«Ես մամուլն ուսումնասիրել եմ ու նկատել, որ այնտեղ շահարկվում է իմ «վերարտադրվելու» հեռանկարը». ինչ հարցեր է բարձրացրել Սերժ Սարգսյանը ԳՄ նիստին. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նախորդ օրը Սերժ Սարգսյանը ԳՄ-ին է ներկայացել փոքր-ինչ ուշացումով: ԳՄ-ն տեւել է շատ կարճ, քննարկման միակ թեման եղել է Սահմանադրությունը, անմիջապես հաջորդել է ՀՀԿ խորհրդի նիստը: Սերժ Սարգսյանը թիմակիցներին հորդորել է` «անկաշկանդ-ազատ արտահայտեք ձեր տեսակետները», որից հետո «խոսքն անցել» է Հրայր Թովմասյանին: Նա ներկայացրել է սահմանադրական փոփոխությունների «մատրիցան»: ՀՀԿ խորհրդի նիստին մասնակցել է նաեւ սահմանադրագետ Վարդան Պողոսյանը՝ պատասխանել է հարցերին: Վերջինիս պարբերաբար ընդհատել է Սերժ Սարգսյանը եւ ավելի հասկանալի` ոչ իրավագիտական, ՀՀԿ-ական լեզվով բացատրել, թե այս կամ այն հոդվածն  իրենից  ինչ է ներկայացնում:

Պատգամավորները քծնել են` «ավելի լավ է Սերժ Ազատիչը բացատրի, որովհետեւ այդ ժամանակ ավելի լավ ենք «հասկանում» խնդիրը»: Հարցերը հիմնականում վերաբերել են ընտրակարգերին, համամասնական մոտեցումին, ընտրությունների արդյունքում քաղաքական մեծամասնության ձեւավորմանը, այդ առնչությամբ տարբեր երկրների փորձին: Շատ հարցերի հետ կապված՝ հղում է արվել Ընտրական օրենսգրքին, չնայած նույն Սահմանադրությունն ամրագրում է համամասնական ընտրակարգը: ԳՄ անդամները կարծում են, որ նոնսենս է՝ ստացվում է, որ ընտրության երկրորդ փուլի դեպքում մի ընտրողը 2 անգամ է ընտրում:

«Հավաքն» ամփոփել է Սերժ Սարգսյանը, որը բառացի ասել է. «Քանի որ ես այսօրվա մամուլն ուսումնասիրել եմ ու նկատել, որ այնտեղ շահարկվում է իմ՝ ԱԺ նախագահ դառնալու, «վերարտադրվելու» հեռանկարը, եւս մեկ անգամ շատ պատասխանատու ձեւով հայտարարում եմ` ես ԱԺ նախագահ, վարչապետ, ՀՀ նախագահ չեմ պատրաստվում դառնալ. սա մեզ համար կենաց-մահու կռիվ չէ, Սահմանադրության փոփոխությունները պետք են պետությանն ու երկրին, եթե ժողովուրդն ընդունի այս բարեփոխումները՝ շատ լավ, եթե չընդունի, այսօր գործող Սահմանադրությամբ ես ազատ եմ եւ  կարող եմ հավակնել թե ԱԺ նախագահի, թե վարչապետի պաշտոններին»: Ընդ որում՝ սույն միտքը այդ օրը կրկնել է 3 անգամ. մեկը` ԳՄ-ում, երկուսն էլ` ՀՀԿ խորհրդի նիստում»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս