր այն դիտարկմանը` նոր սահմանադրությամբ ընդդիմադիրներին լիազորություններ են տրվելու, պատգամավորը նշեց՝ ոչ մի լիազորություններ չկան: «Ընդամենը մի հատ տեղակալ է, որր բուտաֆորիա էր: Գնալ մի պաշտոնի, որը ոչինչ չի տալիս, այստեղ իրական լծակ չկա»,-եզրափակեց նա:
Հավելենք, որ նոր Սահմանադրությամբ Ազգային ժողովի փոխնախագահներից մեկն ընդդիմադիր է լինելու:
Արփինե Թովմասյան