Երեւան քաղաքի 2012 թ. բարեկարգման ծրագրերի շրջանակում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների բակային տարածքներում, բարեկարգման ու կանաչապատման աշխատանքներին զուգահեռ, իրականացվեցին նաեւ կամարանցումների նորոգման, լուսավորության եւ նկարազարդման աշխատանքներ: Արդյունքում նկարազարդվեց ավելի քան 140 կամարանցում եւ 240 պատ: Նկարազարդման աշխատանքներին, նկարիչների հետ միասին, իրենց մասնակցությունը բերած 100-ից ավելի ուսանողներ ու աշակերտներ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով այցելել էին քաղաքապետարան:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե, շնորհակալություն հայտնելով կատարած աշխատանքի համար քաղաքապետն ընդգծել է քաղաքապետարանի ծրագրերին հատկապես երիտասարդության մասնակցության կարեւորությունը: “Դուք իսկապես գնահատելի գործ կատարեցիք: Այս եւ նմանատիպ ծրագրերը շարունակական են լինելու եւ ես ակնկալում ձեր էլ ավելի ակտիվ մասնակցությունը”,- նշել է Տարոն Մարգարյանը: Կատարված նկարազարդման աշխատանքներին մասնակցելու համար Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհակալագրերով պարգեւատրվեցին մի շարք նկարիչներ, այդ թվում ուսանողներ եւ աշակերտներ։
Կատարված աշխատանքները պատշաճ լուսաբանելու եւ լիարժեք տեղեկատվություն ապահովելու համար քաղաքապետի շնորհակալագրերով պարգեւատրվեցին նաեւ Երեւանի 12 վարչական շրջանների մի շարք աշխատակիցներ: