Խորհրդակցություն ԼՂՀ և ՀՀ արտաքին գործերի նախարարությունների մամուլի ծառայությունների միջև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 17-ին Ստեփանակերտում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԳՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության և Հայաստանի Հանրապետության ԱԳՆ Մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության միջև տեղի է ունեցել խորհրդակցություն՝ համագործակցությունն ամրապնդելու և համակարգելու նպատակով։

Խորհրդակցության ընթացքում կողմերը հանգամանալից քննարկել են տեղեկատվական ոլորտում համաձայնեցված քաղաքականություն վարելու ուղիները և ձևերը։ Անդրադարձ է կատարվել տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման և սոցիալական ցանցերում տեղեկատվության տարածման խնդիրներին։ Երկուստեք կարևորվել է երկու գերատեսչությունների տեղեկատվական ստորաբաժանումների միջև պարբերաբար խորհրդատվություններ անցկացնելու անհրաժեշտությունը։

Քննարկումներն այնուհետև շարունակվել են ընդլայնված կազմով՝ ԼՂՀ պետական գերատեսչությունների մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատուների մասնակցությամբ։

Նույն օրը խորհրդակցության մասնակիցներին ընդունել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը։ Հանդիպման ընթացքում ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին ներկայացվել են քննարկված հարցերն ու ձեռք բերված պայմանավորվածությունները և դրանց իրագործման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը։ Կարեն Միրզոյանն ընդգծել է տեղեկատվական դաշտում համակարգված և նախաձեռնողական քաղաքականություն վարելու կարևորությունը։




Լրահոս