ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ բոլոր գազալցակայանները ստուգելու վերաբերյալ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականը ավարտին կհասցնեն օգոստոսին: Նախարարը վստահեցրեց, որ ստուգումներն իրականացնելիս իրենք որեւէ վերապահում չեն արել:
-Պարո՛ն Երիցյան, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը բոլոր նախարարներին հանձնարարել էր մարզեր գնալ, զրուցել գյուղացիների հետ, պարզել նրանց խնդիրներն ու զբաղվել դրանց լուծմամբ: Ի՞նչ եք արել այս ժամանակահատվածում, այնպիսի տպավորություն է, որ Կառավարությունն արդեն արձակուրդում է ու որեւէ գործունեություն չի իրականացնում: Ի՞նչ եք անում Դուք անձամբ՝ որպես երկու գերատեսչության ղեկավար:
-Ես աշխատում եմ, ես արձակուրդում չեմ ու չեմ կարողանում հասկանալ, թե որտեղից է Ձեզ մոտ նման տպավորություն: Մենք աշխատելու շատ տեղ ունենք, բոլոր ուղղություններով մեր աշխատանքները տանում ենք: Ես չեմ կարծում, որ նախարարությունները արձակուրդային վիճակում են, չեն աշխատում ու չեն կատարում վարչապետի հանձնարարականը: ՄԵր նախարարությունը շատ ծանրաբեռնված է աշխատում՝ կապված մարզային աշխատանքների հետ, գիտեք, որ այնտեղ կյանքը այժմ լուրջ փուլում է գտնվում, իսկ մեր աշխատանքը այդ պահին չի կարող դադարել: Ես մարզերում լինում եմ, գիտեմ, թե այնտեղ ինչ խնդիրներ կան ու դրա մասին տեղյակ է վարչապետը, մեզանից կախված ամեն ինչ մենք անում ենք: Մենք արձակուրդ մեկնելու դեպքում մեկնում ենք հերթով, այնպես չէ, որ մենք «փակում» ենք նախարարությունը ու բոլորով մեկնում ենք արձակուրդի: Հանգստանալու իրավունք ունեն բոլորը, բայց դա մենք կազմակերպում ենք գրաֆիկով:
-ՀՀ վարչապետը Ձեզ հանձնարարել էր նաեւ ստուգումներ իրականացնել Հայաստանի գազալցակայաններում՝ պարզելու համար, թե ինչու են վերջին ժամանակահատվածում հաճախակիացել պայթյունները: Ի՞նչ փուլում են այդ աշխատանքները, ի՞նչ եք պարզել:
-Գրեթե բոլոր գազալցակայանները բոլոր մարզերում ստուգվել են, մինչեւ օգոստոս կավարտենք ստուգումները, ընթացքի եւ արդյունքների մասին պարբերաբար զեկուցվում է վարչապետին: Այնտեղ կան թերություններ, բացթողումներ, եղել են գազալցակայաններ, որ արգելել ենք աշխատանքը: Հայաստանում մոտ 500 գազալցակայան կա, դրանք ՀՀ-ի մասշատբի համար շատ են, իսկ պայթյուններն էլ լինում են այն պատճառով, որ սկսվում է մրցակցություն, թե ում մոտ է ավելի լավ, մեկը սկսում է պահանջված ծավալից ավելի շատ լցնել, ինչի համար էլ նման իրավիճակ է ստեղծվում: Մենք ամեն ինչ անում ենք՝ նման բաներն արգելելու համար: Մենք ավելի ենք խստացրել պայմանները եւ ավելի մեծ հսկողություն ենք սահմանելու:
-Արդյո՞ք Դուք ստուգումների ընթացքում վերապահումներ չեք անում, քանզի հայտնի իրողություն է, որ ՀՀ-ում գազալցակայանների սեփականատերերից շատերը բարձրաստիճան պաշտոնյաներ են:
-Չէ, չէ, նման բան գոյություն չունի, ես հստակ ասում եմ, որ չենք էլ հետաքրքրվում, թե ումն է այդ գազալցակայանը, բոլոր տեղերում գնում են տեսուչները, ու չի եղել դեպք, որ մերոնք մի գազալցակայան գնան, որեւիցե մի ղեկավար զանգի ինձ, չգիտեմ, խնդրի իր մոտ ստուգումներ չիրականացնել: Բոլորն էլ օրենքով են գործում, նման դեպք չի եղել, իմ կարծիքով գազալցակայանների տերերն էլ ցանկություն ունեն հասկանալու, թե ինչ թերություններ ունեն իրենց ղեկավարած կառույցները:
-Վերջին ժամանակահատվածում անընդհատ քննարկվում է նաեւ ՀՀ Կառավարության կազմի փոփոխության հարցը, նախօրեին աշխատանքից ազատվեց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, նշվում է, որ եւս մի քանի նախարարներ առաջիկայում իրենց պորտֆելները «հանձնելու» են: Արդյո՞ք դա «սպառնում» է նաեւ Ձեզ, հնարավոր է, որ սուպերնախարարի կարգավիճակից հրաժարվեք:
-(Ժպտում է. Ս.Գ) Առաջին հերթին փոքր երկրներում սուպերնախարարներ չեն լինում, իմը սովորական նախարարություն է, ես բազմիցս ասել եմ՝ ցույց տվեք մի մարդ, որն ամբողջ կյանքում ղեկավար է եղել, մեկ է՝ շուտ թե ուշ բոլորս էլ դուրս ենք գալու: Ես պաշտոնից հեռանալուց չեմ վախենում, ես գիտակցում եմ, որ մի օր ինձ կարող են ասել, թե հերիք է աշխատես, ու, ի վերջո, պապենական չեմ կարող աշխատել, մի օր պետք է դուրս գամ, չէ՞: Ես այնպես տրամադրված չեմ, որ ես պետք է, չգիտեմ, մինչեւ որ տարիքը ղեկավարի պաշտոնում լինեմ: Կարծում եմ՝ իմ բոլոր գործընկերներն էլ այդպես են աշխատում: Աթոռից բռնել, դողալ, դա իմ ոճը չի ու չի եղել իմ ամբողջ կյանքի ընթացքում: Ես չեմ կարծում նաեւ, որ նման մարդ կարող է լինել, յուրաքանչյուրն էլ գիտակցում է, որ ինքը պաշտոն է զբաղեցնում ու կարող է մի օր էլ այդ պաշտոնում չլինել: Անկեղծ ասած, նաեւ չեմ կարծում, թե Կառավարությունում փոփոխություններ են սպասվում, կամ ինչ-որ արտառոց իրավիճակ է, մենք բոլորս մեր գործն ենք անում: Կատարում ենք այն պահանջները, որոնք ներկայացնում են ՀՀ վարչապետն ու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ասեմ, որ այդ պահանջները շատ են, իսկ դրանք պետք է կատարվեն ըստ արժանվույն, ու այդպես էլ անում ենք: Ուղղակի անհասկանալի է, թե ինչու է մշտապես նման դեպքերում հայտարարվում, թե Կառավարությունը «քանդվում» է, շուտով իրավիճակ է փոխվելու եւ այլն: Մենք մեր տեղում ենք, մենք աշխատում ենք:
-Ակտիվորեն աշխատում էիք համայնքների խոշորացման ծրագրի իրականացման համար, բայց կարելի է ասել՝ այժմ «լճացման» փուլում են գտնվում այդ աշխատանքները: Ի վերջո, ի՞նչ է լինելու, արդյո՞ք համայնքների խոշորացման ծրագիրը կյանքի է կոչվելու, ինչո՞ւ մինչեւ այժմ որեւէ աշխատանք չի տարվում այդ ուղղությամբ:
-(Ծիծաղում է, Ս.Գ) Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչու եք նման որակումներ տալիս մեր աշխատանքներին, որեւէ լճացում չկա, մենք էլի մեր խոստման տերն եք, մենք էլի աշխատում ենք այդ ծրագրի իրագործման համար: Այժմ խորհրդարանը արձակուրդում է գտնվում, երբ վերադառնա, մենք կներկայացնենք օրենսդրական փոփոխությունները, որից հետո կսկսենք, Ձեր ասած, ակտիվ աշխատանքները: Եթե մենք մի ծրագիր ենք անում, դա երբեք կիսատ չենք թողնում: Դրանում համոզված եղեք:
ՀԷՑ-ՈՒՄ ԱՈՒԴԻՏԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԳՈՐԾԸ ՏԵՂԻՑ ՉԻ ՇԱՐԺՎՈՒՄ
Ինչպես հայտնի է` անսալով Բաղրամյան պողոտան փակած ցուցարարների պահանջին` Սերժ Սարգսյանը հունիսի 27-ին հայտարարեց, որ ՀԷՑ-ում միջազգային աուդիտ է անցկացվելու: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ առայժմ աուդիտի անցկացման ուղղությամբ տեսանելի առաջընթաց չկա. Կառավարությունում վերջին օրերին միայն փորձում են հստակեցնել այն հարցաշարը, որի միջոցով մրցույթում հաղթող կճանաչվի աուդիտորական ընկերությունը:
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել էր, որ ՀԷՑ-ը ռազմավարական ընկերություն է, ուստի Կառավարությունը շահագրգռված է, որ այնտեղ ամեն ինչ պատշաճ վերահսկողության ներքո լինի. «Ամենակարեւորը աուդիտ եւ խորհրդատվություն անցկացնող ընկերության ընտրության հարցն է: Իմ նախնական պատկերացումներով՝ պիտի ընտրենք աշխարհի լավագույն 10 ընկերություններից մեկին, խորհրդակցենք հասարակական ակտիվիստների, խորհրդարանական ընդդիմության հետ, որ նրանք այդ ցանկից հնարավորություն ունենան ընտրել, ենթադրենք, 3-4-5 ընկերություն, որից հետո կանենք մրցույթ, կտեսնենք, թե որ ընկերությունը կառաջարկի լավագույն գինը»: Սակայն պարզվում է, այս հայտարարությունից հետո դեռեւս որեւէ հստակ քայլ չի կատարվել աուդիտ իրականացնող ընկերության ընտրության ուղղությամբ:
Հիշեցնենք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատեր ռուսական «Ինտեռ ՌԱՕ» ընկերության ղեկավար Բորիս Կովալչուկը ռուսաստանցի լրագրողների հետ զրույցում ասել էր, որ իրենք պատրաստ են վաճառել Հայաստանում իրենց դուստր ձեռնարկությունը, եթե «լավ գին առաջարկող լինի»: Վերջինս հայտարարել էր նաեւ, թե ՀԷՑ-ում աուդիտ իրականացնող ընկերության ընտրության նպատակով անցկացվող մրցույթը կազմակերպելու են ՀՀ Կառավարությունը եւ «Ինտեռ ՌԱՕ» ընկերությունը համատեղ:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանից պարզել, թե ինչ փուլում է գործընթացը: Սակայն վերջինս մեր հեռախոսազանգերին չէր պատասխանում, հետագայում տեղեկացանք, որ Հարությունյանը երկրից բացակայում է: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը եւս կտրականապես մեր հեռախոսազանգերին չպատասխանեց: Նշենք, որ Զախարյանը օրեր առաջ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել էր, թե դեռեւս որեւէ բան հստակ չէ, պետք է սպասել, տեխնիկական խնդիրները լուծվելու դեպքում միայն կկարողանան բոլոր հարցերին պատասխան տալ: Բայց կարծես թե մոտ առաջիկայում այդ հարցերն այդպես էլ պատասխան չեն ստանալու, քանի որ ոչ ոք դրանցով չի զբաղվում:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ՉՈՒԳՈՒՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Նախօրեին Քանաքեռ-Զեյթունի Տիգրանյան 5 հասցեում սպանված քրեական հեղինակություն Արթուր Հովհաննիսյանի` Չուգունի սպանության գործից «ժողովուրդ»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Արթուր Հովհաննիսյանի հայրը` Գեւորգ Հովհաննիսյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք իր որդին թշնամիներ է ունեցել, եւ ինքն ում է կասկածում որդու սպանության համար, ասաց. «Մի ուզող ունես, հազար չուզող, չգիտեք՝ մեր հայ ազգի նախանձությունը: Մարդը չի կարող միշտ միայն իր լավը ուզողներ ունենալ: Ես առայժմ ոչինչ չեմ կարող ասել, սպասում եմ քննիչների աշխատանքին, տեսնեմ, թե ինչ կպարզեն: Միայն կարող եմ ասել, որ նա ընենց թագավոր տղա էր…»:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ սպանված Արթուր Հովհաննիսյանը միայն ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Աբրահամ Մանուկյանի որդու՝ Արթուր Մանուկյանի հետ չէ, որ հակասություններ է ունեցել: Օրեր առաջ երկու այլ տղաների հետ եւս վիճաբանության է բռնվել, նույնիսկ լուրեր կան, որ գործը ծեծկռտուքին է հասել: Իսկ թե որքանով այդ հակասությունները կապ ունեն սպանության հետ, ցույց կտան ժամանակը եւ քննության արդյունքները:
Մեր տվյալներով՝ չի բացառվում նաեւ, որ Արթուր Հովհաննիսյանի սպանությունը կապված լինի մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի տարածքում քրեական հեղինակություն Լեւոն Ղազարյանի՝ Երրորդմասցի Լյովիկի սպանության հետ: Բանն այն, որ երբ սպանվեց Երրորդմասցի Լյովիկը, լուրեր տարածվեցին, թե նա «Նուբարաշեն» ՔԿՀ էր գնացել՝ այնտեղ պահվող իր մտերիմներից ոմն Դավիթ Իսպիրյանին այցելության, եւ հենց այդ հանդիպումից հետո էլ հնչել էին կրակոցները: Պարզվում է՝ Արթուր Հովհաննսիյանը եւս մտերիմ է եղել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող Դավիթ Իսպիրյանի հետ:
ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ
«Ժողովուրդ»-ին երեկ հայտնի դարձավ, որ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի` Կարեն Եսայանի սպանության համար ազատազրկման դատապարտված Հարություն Սարգսյանի ընտանիքը հայտնվել է մեկ այլ դատական պրոցեսի մեջ: Սպանված Կարեն Եսայանի մայրը` Անահիտ Եսայանը, դիմել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան` իր որդու սպանությունից հետո կրած վնասների փոխհատուցման պահանջով: Վերջինս Սարգսյաններից պահանջում է մոտ 20 միլիոն դրամ: Երեկ այս գործով առաջին դատական նիստն է կայացել: