Հաղորդավար, շոումեն, երգիչ Գրիշա Աղախանյանն այժմ աշխատում է սթենդ-ափ ներկայացման վրա, որն առաջիկայում կհանձնի հանդիսատեսի դատին: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում խոսել է իր ոլորտին առնչվող թեմաներից, անդրադարձել է նաեւ անձնական կյանքին:
-Գրիշա՛, եղել եք բազմաթիվ հեռուստանախագծերի հաղորդավարը եւ պրոդյուսերը, որպես շոումեն կարողացել եք կերտել Ձեր տեսակը, հեռուստադիտողներից շատերն այսօր էլ հիշում են եթերում հնչեցրած Ձեր wow-ները, ի՞նչ եք կարծում` այսօր Հայաստանում որակյալ շոուներ կա՞ն, այդ ոլորտում վառ անհատականություններ նկատո՞ւմ եք:
-Շատ երեխեք կան, որ տեսնում եմ, զգում եմ` տաղանդավոր են, շնորհքով, բայց այն, ինչ կուզենայի տեսնել, դեռ չեմ նկատել: Խորհրդային տարիներին մեր սերունդը պայքարում էր ազատ եւ անկաշկանդ լինելու համար, մենք ուզում էինք բնական լինել: Հիմա ժամանակները փոխվել են, այսօր դաշտում գործողների համար տասն անգամ ավելի հեշտ է, քան ժամանակին` մեզ համար: Ուստի սպասում եմ, որ կհայտնվեն նոր դեմքեր ու նոր շունչ կբերեն: Օրինակ՝ ես չեմ ասում, թե ամեն ինչ լավ եմ արել, բայց միշտ ռիսկի եմ գնացել: Այս ասպարեզի մարդկանց էլ խորհուրդ եմ տալիս, որ եթե ուզում են հետաքրքիր լինել, տարբերվել, լինել իսկապես վառ անհատականություն, թող ռիսկի դիմեն: Այս ոլորտի մարդկանց համար շատ կարեւոր է նաեւ շարմը, հմայքը, որ շատերի դեպքում պակասում է. միայն տաղանդը բավական չէ:
-Դուք եղել եք «Մետրո» թատրոնի համահիմնադիրներից, սակայն այսօր թատրոնում աշխատելու ցանկություն չունեք, ինչո՞ւ, ի՞նչը չի գոհացնում:
-Կուզենայի թատրոնում խաղացանկային ներկայացումներում խաղալ, բայց թատրոնների ֆինանսական վիճակն ինձ չի գոհացնում, ստիպված ես ման գալ ուղիներ, որոնց միջոցով հնարավոր կլինի նաեւ գումար վաստակել: Այսօր թատրոններում էքստրաօրդինար մոտեցումներ երեւի չկան, հետաքրքիր բան որ լիներ, կիմանայինք, դե, կոմերցիոն ներկայացումներ արվում են, տեսնում ենք: Ինքս կողմնակից եմ անելու ոչ օրդինար բաներ, ինչպես արդեն նշեցի` ռիսկի դիմել, ոչ թե հունին համընթաց գնալ: Հիմա սթենդ-ափ ներկայացում եմ պատրաստում, այն ընթացքի մեջ է, այդ մասին մանրամասներ, սակայն, դեռեւս չեմ հայտնի: Զուգահեռ աշխատում եմ երկու նախագծերի վրա, դրանցից մեկը պլանավորում եմ այս տարի կյանքի կոչել:
-Ժամանակին Դուք հայտնի էիք Ձեր «Top 10 of Rabiz» ձայնասկավառակներով, ռաբիսը ներկայացնում էիք նոր մոտեցմամբ, էլի նման իմպրովիզներ կլինե՞ն:
-Երաժշտական ասպարեզում երկար դադար եղավ, բայց գուցե դեռ տարին մեկ անգամ ինչ-որ բան անեմ, նոր մշակումներով հանդես գամ: Բայց նման նպատակ դեռեւս չկա, թեպետ ես համոզված եմ, որ այդ մատուցումներն այսօր էլ կարող են արդյունավետ լինել եւ լավ ընկալվել: Ամեն դեպքում 50 տարեկանում ռեփ երգելը, թռվռալը ճիշտ չէ, երեւի տարիքն էլ կապ ունի…
-2000թ.-ին տեղափոխվեցիք ԱՄՆ, մի քանի տարի այնտեղ ապրեցիք, հետո վերադարձաք, ի՞նչը չհերիքեց այնտեղ:
-Առաջին հերթին հենց արվեստի մթնոլորտում շատ բան չհերիքեց: Ինձ համար Հայաստանում ամեն դեպքում դեռ անելիքներ կան, այնտեղ` ոչ այնքան, կարծում եմ` ստեղծագործող մարդու համար այնտեղ մի քիչ դժվար է: Այնուամենայնիվ, ԱՄՆ-ում ապրելու ժամանակահատվածն ինձ համար մեռած շրջան չէր. ես թողարկում էի տեսահոլովակներ, մասնակցում էի նախագծերի, ձեռքս պահում էի զարկերակի վրա:
-Ձեր երկրորդ կնոջն այնտեղ հանդիպեցի՞ք, թե՞ Հայաստանում:
-Նրան գտա գնալ-գալու ժամանակ:
-Ձեր միջեւ առկա տարիքային տարբերությունը երբեւէ խոչընդոտե՞լ է փոխհարաբերություններին:
-Ո’չ, այդ հանգամանքը խոչընդոտ չէ: Ես գիտեմ նույն տարիքի ամուսինների, որոնք ամեն օր վեճերի մեջ են: Առհասարակ, ես ինձ համարում եմ հաղորդակցություն հաստատել կարողացող մարդ, այս հարցում երեւի կյանքի փորձն էլ իր դերն է խաղում:
-Դուք Ձեզ ընտանիքի մարդ համարո՞ւմ եք:
-Դեռ 90-ականներից շուխուր էին գցել, թե ես սեքս-սիմվոլ եմ, էլ եսիմ ինչ եմ, բայց ես ամեն դեպքում ինձ ավելի շատ համարում եմ ընտանիքի մարդ. այստեղ խոսում են ծնողներիս գեները: Տարիների հետ ավելի ու ավելի շատ եմ ուզում այդպիսին լինել:
-Երկրորդ ամուսնությունից ծնված Ձեր որդու ապագայի հետ ի՞նչ հույսեր եք կապում, կուզենա՞ք Ձեր ուղին բռնի:
-Հիմա որդիներիցս առաջինի ապագայի վերաբերյալ կոնկրետ պլաններ ենք կազմում: Ինքն ուզում է բժիշկ դառնալ, իրար հետ խորհրդակցում ենք, խելացի տղա է, նպատակներ ունի, բայց իմ մասնագիտական ուղին չի բռնի, իսկ փոքր որդիս կարծես թե շատ է սիրում երաժշտություն, ուշադիր լսում է որակյալ երաժշտություն, այնպես որ, հնարավոր է` երգիչ դառնա, իմ ուղով գնա…
ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՒՅՍ ՉՈՒՆԻ
«Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցի տարածքում գտնվող երկու հուշարձան` բաղնիքի շենքը եւ եկեղեցին, խիստ վտանգված են: Այս մասին օրերս ահազանգել է արգելոցի մասնաճյուղի վարիչը` «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ մարզային ծառայությունների, արգելոցների եւ արգելոց թանգարանների այս տարվա վեց ամիսների հաշվետվությունները ներկայացնելիս:
«Ժողովուրդ»-ը ՀՀ մշակույթի նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանից հետաքրքրվեց` ինչ քայլեր է ձեռնարկել նախարարությունը` հուշարձանները պահպանելու եւ վերականգնելու ուղղությամբ: Նրա խոսքով` արդեն շուրջ 4 տարի է` արգելոցի տարածքում պետական բյուջեի հաշվին տարվում են նախագծային եւ վերականգնողական աշխատանքներ, իսկ թե դեռ որքան դրանք կշարունակվեն, գործակալության պետը չկարողացավ հստակ ասել. «Ամբողջ հանրապետության տարածքում մենք ունենք առավել վտանգված հուշարձաններ, խնդիրը պետք է դիտել ընդհանուրի կոնտեքստում: Մենք ունենք, ասենք, այդ հուշարձանների նման կամ դրանցից առավել վտանգված 700 հուշարձան, սակայն մեկ տարվա կտրվածքով կարողանում ենք վերականգնողական աշխատանքներ տանել առավելագույնը 20 հուշարձանի դեպքում»,-մեկնաբանեց նա:
Մեր հարցին, թե ինչով է պայմանավորված այն հանգամանքը, որ շուրջ 4 տարվա ընթացքում պատմամշակութային արգելոցի տարածքում տարվող վերականգնողական աշխատանքներն այդպես էլ ավարտին չեն հասցվել, Ա. Աբրոյանը պատասխանեց. «Ֆինանսները չեն բավարարել: Հույս չկա, որ կկարողանանք այդ խնդիրը հրատապ կերպով լուծել, քանի որ այս տարի հրատապ կերպով վերականգնելու ենթակա հուշարձաններն արդեն իսկ շատ են»:
Անդրադառնալով արգելոցի տարածքում բաղնիքի շենքի եւ եկեղեցու վտանգված լինելուն՝ Ա. Աբրոյանը նկատեց, որ առաջնահերթ խնդիր է ցանկապատի մուտքի տեղադրումը, որպեսզի տեղանքը հնարավոր լինի օգտագործել որպես արգելոց: Նրա խոսքով` այն դեռեւս բաց է մուտք ու ելք անող մարդկանց ու կենդանիների համար: «Ամեն դեպքում պետությունը թեկուզ նվազագույն չափով գումարներ է տրամադրում վերականգնողական աշխատանքների համար»,-եզրափակեց նա` հավելելով, որ ցանկալի կլիներ խնդիրը լուծել նաեւ բարերարների աջակցության միջոցով:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ԿԻՆՍԿԻՆ ՏԵՍՆՈՒՄ Է ԱԶԱՏ ԵՐԵՎԱՆ
Երեւանյան «Ոսկե ծիրան» միջազգային 12-րդ կինոփառատոնի պատվավոր հյուրերի թվում է աշխարհահռչակ դերասանուհի Նաստասյա Կինսկին: Հուլիսի 15-ին պաշտոնապես բացվեց նրա հետահայաց ծրագիրը, որի մեջ ներառված է 3 կինոնկար Կինսկիի ականավոր ֆիլմոգրաֆիայից: Ընդգրկված են նրա մասնակցությամբ «Թեսս» (1979, ռեժ.` Ռոման Պոլանսկի, իր դերակատարության համար Կինսկին արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի), «Փարիզ, Թեքսաս» (1984, ռեժ.` Վիմ Վենդերս, ֆիլմն արժանացել է «Ոսկե արմավենու»), «Մարիայի սիրեցյալները» (1985թ. ռեժ.` Անդրեյ Կոնչալովսկի) ֆիլմերը:
Կինսկին առաջին անգամ է Երեւանում: Հուլիսի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ հասցրել է շրջել գիշերային Երեւանում. «Երեւանը շատ հյուրընկալ եւ բաց քաղաք է, այստեղ կա ազատություն, ուրախություն. ես դա տեսնում եմ փողոցում, մարդկանց մեջ»,- ասաց նա:
Անդրադառնալով մասնագիտական հարցերին՝ Կինսկին խոսեց իր ռեժիսորին գտնելու թեմայի շուրջ. «Դժվար է խոսել իմ մասնակցությամբ ֆիլմերի ռեժիսորների մասին. նրանցից յուրաքանչյուրն իմ կյանքի մի մասն է: Եթե իմ կյանքը փոխվեր, եւ ես նկարահանված չլինեի այդ ֆիլմերում, ես կփնտրեի ավելի մեծ հնարավորություններ»,-ասաց նա:
Նա խոսեց նաեւ «Թեսս»-ում իր դերակատարության մասին եւ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպես է հնարավոր եղել այդքան վառ կերպով ներկայացնել գյուղական կյանքի մանրամասները` լինելով ազնվական դերասանուհի, նա նշեց. «Այդ ժամանակ ես ապրում էի գյուղում եւ աշխատում էի այնտեղ: Իսկ ռեժիսորներն այնքան պահանջկոտ էին… Դա լավ հնարավորություն էր ինձ համար»:
Կինսկին լրագրողներին տեղեկացրեց, որ ինքը նկարահանում է վավերագրական ֆիլմեր սպորտսմենների մասին: «Նրանք օրինակն են այն բանի, որ երազանքներին հասնելու համար պետք է շատ աշխատել, իմանալ հաղթել եւ պարտվել: Եթե հաջողության ես հասնում, պետք է իմանաս` ինչպես դրա «տակից դուրս գալ», իսկ պարտվելու դեպքում պետք է սովորես կանգնել եւ առաջ գնալ»,-ասաց նա:
Իսկ թե ինչով է պայմանավորված այն հանգամանքը, որ Կինսկին նախընտրել է իր ուժերը փորձել վավերագրական եւ ոչ թե խաղարկային ֆիլմերի ոլորտում, դերասանուհին պատասխանեց. «Ես չեմ բացառում, որ կհետաքրքրվեմ նաեւ խաղարկային ֆիլմերով, բայց ես յուրահատուկ սեր ունեմ իրական աշխարհի, վավերագրական ֆիլմերի նկատմամբ»:
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ