ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարն արվել է Կառավարության շենքի դիմաց
Երեկ նաիրիտցիները կրկին հավաքվել էին գործարանի մոտ: Նրանք որոշել են այսօր հավաքվել Կառավարության դիմաց եւ նստացույց սկսել, քանի դեռ իրենց գումարը չեն վճարել: «Նաիրիտ»-ի նախկին աշխատակից Անուշ Հարությունյանը նշեց, որ իրենց հաշիվներին այսօր պետք է գումարը նստեր, սակայն ոչինչ էլ չի փոխանցվել: Նրանք պատրաստ են հինգ օր անցկացնել դրսում, մինչեւ խոստացված գումարը ստանան:
ՀԱՐՑ. Այն բնակարանը, որտեղ ես բնակվում եմ, սեփականաշնորհված չէ: Խնդրում եմ ասեք՝ ես, որպես տնվոր, կարո՞ղ եմ դուրս գրել իմ թոռնիկին, քանի որ երեխայի մայրը բաժանված է որդուցս: Թոռս իր մոր հետ բնակվում է այլ բնակարանում՝ ուրիշ ընտանիքի հետ: Նշեմ, որ տղաս համաձայն է երեխայի դուրս գրմանը: Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ կարող եմ անել տվյալ իրավիճակից դուրս գալու համար:
Սեդա Միրզոյան (59 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Միրզոյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ համաձայն Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 17 հոդվածի՝ ամուսնության լուծարման դեպքում դատարանը պարտավոր է որոշել, թե ամուսնալուծությունից հետո ծնողներից որ մեկի հետ են ապրելու անչափահաս երեխաները, եթե տվյալ հարցը չի կարգավորվել ամուսինների փոխհամաձայնությամբ: ՀՀ Քաղ. Օր. 23 հոդվածի համաձայն՝ 14 տարին չբոլորած անչափահասների բնակության վայր է ճանաչվում իրեն օրինական ներկայացուցիչների (ծնողների) բնակության վայրը:
Այդ իսկ պատճառով Ձեր դեպքում երեխայի (եւ, համապատասխանաբար, գրանցումն (բնակագրումն) այդ վայրում) բնակության վայր պետք է հանդիսանա այն ծնողի բնակության վայրը, որի հետ նա ապրում է դատարանի որոշման (նախկին ամուսինների միջեւ համաձայնության) համաձայն: Եթե դատարանի որոշման (համաձայնության) համաձայն երեխան ապրում է մոր հետ, ապա դատարանի որոշման եւ բնակության նոր վայրում բնակագրման վերաբերյալ դիմումի համաձայն՝ նա պետք է հանվի տատիկի բնակության վայրում գրանցական հաշվառումից:
Ձեր իրավախորհրդատու փաստաբանական ընկերություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ցավալի է լսել, որ տատիկը մտածում է սեփական թոռնիկին իր բնակարանից դուրս գրելու մասին, թեեւ տվյալ դեպքում, կարծես թե, այդ երեխան արդեն իսկ գտել է իր նոր ընտանիքն ու բնակարանը: Առհասարակ, Հայաստանում ամուսնալուծությունների վիճակագրությունը բավականին տխուր եւ մտահոգիչ պատկեր է գրանցում: Այսպես՝ 2014թ. հունվար-մարտ ամիսներին գրանցված ամուսնալուծության դեպքերը 34.9%-ով աճել են: ԱՎԾ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ ՀՀ-ում 2014թ. հունվար-մարտին գրանցված 1000 ամուսնությունների համեմատ արձանագրվել է ամուսնալուծության 255 դեպք:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ եթե ծնողները ձեռք են բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ապա նրանց երեխան ո՞ր տարիքից կարող է համաձայնություն տալ իր քաղաքացիության համար (ո՞ր տարիքից կարող է դիմել՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար):
Էլեն Գաբրիելյան (37 տարեկան, դաստիարակչուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Է. Գաբրիելյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ծնողների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու, ինչպես նաեւ այն դեպքում, երբ ՀՀ քաղաքացիություն է ձեռք բերում ծնողներից մեկը, եւ երեխան բնակվում է Հայաստանի Հանրապետությունում, ու երեխայի ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար առկա է ՀՀ քաղաքացի հանդիսացող ծնողի համաձայնություն, 14-18 տարեկան երեխան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու համար տալիս է գրավոր համաձայնություն:
Հայաստանի Հանրապետության ոստիկանության
անձնագրային եւ վիզաների վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսպիսով, եթե մեզ դիմած քաղաքացու երեխայի տարիքը համապատասխանում է սահմանված տարիքին, ապա նրանք օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերով կարող են դիմում ներկայացնել անձնագրային վարչություն եւ գրավոր համաձայնություն տալուց հետո երեխայի համար ստանալ ՀՀ քաղաքացիություն: