«ԵՍ ԿՈՄՈՒՆԻՍՏ ԵՄ, ՈՉ ԹԵ ՀՀԿ ԱՆԴԱՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե ինքը վստահ է, որ «ապահով Հայաստան» է լինելու, ուղղակի հարց է, թե երբ է գալու այդ ժամանակը:
-Պարո՛ն Հակոբյան, ՀՀԿ-ն արդեն որոշել է, որ նախագահական ընտրությունների ժամանակ իրենց թեկնածուն Սերժ Սարգսյանն է լինելու: Իսկ Դուք մշտապես եղել եք Սյունիքի մարզի ՀՀԿ շտաբի պետը, այս անգա՞մ էլ եք Դուք ղեկավարելու շտաբը:
-Չեմ կարող պատասխանել, որովհետեւ ես չեմ որոշում, ՀՀԿ-ի շտաբը ստեղծվելու է, ու այդ շտաբում էլ որոշվելու է, թե ով որ շտաբում է լինելու: Եթե ինձ ասեն, ապա այդ դեպքում ես մեծ հաճույքով կկատարեմ, չեմ մերժի, քանի որ երկիր ենք ուզում կառուցել:
-Էլի աշխատելու եք Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ, ինչպե՞ս եք պատկերացնում ձեր երկուսի համատեղ աշխատանքը:
-Այո՛, այդ դեպքում քաղաքապետերի, համայնքի ղեկավարների հետ եմ աշխատելու, հեղինակություն ունեցող մարդկանց, որոնք ժողովրդի մեջ սիրված ու հարգված են:
-Բայց Ձեր եւ Սուրեն Խաչատրյանի փոխհարաբերությունները մշտապես լարված են եղել: Ինչպե՞ս եք ձայներ հավաքելու:
-Ուրեմն ես Ձեզ հստակ պատասխանում եմ, պարոն Խաչատրյանի հետ մեր հարաբերություններն էնքան լավ են, անգամ մի քանի ժամանակ առաջ ես իրենց տանը գիշերել եմ՝ ես իմ ընտանիքով, ինքն իր ընտանիքով: Եթե հարաբերությունները լավ չլինեն, ո՞նց կարող է մարդն ուրիշի տանը մնալ: Դա նշանակում է՝ ամենալավ հարաբերություններն են: Ես ուզում եմ ասել, որ կար մի ժամանակ, որ նեղացել էինք, ինչպես որ բոլոր ընկերների հետ լինում է: Հիմա սառնություն է, եղել անցել է: Իսկ Դուք գիտե՞ք, թե ես որ կուսակցության անդամ եմ:
-Հանրապետական կուսակցության անդամ:
-Հիմա Դուք պետք է ներողություն խնդրեք, քանի որ ես Կոմունիստական կուսակցության անդամ եմ:
-Այդ դեպքում ինչո՞ւ եք աշխատում ՀՀԿ-ի թեկնածուի համար, ինչո՞ւ եք մշտապես ՀՀԿ-ի շտաբը ղեկավարում: Ինչո՞ւ կանգնած չեք ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղարի կողքին:
-Ի՞նչ անենք, ես ընդհանրապես որեւէ կուսակցության անդամ չեմ եղել, բացի Կոմկուսից: Բայց հիմա երեւի կուսակցությունից դուրս եմ մնացել, քանի որ անդամավճար չեմ տալիս, բնական է, հեռացրած կլինեն: Ես ասում եմ, որ ես ոչ մի կուսակցության անդամ չեմ լինի, որովհետեւ մեր երկրի կառուցման, հզորացման համար կանգնած է ՀՀԿ-ն, վաղը կարող է լինել ՀՅԴ-ն, մյուս օրը՝ ՕԵԿ-ը, մյուս օրն էլ չգիտեմ ով: Ես էն կուսակցության կողքին եմ, որը ճիշտ քաղաքականություն է տանում մեր երկրի զարգացման ու մեր երկրի ապագայի համար: Ու այդպես էլ եղել է. տարբեր տարիներին տարբեր կուսակցությունների շտաբի նախագահ եմ եղել:
-Իսկ եթե ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարի, որ իր թեկնածությունն է առաջադրում ու ընտրվի նախագահ, այդ դեպքում նրա՞ կողքին եք լինելու:
-Ի՞նչ անենք, եթե իր կուսակցությունը ճիշտ քաղաքականություն առաջարկի, ճիշտ տանի, որ մեր ժողովուրդն իրա հետեւից գնա, այո՛, կգնամ այն մարդու հետ, որը կցանկանա մեր երկիրն առաջ տանել:
-Այսինքն՝ ըստ Ձեզ՝ Սերժ Սարգսյանը երկիրն «առա՞ջ է տանում», ինչպես խոստացել էր 2008-ին, թե՞ հետ:
-Եթե մենք նույնիսկ մեր երկրին թշնամաբար վերաբերվենք, ազգովի, նույնիսկ այդ դեպքում էս երկիրը չենք կարող հետ տանել: Մի՛ ասեք այդ բառը, ասե՛ք դանդաղ է առաջ գնում, չգիտեմ ինչ, բայց հետ չի գնում: Օրինակ՝ ես Նոր տարվա ընթացքում բազմաթիվ ընտանիքներ եմ մտնում, այն ընտանիքները, որ մի քանի տարի առաջ նույնիսկ սեղանին դնելու բան չունեին, այսօր բավական ճոխ սեղան են կարողանում դնել:
-Ըստ վիճակագրական տվյալների՝ Հայաստանում աճել է թե՛ աղքատությունը, թե՛ արտագաղթը, այդ դեպքում ինչպե՞ս պետք է «ապահով Հայաստան» կառուցեք այդ տվյալներով:
-Ես էլ եմ համակարծիք այդ տվյալների հետ, որ արտագաղթն ավելանում է: Գիտեք ինչ, սովորաբար կյանքը տենց ա, մարդու պահանջներն ավելի արագ են զարգանում: Ես շատ լավատես եմ տրամադրված, անպայման լինելու է ապահով Հայաստան: Հարց է, թե ինչքան ժամանակ հետո: Հարց է՝ մենք դրանից լիարժեք կօգտվե՞նք, թե՞ մեր երեխաները կօգտվեն: Ես ասում եմ, որ այսօր չի կարող լինել մի մարդ, որ լիարժեք գոհ լինի մեր վիճակից՝ անգամ ՀՀ նախագահը: Այո՛, թերությունները բազմաթիվ են, բայց մեր դերն էլ հենց այն է, որ անկեղծորեն մեր երկրի համար մտածենք:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս