Այն, որ ՀՀ փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանությունը բազում հարցականներ է պարունակում, շատ է խոսվել: Բայց այդ պատմության մեջ բավական հետաքրքիր մի դրվագ կա՝ Մհերյանի աշխատասենյակի էլեկտրոնային կրիչը (ֆլեշ): Նկատի ունենալով, թե այն որտեղ է եղել (հենց Գ. Մհերյանի աշխատասեղանին), թերեւս ավելորդ է ասել, թե ինչ կարեւոր տեղեկություններ կարող էր պարունակել նշված կրիչը:
Այն, որ եղել է նաեւ երկրորդ էլեկտրոնային կրիչը, վկայում է ոչ միայն 2009թ. ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (ԿՀԴՊ) գլխավոր վարչության պետ Հունան Պողոսյանի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետ Անդրանիկ Միրզոյանին ուղղված 29.12.2009թ. գրությունը: Այդ մասին վկայում է նաեւ այն ժամանակ ՀՀ ոստիկանապետի տեղակալ, Գ. Մհերյանի սպանության վերաբերյալ քրեական գործով օպերատիվ խմբի ղեկավար Արմեն Երիցյանի պարզաբանումը, որը նա 2009թ. դեկտեմբերի 23-ին տվել է իրեն այցելած ՀՔԾ հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչ, հիշյալ քրգործով քննչական խմբի ղեկավար Հեկտոր Սարդարյանին եւ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության պետի տեղակալ Կարեն Բաբակեխյանին: Ըստ վերոնշյալ պարզաբանման՝ այդ համակարգչային էլեկտրոնային կրիչը գտնվել է Գ. Մհերյանի աշխատասեղանին՝ գրենական պիտույքների պահոցում, մատիտ-գրիչների եւ այլ իրերի հետ:
Այնուհանդերձ, որքան էլ զարմանալի է, 2009թ. փետրվարի 3-4-ը Գ. Մհերյանի աշխատասենյակը 5 ժամ շարունակ զննած պաշտոնյաները, չնայած իրենց պատկառելի կազմին` ՀՔԾ-ի հատկապես կարեւոր գործերի քննիչներ Ա. Վարդանյան, Ս. Տոնոյան, Վ. Ջանազյան եւ ՀՀ ոստիկանապետի տեղակալ Ա. Երիցյան, երկրորդ էլեկտրոնային կրիչը չեն հայտնաբերել (բայց այն հո ասե՞ղ չէր…): Կամ էլ հայտնաբերել են, սակայն զննումն իրականացրածները թերեւս միտումնավոր, համենայնդեպս, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածի 5-րդ եւ 3-րդ մասերի իմպերատիվ (պարտադիր կատարման ենթակա) պահանջի խախտմամբ, այդ կրիչի մասին աշխատասենյակի զննում կատարելու վերաբերյալ արձանագրությունում չեն նշել եւ այն չեն առգրավել:
Վերոնշյալի կապակցությամբ Հ. Սարդարյանին եւ Կ. Բաբակեխյանին Ա. Երիցյանի տված պարզաբանումն արժանահավատ չի թվում: Հ. Սարդարյանի կազմած ու ստորագրած 23.12.2009թ. տեղեկանքում նշված է. «Իմ հարցին, թե դեպքի օրը քննչական խմբի քննիչները նրա (Արմեն Երիցյանի) մասնակցությամբ զննելով Գեւորգ Մհերյանի աշխատասենյակը, նկատել են արդյոք հիշյալ կրիչը, պարոն Ա. Երիցյանը պարզաբանեց, թե նման մանրամասներ չի հիշում երկար ժամանակ անցնելու պատճառով, սակայն կարծում է, որ այն ստուգվել է համակարգչի վրա, պարզվել է, որ զուրկ է տեղեկատվությունից եւ կապ չունի դեպքի հետ, ուստի չի առգրավվել, թողնվել է աշխատասենյակում` գրենական պիտույքների հետ»:
Կարծում ենք՝ վերը բերվածը խուսափողական պատասխան է. գործընկերոջ աշխատասեղանին տեղեկատվության էլեկտրոնային կրիչի հայտնաբերումը զննումից ոչ թե 10 տարի, այլ ընդամենը 10 ամիս անց նա ինչպե՞ս կարող էր չհիշել, ի՞նչ է` Հայաստանում ամեն օր փոխոստիկանապետի սպանություն եւ նրա աշխատասենյակի զննո՞ւմ է կատարվում…
Պարզվում է՝ Ա. Երիցյանը ոչ միայն այդ կարեւոր իրի հայտնաբերումը չի հիշել, այլեւ համակարգչի միջոցով էլեկտրոնային կրիչի պարունակած տեղեկատվության ստուգման կարեւոր գործողությունը, այլապես դրա վերաբերյալ ենթադրությամբ («կարծում է…») չէր արտահայտվի: Կարծում ենք` վերոնշյալ էլեկտրոնային կրիչի պարունակած տեղեկատվության ստուգում չի կատարվել, այլապես դրա մասին աշխատասենյակի զննման վերաբերյալ արձանագրությունում, որը նույնիսկ չափազանց մանրամասն է շարադրված, այդ մասին նշված կլիներ, ինչպես նշված է չհրկիզվող պահարանի դռնակի բացման գործողությունը:
Լավ, մի պահ ենթադրենք, թե Ա. Երիցյանի ասածը համապատասխանում է իրականությանը: Այդ դեպքում ՀՀ ոստիկանապետի այժմ արդեն նախկին տեղակալը կարո՞ղ է պատասխանել, թե աշխատասենյակի զննումն իրականացրած իրավապահներն այդ ի՞նչ սկզբունքով կամ տրամաբանությամբ են առաջնորդվել, որ մյուս` գրասեղանի 2-րդ դարակից հայտնաբերված էլեկտրոնային կրիչը համակարգչի միջոցով չեն ստուգել, առգրավել են այն, դրա հայտնաբերման եւ առգրավման մասին արձանագրությունում նշել, այլ իրերի թվում տվյալ կրիչը նույնպես փոխանցել այդ ժամանակ քրգործի նախաքննությունն իրականացնող ՀՔԾ, իսկ Գ. Մհերյանի աշխատասեղանի վրայից հայտնաբերված էլեկտրոնային կրիչի դեպքում ճիշտ հակառակ կերպ են վարվել:
Կամ` եթե Գ. Մհերյանի աշխատասեղանին եղած էլեկտրոնային կրիչը չառգրավելու պատճառաբանությունը սպանության դեպքի հետ կապ չունենալն էր, ապա ինչո՞ւ է արձանագրությունում նշվել եւ առգրավվել փոխոստիկանապետի սպանության հետ որեւէ կապ չունեցող, ընդունարանում քարտուղարուհու ոտքերի մոտ գտնվող աղբամանում եղած փաթեթավորման սպիտակ թուղթը, որի վրա ընդամենը «ՀՀ Ոս», իսկ կոտորակի տակ` «Մհերյանին» գրառումն է եղել: Ինչո՞ւ է նույնիսկ այդ թուղթն առգրավվել, իսկ Մհերյանի աշխատասենյակում եղած եւ հեռախոսացանցին միացված ֆաքսը չի առգրավվել, որպեսզի ստուգվեր դրա հիշողությունը, պարզվեր գոնե վերջին անգամ ստացված եւ ուղարկված հաղորդագրությունների բովանդակությունը: Ինչո՞ւ ընդունարանում գործարանային տուփի մեջ տեղադրված հեռախոսի մակնիշը` «Eurotel», նշվել է, իսկ հեռախոսացանցին միացված հիշյալ ֆաքսի մակնիշը չի նշվել: Ըստ սպանվածի հոր` տուժողի իրավահաջորդ Պետրոս Մհերյանի՝ այդ ֆաքսը նույնպես անհետացել է:
Թեեւ համոզված ենք, որ Ա. Երիցյանը եւ զննման գործողությանը մասնակցած ՀԿԳ քննիչները չեն կարող պատասխանել վերը շարադրված հարցերին, այնուամենայնիվ, այժմ քրգործի նախաքննությունն իրականացնող մարմինը պարտավոր է նրանց այդ հարցերը տալ, նրանք էլ պարտավոր են պատասխանել: Պարտավոր են պատասխանել նաեւ, թե անկախ աշխատասեղանի վրայից հայտնաբերված կրիչի` տեղեկատվությունից զուրկ լինելու եւ դեպքի հետ կապ չունենալու հանգամանքից (եթե նույնիսկ ընդունենք, թե դա իրոք այդպես է), ինչո՞ւ տվյալ կրիչի հայտնաբերման մասին զննում կատարելու վերաբերյալ արձանագրությունում չեն նշել, չէ՞ որ դա ՀՀ քր. դատ. օր.-ի պահանջն է: Աշխատասեղանի վրա եղած 4 մարկերի, կարիչի, կպչուն ժապավենի, մատիտների, գրիչների, գրենական այլ պարագաների, «SAMSUNG» մակնիշի հեռուստացույցի հեռակառավարման վահանակի եւ այլնի մասին նշել են, իսկ էլեկտրոնային կրիչի մասին` ոչ: Այս հարցերը դեռ 2009թ. դեկտեմբերի 23-ին Ա. Երիցյանի հետ վերոնշյալ հանդիպման ժամանակ պարտավոր էր տալ քննչական խմբի ղեկավար Հեկտոր Սարդարյանը, բայց… Դե ինչպե՞ս կարելի էր հարցաքննել ոստիկանապետի տեղակալին…
ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ԵՐԿՐՈՐԴ ԿՐԻՉԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ