«Վիկիլիքսի» կողմից հրապարակված այս փաստաթուղթը հեղինակել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Ռուդոլֆ Փերինան 2007թ. սեպտեմբերին: Հեղինակը ներկայացնում է այնժամ ՀՀ ֆինանսների փոխնախարար Դավիթ Ավետիսյանի հետ ամերիկյան կողմի զրույցի մանրամասները:
Ավետիսյանը փոխանցել է Կառավարության ներսում տիրող իրադրությունը եւ հայտնել, որ իշխանության տարբեր թեւերի միջեւ թեժ պայքար է սկսվել Սերժ Սարգսյանի նախագահության դեպքում վարչապետ դառնալու համար: Հաղորդված տեղեկություններից ուշագրավ է այն փաստը, որ Քոչարյանն ու Սարգսյանը արդեն այդ ժամանակ էին պայմանավորվել Արմեն Գեւորգյանին փոխվարչապետ նշանակելու հարցում: Ավելին՝ հետաքրքրական է ֆինանսների փոխնախարարի հաղորդումը իշխանության կոռումպացվածության եւ Քոչարյանի՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով դժգոհ լինելու մասին:
Այսպես, ամերիկացի դիվանագետը հայտնում է, որ Դավիթ Ավետիսյանը բավականին վստահելի հաղորդակից է, սակայն չի ցանկանում մնալ Կառավարությունում եւ մտածում է հայկական քաղաքական հարթակից մի քանի տարով բացակայելու մասին՝ վերադարձի ակնկալիքով: Ավետիսյանը ներկայացրել է, որ իշխանության մեջ սկսվել է ակտիվ կուլիսային պայքար վարչապետ դառնալու համար, եւ երեք անուն է շրջանառվում՝ Արմեն Սարգսյան, Տիգրան Սարգսյան եւ Հովիկ Աբրահամյան: Վերջինիս առիթով բանախոսը նկատել է, որ նա տվյալ շրջափուլում հայտնի էր իբրեւ հստակ քոչարյանական գործիչ, որը, լինելով ՀՀԿ-ի անդամ, պատրաստ էր գլխավորել այն մարդկանց խումբը, որ հարմար առիթի դեպքում կցատկի ԲՀԿ-ի գնացքը: Սակայն նրան ՀՀԿ-ում լավ են հասկացրել, որ նման վայրիվերումները աններելի կլինեն՝ անգամ հաշվի չառնելով Քոչարյանի պատրոնաժը նրա նկատմամբ: Շեշտենք, որ Քոչարյանի պաշտպանությունը Սերժ Սարգսյանի համար նախագահի աթոռը գրավելուց հետո կարծես այլեւս զսպիչ գործոն չէ՝ հաշվի առնելով Աբրահամյանին՝ Գագիկ Ծառուկյանին «բամփելու» հարկադրանքը, վերջինիս հրապարակային ջախջախումը, Արմեն Գեւորգյանի հեռացումը փոխվարչապետի պաշտոնից եւ այլն:
Վարչապետի մեկ այլ թեկնածու է համարվել Արմեն Սարգսյանը, որն այդ պաշտոնն արդեն վարել էր Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանում: Ավետիսյանը փոխանցել է, որ Սերժ Սարգսյանի շրջապատի այն մարդիկ, որոնք շահագրգռված են տնտեսաքաղաքական վերափոխումներով, իրենց հույսը կապում են հենց Արմեն Սարգսյանի հետ: Ըստ նրա՝ Արմեն Սարգսյանը կարող է նոր գաղափարներ ներմուծել հայաստանյան փակ իշխանական համակարգ եւ հնարավորություն ստեղծել կոտրելու կոռուպցիայի արմատացած մշակույթը, որ սպառնում է վերջնականապես ոչնչացնել Հայաստանի քաղաքական վերնախավը: Սակայն ամենահավանական թեկնածուն դիտվել է Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը, ում Փերինան գորշ ձի է համարում, եւ որը կարող է փոխզիջումային հարմար թեկնածու լինել Սերժ Սարգսյանի ու Քոչարյանի համար: Ըստ Դ. Ավետիսյանի՝ Տիգրան Սարգսյանը երկու գործիչների համար էլ հարմար անձնական բանկիր է եղել նրանց անձնական ստվերային ֆինանսական կայսրությունում: Ավելին՝ Ավետիսյանն ինքն է իր աշխատանքը սկսել Տիգրան Սարգսյանի ենթակայության ներքո՝ որոշ ժամանակ նրա հետ մտերմություն ունենալով: Սակայն իր իսկ պնդմամբ՝ Ավետիսյանն անհաշտ մոտեցում է ունեցել Տիգրան Սարգսյանի անձնական կոռուպցիոն գործունեության նկատմամբ, որին հրավիրվել է մասնակցելու, սակայն մերժել է, ինչից հետո էլ անցել է աշխատանքի ֆինանսների նախարարությունում: Հետաքրքիր է, որ Ավետիսյանը Տիգրան Սարգսյանի հրամանով 2008թ. մայիսին ազատվեց փոխնախարարի պաշտոնից:
Հատկանշական է նաեւ, որ փոխնախարարի մակարդակով, թեեւ անձնական զրույցում, սակայն հաստատ մեղադրանքներ են հնչում Հայաստանի բարձրագույն իշխանության հանդեպ: Այսօր Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ ստեղծված հակակոռուպցիոն խորհուրդը, հաշվի առնելով ֆինանսների նախկին փոխնախարար Դավիթ Ավետիսյանի հայտնած տեղեկությունները, պետք է առաջին հերթին զբաղվի բարձրաստիճան պաշտոնյաների գործունեության հետաքննությամբ: Ավելին՝ կոռուպցիոն գործունեությունը քրեորեն պատժելի հանցանք է, ուստի իրավապահ մարմինները պարտավոր են անմիջապես հետաքննություն սկսել Փերինայի հեղինակած այս փաստաթղթի հիման վրա (07YEREVAN1148, 14.09.2007):
Ավետիսյանը նաեւ հայտնել է, որ անկախ վարչապետի անձից՝ 2007թ. սեպտեմբերին Սարգսյանն ու Քոչարյանն արդեն իսկ համաձայնել էին, որ Արմեն Գեւորգյանը լինելու է փոխվարչապետ, որի առաքելությունն է լինելու նոր Կառավարությունում Քոչարյանի շահերը պաշտպանելը: Ի դեպ, Ավետիսյանը պատմել է նաեւ 2007թ. խորհրդարանական ընտրությունների՝ Քոչարյանի ընկալման մասին: Մասնակցելով Քոչարյանի արտասահմանյան այցերից մեկին՝ Ավետիսյանը տարբեր մեկնաբանություններից հասկացել է, որ Քոչարյանը խիստ հիասթափված է եղել ԲՀԿ-ի արձանագրած տոկոսներից: Նա հույս ուներ ՀՀԿ-ին ու ԲՀԿ-ին տեսնել հավասար կարգավիճակում: Իսկ ինչ վերաբերում է ՀՀԿ-ի ներսում տիրող դրությանը, բանախոսը փաստել է, որ Սերժ Սարգսյանը նախագահական ընտրություններից առաջ փորձել է չհակադրվել կուսակցության հնաբնակներ Տիգրան Թորոսյանի ու Գալուստ Սահակյանի հետ՝ Կառավարության մեջ գերակշիռ տեղեր հատկացնելով ՀՀԿ-ականներին: Սակայն նախկին փոխնախարարի համոզմամբ՝ որքան մեծանա Սերժ Սարգսյանի ազդեցությունը ՀՀԿ-ի նկատմամբ, այնքան ՀՀԿ-ի հին թեւը մարգինալանալու է: Այդ քաղաքականությունը Ավետիսյանը համարել է խիստ բնորոշ Սերժ Սարգսյանին, որը գործում է համբերատար ու մեթոդիկ: Իրավամբ, Սերժ Սարգսյանը մի քանի ամսում ՀՀԿ-ն վերածեց իրեն լիովին ենթակա մի զանգվածի, իսկ անհնազանդներին կոպտորեն վռնդեց կուսակցությունից:
ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ո՞Վ ԿԵՐԱՎ ՏՐԱՄՎԱՅՆԵՐԻ ՓՈՂԸ
Աշխարհի գրեթե բոլոր քաղաքակիրթ երկրներում ուղեւորափոխադրումները կատարվում են հիմնականում էլեկտրատրանսպորտի միջոցով, որն էկոլոգիապես մաքուր է եւ արտանետումներով չի աղտոտում բնությունն ու շրջակա միջավայրը: Իսկ, ահա, երեւանյան կանգառներում մշտապես երթուղայինների կամ ավտոբուսների խցանումներ են, որոնք այնպիսի բույր են տարածում, որ մինչ տրանսպորտ բարձրանալը հնարավոր է անգամ շնչահեղձ լինել:
Հայկական բուսաբանության ընկերության նախագահ Մարինա Օգանեսովայի խոսքերով՝ մեծ քանակությամբ մեքենաները վնասակար են: «Ուշադրություն դարձրեք՝ մեր փողոցները նեղ են, եւ այդ քանակի մեքենաների համար իրենք բոլորովին հարմար չեն: Երկու կողմից կանգնում են մեքենաները, եւ ավելի են նեղանում փողոցները: Սրան գումարած նաեւ բենզինի որակը, դրանից նույնպես կարող է քաղաքի օդն աղտոտվել»,- լրացրեց Օգանեսովան:
Նրա խոսքերով՝ եվրոպական գրեթե բոլոր երկրներում երթուղայինները փոխարինում են տրանսպորտային այլ միջոցներով` տրամվայով, ավտոբուսով, մետրոյի կայարաններն են ավելացնում, որպեսզի օդը քիչ աղտոտվի, եւ փողոցների ծանրաբեռնվածությունը թուլանա: «Բայց այսօր Երեւանում ճիշտ հակառակն է արվում, քանի որ երթուղայինների գծերի տերերը հենց իշխանական օղակներից են եւ դրանց շահագործմամբ մեծ շահույթ են ստանում: Բացի այս, քաղաքակիրթ երկրների մայրաքաղաքներում տրանսպորտն այդքան գերծանրաբեռնված չէ, ինչպես մեզ մոտ: Այստեղ՝ Երեւանում, քառակի անգամ ավելացել է մեքենաների թիվը»,- ներկայացրեց մասնագետը:
«Սիվիլ վոյս» բնապահպանական ընկերության բնապահպան Սիլվա Ադամյանի համոզմամբ՝ Երեւանում մեքենաները շատ են, եւ բացի այս՝ կանգառներն իրար մոտ են ու շատ: «Մեքենաներն անգամ կանգնելիս եւ արագություն հավաքելիս չայրված ածխաջրերի մնացորդներ, ռադիկալներ են անջատվում, եւ այդ կերպ օդն աղտոտվում է: Մինչդեռ նախկինում նման բան չկար, անգամ երբ քաղաքը մեկ միլիոնից ավելի բնակիչ ուներ, այդ տարիներին շահագործվում էին ե՛ւ մայրաքաղաքային տրամվայները, ե՛ւ տրոլեյբուսները»,- նկատեց տիկին Ադամյանը:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ «Երեւանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի հաշվեկշռում ընդգրկված է 79 տրոլեյբուս, որից 63-ն են շահագործվում: Ընկերությունը սպասարկում է տրոլեյբուսային 5 երթուղի եւ տարիներ շարունակ չի համալրվել նոր տրոլեյբուսներով:
Իսկ ինչ վերաբերում է մետրոյին, ապա խորհրդային տարիներից ժառանգություն ստացած կայարաններն են գործում եւ վերջ. նոր կայարան կառուցելու համար երկրում փող չկա: Տրամվայների «ռելսերն» էլ հանեցին, վաճառեցին՝ փակելով մայրաքաղաքում երբեւէ տրամվայ ունենալու վերջին հույսի դուռը:
Հիշեցնենք՝ Երեւանում տրամվայի գծերը սկսեցին տոտալ քանդել ու վաճառել քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի օրոք: Այժմ Նազարյանը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահն է եւ «լույսի գինն» է բարձրացնում:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԴՐԱԿԱՆ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐ
Հուլիսի 14-ին Իրանի ու Վեցնյակի ներկայացուցիչների միջեւ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները բարեհաջող ավարտ ունեցան: Ինչպես հայտնի է՝ համաձայնագիրը ենթադրում է Իրանի կողմից ավելի քան 10 տարով միջուկային մշակումների սահմանափակում՝ պատժամիջոցների հետզհետե չեղյալ հայտարարման դիմաց:
Թե քաղաքական կամ տնտեսական առումով ինչպիսի ազդեցություն կունենա Հայաստանի վրա այս համաձայնագիրը, Armlur.am-ը փորձել է պարզել արեւելագետ, տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի հետ: «Սա համայն մարդկության հաղթանակն է, քանի որ հանգուցալուծվեց տասնամյակների պատմություն ունեցող միջազգային ամենակնճռոտ հիմնախնդիրներից մեկը»,- ասաց նա՝ հավելելով, որ այն մի քանի ուղղություններով դրական ազդեցություն կարող է ունենալ նաեւ Հայաստանի վրա: «Տնտեսական, քաղաքական կապանքներից ձերբազատված Իրանը առավել կակտիվացնի իր երկկողմանի հարաբերությունները Հայաստանի հետ, մեծ է հավանականությունը, որ կօգտագործի նաեւ Հայաստանի հնարավորություններն Արեւմուտքի եւ ԵՏՄ-ի հետ ակնկալվող տնտեսական հարաբերություններում:
Տնտեսականից բացի՝ կարեւոր է նաեւ համաձայնագրի քաղաքական նշանակությունը, քանի որ պատժամիջոցների վերացումը, հարաբերությունների բարելավումը հնարավորություններ կընձեռեն Իրանին ամրապնդելու իր քաղաքական դիրքերը տարածաշրջանում», – ընդգծեց փորձագետը: Պետրոսյանի կարծիքով` այս համաձայնագիրը վնաս է Հայաստանի հարեւան ոչ բարեկամական պետությունների՝ Ադրբեջանի եւ հատկապես Թուրքիայի շահերին, քանի որ նախկին կապանքներից ազատված Իրանն ավելի կակտիվացնի իր դերակատարությունն ինչպես Մերձավոր Արեւելքում, այնպես էլ Այնդրկովկասում: «Վերջինի պարագայում ոչ բարենպաստ իրավիճակում կհայտնվի հատկապես Ադրբեջանը, քանի որ Թեհրանը կավելացնի իր ճնշումները Իրանի հետ տարբեր ոլորտներում` ռազմաքաղաքական, տնտեսական, սահմանային, մշակութային եւ այլ հարթություններում մշտապես խնդրահարույց հարաբերություններ ունեցող ադրբեջանական իշխանությունների վրա` որպես լծակ օգտագործելով կրոնադավանական գործոնը:
Իսկ Իրանի քաղաքական դերի ակտիվացումը մերձավոր-արեւելյան տարածաշրջանում աներկբայորեն տեղի կունենա տարածաշրջանային այլ դերակատարների` Իսրայելի, Սաուդիան Արաբիայի, Եգիպտոսի եւ հատկապես Թուրքիայի դիրքերի հաշվին, քանի որ կասկածից վեր է, որ տարածաշրջանում վերահսկելիություն ապահովելուն միտված արդեն իսկ ձեւավորվող նոր համակարգում կենտրոնական դեր է վերապահվելու հենց Իրանին»,- իր խոսքը եզրափակեց Արմեն Պետրոսյանը:
ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ