ՆԱԽԱԳԻԾՆ ԱՐԴԵՆ ԻՍԿ ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ իշխանությունները երեկ, ի վերջո, հրապարակեցին սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որը փաստացի ենթադրում է նոր Սահմանադրության ընդունում: Չնայած գործող սահմանադրության առաջին եւ երկրորդ ամփոփոխելի հոդվածները նույնությամբ պահպանված են, բայց խախտվում է գործող Սահմանադրության 114-րդ անփոփոխելի հոդվածը (այս հոդվածով նախատեսվում է 1-ին եւ 2-րդ հոդվածների անփոփոխելիությունը), այն դադարելու է գոյություն ունենալ: Միայն այս փաստը հաշվի առնելով՝ կարող ենք ասել, որ փաստաթուղթը հակասահմանադրական է: Իշխանությունները ինչպես եւ հայտարարվել էր, պատրաստվում են անցում կատարել խորհրդարանական կառավարման համակարգին: Որպես պարտադիր պայման նոր նախագծով սահմանվում է ԱԺ-ում մեկ քաղաքական ուժի մեծամասնություն ունենալը: Սա, կարելի է ասել, արվում է հատուկ այն բանի համար, որ իշխանությունները ստիպված չլինեն, խորհրդարանում մեծամասնություն ձեւավորելու համար, կոալիցիա կազմել:
Իսկ նախագահի պաշտոնը, ինչպես եւ ենթադրվում էր, դառնալու է զուտ ձեւական կարգավիճակ` իրական իշխանության բացակայությամբ: Գործադիր իշխանությունը միանձնյա իրականացնելու է Կառավարությունը, իսկ խորհրդարանը լինելու է նրա վերահսկող մարմինը: Նոր սահմանադրության՝ երեկ հրապարակված նախագիծը բաղկացած է յոթ գլուխներից, որոնք ընդհանուր հաշվով ունեն 173 հոդվածներ: Հրապարակված նախագծից բացակայում են վերջին երկու գլուխները` տեղական ինքնակառավարումը եւ եզրափակիչ դրույթները: Այսինքն՝ արդեն իսկ կարող ենք ասել, որ նոր Սահմանադրությունը բաղկացած կլինի մոտ 200 հոդվածներից:

 

 

 

 
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը Կառավարության անդամների հետ հանդիպումների ժամանակ ընդգծված սառնություն է դրսեւորում` չթաքցնելով, որ առկա իրավիճակից դժգոհ է: Ամենաուշագրավն այն է, որ նա սկսել է դժգոհել անգամ այնպիսի նախարարներից, որոնք սովորաբար նրա «սիրելիների» համարում են ունեցել: Նախարարները մասնավոր զրույցներում սրտնեղում են, որ վերջին շրջանում Սերժ Սարգսյանը հանդիպումների ժամանակ նախարարներին մի տեսակ չնկատելու է տալիս եւ եթե որեւէ մեկի հետ էլ խոսում է, ապա զուտ իր դժգոհությունն արտահայտելու համար: Բնականաբար, այս ամենը Կառավարության անդամներին մտահոգել է, եւ ամեն մեկն իր ձեւով փորձում է պարզել, թե ինչն է պատճառը, որպեսզի կողմնորոշվի՝ իրեն ինչպես պահել: Մյուս կողմից էլ նախարարների մեծ մասը համոզված է, որ առնվազն մինչեւ սահմանադրական փոփոխությունները գլուխ բերելը, Կառավարության կազմի լուրջ փոփոխություններ չեն լինի, եւ իրենք կարող են անհոգ լինել:

 

 

 

 

«Վիկիլիքսյան» փաստաթղթերից մեկում, որը 2007-ի սեպտեմբերի թվագրությամբ հեղինակել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Ռուդոլֆ Փերինան, ներկայացված են այն ժամանակ ՀՀ ֆինանսների փոխնախարար Դավիթ Ավետիսյանի հետ զրույցի մանրամասները: «Ժողովուրդ»-ի թարգմանությունից մասնավորապես հայտնի դարձավ, որ Ավետիսյանն ասել է, թե այդ օրերին դեռ ՀՀ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանն է վարչապետի ամենաիրական թեկնածուն, քանի որ նա Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի անձնական բանկիրն է նրանց ստվերային ֆինանսական կայսրությունում: Փոխնախարարը ամերիկացի դիվանագետին հավաստիացրել է, որ ինքն անհաշտ մոտեցում է ունեցել Տ. Սարգսյանի կոռուպցիոն գործունեության հանդեպ, եւ երբ իրեն առաջարկել են դրանում մասնակցություն ունենալ, ինքը հրաժարվել է, որից հետո էլ իրեն ՀՀ ԿԲ-ից տեղափոխել են ֆինանսների նախարարությունում աշխատելու: Ի դեպ, Սարգսյանի վարչապետ դառնալուց հետո` 2008-ին, Ավետիսյանը հրաժարական տվեց եւ մեկնեց ԱՄՆ: Այսօր այնտեղ է նաեւ Տ. Սարգսյանը:

 

 

 
Նախօրեին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանի` Քանաքեռցի Տույի նկատմամբ խափանման միջոց ընտրեց երկամսյա կալանավորումը: Նա մեղադրվում է ապօրինի զենք կրելու մեջ: Հիշեցնենք, որ թաղային հեղինակություն Տույը համարվում է այս տարվա մարտի 4-ին սպանված քրեական հեղինակություն Լեւոն Ղազարյանի` Երրորդմասցի Լյովիկի մտերիմներից: Վերջինիս սպանությունից հետո քրեական աշխարհում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ սպանված հեղինակության մտերիմներին եւս վտանգ է սպառնում: Իսկ հնարավոր թիրախների ցանկում Տույը առաջիններից էր: «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Երրորդմասցի Լյովիկի սպանությունից հետո Քանաքեռցի Տույը սկսել էր զրահապատ մեքենայով շրջել: Իսկ ինչ վերաբերում է նրան կալանավորելու պատմությանը, շրջանառվող վարկածներից մեկի համաձայն՝ Քանաքեռցի Տույին ու իր թիկնապահներին իրավապահները շրջափակել եւ բերման են ենթարկել` «զակազի» գնալու ճանապարհին:

 

 

 

 
ԱՐԵՔ ԱՎԵԼԻՆ

«Մենք անընդհատ քննադատվում ենք: Այո՛, գուցե սխալ ենք անում: Բայց անում ենք այն, ինչ կարողանում ենք: Մենք քաղաքական նպատակ ու շահ չունենք, մեր շահը երկիրը մաքրելն է»,- երեկ ասել է «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Սոֆյա Հովսեփյանը` հակադարձելով այն մեղադրանքներին, թե շարժումը հետեւողական չեղավ, իջեցրեց պայքարի նշաձողը, պառակտվեց եւ չկարողացավ հասնել գլոբալ արդյունքի:
Առհասարակ, այս օրերին ով չի ալարում, իր պարտքն է համարում քննադատել Բաղրամյան պողոտայի շարժման կազմակերպիչներին` սկսած առաջին շաբաթվա համակարգողներից` ի դեմս «Ոչ թալանի» նախաձեռնության, ավարտած նրանց փոխարինած նոր համկարգողներով: Եթե առաջիններին մեղադրում են իշխանությունների ճնշումներին տեղի տալու եւ արդյունքում շարժումը պառակտելու մեջ, ապա երկրորդ խմբի մեղքը համարվում է կազմակերպչական ապիկարությունն ու շարժման մարումը կանխելուն ուղղված քայլերի բացակայությունը:
Թե որքանով են տեղին նման մեղադրանքները կոնկրետ դեպքերում, դժվար է ասել, սակայն փաստ է այն, որ դեռ հունիսի 18-ին՝ «Ոչ թալանի» նախաձեռնած նստացույցից մեկ օր առաջ, սակայն արդեն ՀԾԿ հանձնաժողովի` հոսանքը 6,93 դրամով թանկացնելու որոշումից մեկ օր հետո, որեւէ մեկը չէր սպասում, որ կլինի ընդվզման նման հզոր ալիք: Խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը իրենց գործն ավարտած էին համարում` հունիսի 12-ին Աժ ուշացած, ոչինչ չտվող եւ ձեւական լսումներին մեկական հարց հնչեցնելով, իսկ արտախորհրդարանական ընդդիմությունն էլ, առհասարակ, համապատասխան կենդանու ականջում քնած` առավելագույնը մամուլում հանդես էր գալիս «էս երկիրը երկիր չի», «ուրիշ ինչ պետք է սպասեինք Սերժ Սարգսյանի կոռումպացված ռեժիմից» եւ նմանատիպ բովանդակությամբ մտազեղումներով:
Եվ երբ մի խումբ երիտասարդներ կոտրեցին այդ անտարբերության եւ համակերպվածության պատը եւ, ի վերջո, հասան աննախադեպ մի լուծման, երբ իշխանությունը թեկուզ ոչ լիարժեք, սակայն որոշակի զիջման գնաց, անգործության մատնված վերը նշված բոլոր քաղաքական ուժերն ու տարբեր կիսաքաղաքական նախաձեռնությունների անդամները մեկեն սկսեցին հարձակվել շարժման վրա, թե «ինչու իշխանափոխություն չարեցիք», «եթե իշխանափոխություն չեք արել, ուրեմն ձախողվել եք» եւ այլ նման մեղադրանքներով:
Ընդ որում, այս հարցում առանձնապես աչքի են ընկնում «Հարյուրամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության անդամները, որոնք ապրիլի 24-ից հետո, չգիտես ինչու, որեւէ ակտիվ քայլով չեն փորձում հասնել իշխանափոխության:
Այնպես որ, պետք չէ ընդդեմ էլէկտրաէներգիայի սակագնի թանկացման այս շարժումից պահանջել երկրում առկա բոլոր խնդիրների լուծումը: Երիտասարդներն այդքան են կարողացել, այդքան են արել: Եթե այդ բոլոր քաղաքական ուժերն իրենք կարող են անել ավելին, ապա նրանց ոչինչ չի խանգարում:




Լրահոս