Բնակչությանը պետք է ապահովել բարձրակարգ և մատչելի բժշկական ծառայություններով. Արմեն Մուրադյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզ կատարաց աշխատանքային այցի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հանդիպումներ ունեցավ  Գավառի և Մարտունիի բժշկական կենտրոնների կոլեկտիվների հետ։

Երկու բուժհաստատությունում էլ Արմեն Մուրադյանը ներկայացրեց ոլորտում իրականացվող նոր ծրագրերը` կարևորելով մարզերում ևս դրանց արդունավետ ընթացքը։ Նա նշեց, որ պետությունն այսօր շեշտադրում է հանրային առողջապահության գերակայությունը։ Սա ենթադրում է երկրի բնակչությանն առաջին հերթին առողջ պահել, իսկ հիվանդության առկայության դեպքում` բարձրակարգ և մատչելի բժշկական ծառայություններ ապահովել։  Այս ճանապարհով են ընթանում աշխարհի ամենահարուստ և զարգացած երկրները։

Հանրային առողջապահական ամենահաջողված ծրագրերից մեկը  Իմունականխարգելման ազգային ծրագիրն է, որի շնորհիվ լուրջ հաջողություններ են արձանագրվել վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում։ Մեր երկիրն այսօր զերծ է վարակիչ մի շարք հիվանդություններից, չեն արձանագվում կարմրուկի տեղական դեպքեր։ Սակայն երբեք չպետք է կորցնել զգոնությունը։ Ժամանակին պատվաստումների նկատմամբ ժխտողական վերաբերմունք կար։ «Դժվար է պատկերացնել, թե ինչ հետևանքներ կլինեին, եթե այդ հարցում գիտական մոտեցումները տանուլ տային»,-ասաց նախարարը` նշելով, որ այսօր ևս նման ծրագրերը միտումնավոր վարկաբեկելու և բնակչության շրջանում կասկածներ սերմանելու փորձեր են արվում։ Նման միտում կա ալյուրի հարստացման ծրագրի  հանդեպ։

«Մենք առողջապահության նախարարություն ենք և պարտավոր ենք պահպանել բնակչության առողջությունը։ Եվ պետք է շարունակաբար պայքարենք վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների դեմ»,-ասաց Արմեն Մուրադյանը` հավելելով, որ անգամ ամենահարուստ երկրներն իրենց թույլ չեն տալիս անվերջ հիվանդաբուժությամբ զբաղվել և տարբեր հանրային առողջապահական ծրագերեր են իրականացնում հիվանդությունները կանխարգելելու նպատակով։ Որպես մեր երկրում հաջողված ծրագիր ներկայացվեց ԽՍՀՄ-ի փլուզումից հետո 2004թ.-ից աղի յոդացման վերականգնումը, ինչի արդյունքում հատկապես հղիների և երեխաների շրջանում էականորեն նվազեցին յոդի պակասով պայմանավորված խպիպի խնդիրները։ Յուրաքանչյուր երկրորդ հղիի և յուրաքանչյուր երրորդ երեխայի մոտ խպիպի խնդիր էր զարգանում։ Իսկ հիմա երկրում ընդամենը 5000 դեպք ունենք։

«1940-ականներից սկսած մինչև 1991թ. Խորհրդային Միությունում ալյուրը հարստացվում էր։ Այժմ փորձում ենք վերականգնել առողջական լուրջ խնդիրների լուծմանն ուղղված այդ գործիքը»,-ասաց նախարարը`  ներկայացնելով առկա առողջական այն խնդիրները, որոնք նման ծրագրի իրականացման նախապայման են։

«Մեր երկրում ամեն երկրորդ մահը պայմանավորված է սրտանոթային հիվանդություններով։ Մենք  կաթվածների կենտրոն ստեղծեցինք, սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիր ենք իրականացնում, որը բխում է երկրի նախագահի նախընտրական ծրագրի դրույթներից։ Կյանք փրկող այս ծրագիրը խիստ դրական ընդունելություն է ստացել բնակչության կողմից։

«Հանրային առողջապահական ծրագրերի իրազեկումն ու քարոզչությունը ձեր  անմիջական պարտականությունն է և այն կարող է առանցքային դերակատարություն ունենալ։ Չպետք է թույլ տանք, որ մարդիկ, ովքեր հեռու են հիվանդություններից, բարդություններից, մարդկանց հուզումներից, մահերից` կեղծ գիտական նյութերով անհիմն լարվածություն առաջացնեն»,-ասաց նախարարը` դիմելով առողջության առաջնային պահպանման օղակի բժիշկներին։

Նա առաջնային օղակի բուժաշխատողների դերը կարևորեց նաև 2015թ. հունվարից մեկնարկած Համաշխարհային բանկի և ՀՀ  կառավարության «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրով երկրում իրականացվող դիաբետի, հիպերթենզիայի և արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելմանն ու վաղ հայտնաբերմանն ուղղված սկրինինգային ծրագրերի,  սոցփաթեթի շահառուների տարեկան կանխարգելիչ զննությունների արդյունավետ իրականացման գործում։

«Պետությունը հնարավորություն է տալիս հիվանդություններն առաջնային օղակում կանխարգելելու և վաղ հայտնաբերելու։ Սա միաժամանակ պոլիկլինիկական օղակի դերը և և նրա հանդեպ վստահությունը բարձրացնելու միջոց է»,-նշեց Արմեն Մուրադյանը։

Անդրադառնալով կենտրոնացված գնումներով անվճար տրամադրվող դեղերի բաշխմանը` նախարարը նշեց, որ շաքարային դիաբետով 80 հազար հիվանդները, որոնիցից 13 հազարը` ինսուլինակախյալ, 5 տարով ապահովված են  ինչպես որակյալ ինսուլինով, այնպես էլ` հաբերով։

«ՀՀ կառավարության որոշմամբ  2015-2019 թվականների համար շաքարային դիաբետով տառապող երեխաների կարիքների համար ձեռք կբերվեն հատուկ գրիչ-ներարկիչներ, որոնք առավել հարմարավետ են և հիվանդներին թույլ կտան ունենալ օրվա առավել ճկուն ռեժիմ և սննդակարգ։ Սա նաև երեխաներին խարանից ձերբազատելու հնարավորություն է»,-շեշտեց նախարարը։

Արմեն Մուրադյանը մարզի բուժաշխատողներին ծանոթացրեց նախարարության կողմից իրականացվող մի շարք այլ բարեփոխումներին։ Մասնավորապես անդրադարձ կատարեց օրենսդրական դաշտում իրականացվող քայլերին։ ՀՀ առողջապահության նախարարությունը Հայաստանում կներդնի եվրոպական եւ համաշխարհային փորձին համահունչ շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կրեդիտային համակարգ: ՙԲնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին՚ ՀՀ օրենքում կատարվող փոփոխությունների արդյունքում բժիշկները և բուժքույրերն իրենց  մասնագիտական գիտելիքները և գործնական հմտությունները բարձրացնելու նպատակով 5 տարվա ընթացքում համապատասխան կրեդիտներ պետք է հավաքեն։

Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց այդ նպատակով առաջիկայում բուժքույրերի համար մարզում գիտական կոնֆերանս կազմակերպել։

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն անդրադարձավ նաև գործելակարգերի ուղեցույցների ներդրմանը, որը մի կողմից կնպաստի բուժումը ճիշտ և որակով կազմակերպելուն, մյուս կողմից  կապահովի բժշկի պաշտպանվածությունը։ Նա կարևորեց նաև հիվանդության պատմագրերի պատշաճ լրացումը։

Նախարարը հիշեցրեց, որ մոր և մանկան առողջության պահպանումը կառավարության գերակա ուղղություններից մեկն է և գտնվում է հանրապետության նախագահի ուշադրության կենտրոնում։ Նա հորդորեց ոչ միայն պահպանել այս ոլորտում ունեցած ձեռքբերումը, այլև ձգտել ավելիին։

Մարտունիի ԲԿ-ի բուժաշխատողների հետ հանդիպման ժամանակ Արմեն Մուրադյանը նշեց, որ երկրի ղեկավարից հատուկ հանձնարարություն է ստացվել բարելավել կենտրոնի վիճակը, ինչի ուղղությամբ արդեն իսկ աշխատանքներ են տարվում։




Լրահոս