ԱԺ ոչ կոալիցիոն չորս խմբակցությունները՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Ժառանգություն»-ը երեկ ահաբեկչության ենթարկեցին կոալիցիոն մեծամասնությանը՝ ստիպելով որոշակիորեն նահանջել ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու եւ էթիկայի հանձնաժողովի ձեւավորման նոր սկզբունք ամրագրելու նախաձեռնությունից:
Կրքերն ԱԺ-ում երեկ այնպես էին թեժացել, որ ՀՀԿ-ականները չէին կարող տիրապետել իրավիճակին, ավելին՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն անգամ ակամայից խախտեց ԱԺ կանոնակարգը: Բանն այն է, որ երեկ իշխող մեծամասնությունը ստիպված էր նահանջել ու առաջարկել ԱԺ էթիկայի հանձնաժողովը ձեւավորել 3 իշխանական, 3 ընդդիմադիր եւ այլընտրանք հռչակված ԲՀԿ-ի 1 պատգամավորից, բացի այդ՝ հանված էր նաեւ հարցերին վետո դնելու իրավունքը, ինչը առաջարկվում էր նախագծի սկզբնական տարբերակում: Հազիվ էր ՀՀԿ-ին հաջողվել ԱԺ մյուս խմբակցությունների հետ պայմանավորվածության գալ, երբ հարցի քվեարկության ժամանակ ՀՅԴ եւ ԲՀԿ խմբակցությունները հայտարարեցին՝ իրենք չեն բոյկոտի էթիկայի հանձնաժողովի գործուեությունը, բայց եւ՝ դեմ են քվեարկելու նախագծին:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն էլ հայտարարեց, որ իրենք չեն մասնակցելու քվեարկությանը ու կոչ արեց այդպես վարվել նաեւ ոչ կոալիցիոն մյուս ուժերին, իսկ պատճառը դահլիճում ոչ բավարար թվով իշխանական պատգամավորների առկայությունն էր: Քվեարկությանը չմասնակցելու մասին անմիջապես հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, իսկ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանն էլ ասաց, որ իրենք էլ այդպես կվարվեն, քանի որ դահլիճում կոալիցիան ունի անհրաժեշտ 66-ի փոխարեն 63 պատգամավոր: Տեսնելով, որ իրենք հայտնվել են մեկուսացման մեջ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը 20 րոպե ընդմիջում խնդրեց, այնուհետեւ ՀՀԿ-ականները արագ դուրս եկան դահլիճից ու մի կողմից իրենք, մյուս կողմից ՀՀԿ խմբակցության աշխատակիցները սկսեցին զանգահարել ու ԱԺ դահլիճ բերման ենթարկել իրենց պատգամավորներին: Բացի այդ, ՀՀԿ-ականները սպառնում էին նախագիծը քվեարկության դնել նախնական տարբերակով, որին դեմ է ընդդիմությունը, չեղյալ հայտարարելով փոփոխությունների իրենց խոստումը: Ընդմիջումից հետ վերադառնալուց հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նախագիծն անմիջապես քվեարկության դնելու փոխարեն, խախտելով ԱԺ կանոնակարգ օրենքի պահանջը, սկսեց կրկին վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք տալ ՀԱԿ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Լեւոն Զուրաբյանին ու ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանին: Այդ փաստը չվրիպեց ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանի աչքից, ու նա շեշտեց կանոնակարգի խախտումը: Այնուհետեւ ԱԺ-ում ընդմիջում հայտարարվեց:
Ընդմիջումից հետո պարզ դարձավ՝ ՀՀԿ-ին հաջողվել էր բերման ենթարկել ոչ միայն իր խմբակցությունը՝ գրեթե ամբողջությամբ, այլեւ անկամ իր կցորդին՝ ՕԵԿ-ին: Ընդ որում, ՀՀԿ-ականներից շատերն այնպես արագ, վազելով էին մտնում դահլիճ, որ նրանցից մի քանիսը նույնիսկ քիչ էր մնում՝ սայթաքեին ու վայր ընկնեին: Բարեբախտաբար, նման բան տեղի չունեցավ: Նախագիծը 70 կողմ, 6 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց. կողմ էին ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը, դեմ՝ ՀՅԴ-ն, իսկ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն ու «Ժառանգություն»-ը բոյկոտեցին քվեարկությունը:
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՃՆՇԵՑ ԿՈԱԼԻՑԻԱՅԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ