ՄՈՍԿՈՎՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՏԱՊԱԼՎԵՑԻ՞Ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ աշխատանքային այցով ՌԴ-ում գտնվող Սերժ Սարգսյանը մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին: Նաեւ նախատեսված է եղել Ս. Սարգսյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Սա պաշտոնականը, այժմ ներկայացնենք այն, ինչ կա կուլիսների հետեւում: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ տեղի են ունեցել նաեւ այլ միջոցառումներ, որոնց Սերժ Սարգսյանը չի մասնակցել: Այսպես, նա չի մասնակցել ԵվրԱզԷՍ-ի գագաթաժողովին ու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որին մասնակցել են ՌԴ, Բելառուսի եւ Ղազախստանի նախագահները: Ի դեպ, ԵվրԱզԷՍ-ի գագաթաժողովին Ս. Սարգսյանը նախկինում մասնակցել էր դիտորդի կարգավիճակով, իսկ այս անգամ ընդհանրապես չմասնակցեց: Ավելացնենք, որ նշված նիստերին պետք է մասնակցեր նաեւ Ուկրաինայի նախագահը, որը, սակայն, չի ժամանել Մոսկվա: Ս. Սարգսյանի՝ Պուտինի հետ հանդիպումը, այնուամենայնիվ, կայացել է, որին մասնակցել են նաեւ Լուկաշենկոն եւ Նազարբաեւը: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին, այնտեղ ստորագրվել է 18 փաստաթուղթ: Փաստորեն, կարելի է ենթադրել, որ ՌԴ-ի ծրագիրն ամբողջապես չիրականացավ: Բանն այն է, որ Մոսկվայում պետք է որոշվեր Հայաստանի՝ ԵվրԱզԷՍ-ին անդամագրվելու հարցն: Այսինքն՝ հարցը էլի ձգձգվեց՝ հավանաբար մինչեւ մյուս տարի:
Հայաստանը նման է այն պարանին, որը երկու թիմեր երկու կողմից ձգում են՝ ամեն մեկը փորձելով իր կողմը քաշել: Եթե պատմական անցյալում մի թիմը Հռոմեական կայսրությունն էր, մյուսը՝ Պարսկաստանը, ապա ներկայում մի թիմը Եվրոպան է՝ ի դեմս Եվրամիության, մյուսը Ռուսաստանը՝ ի դեմս Եվրասիական միության: Այս սպորտային միջոցառումը պարբերաբար ընթացել է, եւ հիմնականում հաղթել է արեւելյան կողմի թիմը՝ հաճախ անկախ մեր կամքից:
Օրինակ՝ ՌԴ-ն արդեն այդ փորձն ունի, պարանի իր կողմի ծայրն էլ այնպես է հարմարեցրել, որ ամեն դեպքում դեպի իրեն ձգելն ավելի հեշտ լինի: Այստեղ գոնե ինչ-որ բաներ երեւում են՝ ձեւավորված անվտանգության համակարգ, ռազմական համագործակցություն, ներդրումների եւ ֆինանսական հոսքերի զգալի մասը, մի խոսքով՝ իրատեսականի ինչ-որ հոտ փչում է:
Մյուս կողմը՝ եվրոպականը, ավելի շատ հեքիաթային է՝ անհամեմատ փոքրաթիվ ներդրումներ, չկայացած անվտանգության համակարգ կամ էլ գոնե գոյություն չունեցող եւ առհասարակ ոչ պրագմատիկ դաշտ: Խոսվում է միայն եվրոպական արժեքների մասին, որոնք հայերն այդպես էլ համառորեն չեն ուզում որդեգրել: Բայց ասենք որդեգրեցին. ինչպե՞ս ենք պատկերացնում լինել Ռուսաստանի գեոքաղաքական անվտանգության համակարգում, սակայն եվրոպական արժեքներով: Պարանը միաժամանակ երկու կողմ չի կարող ձգվել, «կպոռթվի»:
Չնայած եթե նայենք պատմությանը, հայերը միշտ էլ կարողացել են «խաղեր» տալ երկու կողմի արանքում, բայց երբեք էլ Եվրոպայի լիարժեք մաս չեն եղել, իսկ լինելու բոլոր փորձերն ունեցել են տխուր հետեւանքներ:
Նկատենք, որ եվրոպական կողմը, այնուամենայնիվ, չի հանձնվում եւ փորձում է ամեն գնով իր կողմը ձգել՝ չնայած խոշոր հաշվով Հայաստանն իրենց համար եղած թե չեղած մեկ է, եւ չլինելու դեպքում էլ դարդ չեն անի: Ժամանակ առ ժամանակ միջոցառումներ են կազմակերպում, այցեր: Օրինակ՝ վերջերս եվրոպական 3 երկրների արտգործնախարարներն էին այցելել, Սերժ Սարգսյանի հետ հանդիպել, երեկ էլ Դավիթ Շահնազարյանն ու ՀՀ-ում Լեհաստանի դեսպանը Եվրոպական միության հեռանկարների թեմայով միջոցառում էին կազմակերպել, որտեղ բանախոսներն էին Անուշ Սեդրակյանն ու Նարինե Մկրտչյանը՝ նախագահի՝ 2 կին հավանական թեկնածուները: Քննարկեցին, քննարկեցին, բայց էլի մնացին միայն քննարկումներ:
Հիմա էլ Սերժ Սարգսյանն է Մոսկվայում, ու դժվար չէ գուշակել, թե հիմնականում ինչի համար: Թեեւ պաշտոնական ու ոչ պաշտոնական աղբյուրները ՀՀ նախագահի առաջիկա ընտրությունների մասին Պուտինի հետ զրույցից որեւէ բան չեն հայտնում: Սպասենք հետագա զարգացումներին:

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ




Լրահոս