ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՌԱՋՎԱՆԸ ՉԷ
ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանի եւ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանի միջեւ ԱԺ ընդմիջման ժամանակ ուշագրավ երկխոսություն եղավ: Նիկոյանը, տեսնելով Հովհաննիսյանին, հրավիրեց իր աշխատասենյակ՝ սուրճ խմելու: Հովհաննիսյանը, սակայն, հրաժարվեց՝ ասելով, որ ինքը գիտի, թե ինչեր կարող են տեղի ունենալ ՀՀԿ-ականների հետ սուրճ խմելուց հետո: «Եւ հետո, ես նման թունդ ալկոհոլային խմիչքներ չեմ օգտագործում»,-իրեն հատուկ տոնով ասաց Հովհաննիսյանը: Նիկոյանն էլ խոստովանեց, որ ինքն էլ առաջվանը չէ:

ՍՊԱՍՈՒՄ ԵՆ
Խորհրդարանի բիզնես չունեցող պատգամավորները, նրանց օգնականներն ու ԱԺ աշխատակազմը ամանորյա տոներից առաջ կանգնած են հերթական դիլեմայի առաջ. այս տարի կգտնվի արդյոք գումար Ամանորի առթիվ նրանց պարգեւավճար՝ 13-րդ աշխատավարձ տալու համար, թե ոչ: Համենայնդեպս, դեռեւս որեւէ հստակություն չկա, սակայն ենթադրվում է, որ Հովիկ Աբրահամյանը կկարողանա գումար գտնել՝ ԱԺ աշխատակիցներին գոհ թողնելու համար:

ԿՈՐԵԼ Է
Այս օրերին անհետ կորել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը. նրա հետ կապ հաստատել չեն կարող անգամ ԲՀԿ-ական պատգամավորները: Բանն այն է, որ համացանցում տեսանյութ հայտնվեց, որտեղ պատգամավորը խոստովանում է իրեն պատկանող բիզնեսների, վարձակալությամբ տրվող տարածքների մասին: Այլ կերպ ասած՝ ԲՀԿ-ական պատգամավորը խոստովանել է, որ ինքը խախտում է ՀՀ Սահմանադրության 65-րդ հոդվածը: Նշենք, որ տեսագրության կապակցությամբ «Ռազմավարական մշակումների կենտրոն» հասարակական կազմակերպությունը դիմել է ԱԺ էթիկայի հանձնաժողով՝ Մելքումյանի հարցը քննարկելու միջնորդությամբ, եւ հանձնաժողովն այն վարույթ է ընդունել:

ՕՐՎԱ ՀԵՐՈՍՆԵՐԸ
ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում քննադատել է իր նախկին թիմակից, ՀԱԿ-ից հեռացած Դավիթ Շահնազարյանին: «Երեկոյան լրահոսից հասկացա, որ օրվա հակահերոսները Թոխմախի Մհերն ու Դավիթ Շահնազարյանն են: Ընդ որում, եթե Թոխմախը միայն սպառնում է լրագրողի ծնոտը պոկել, Դավիթը միանգամից անում է դա` հայտնում է ի լուր աշխարհին, որ դրական է գնահատում Սերժի համագումարյան, ոտքից գլուխ կեղծ, ջուրծեծոց ելույթը: Եթե Թոխմախն իր մշտական ամպլուայում է, ապա Դավիթը ապշեցրեց: Երկուսին էլ dislike, of course, բայց չեմ կարող չնշել Լեւոնի ջատագովների այն փութաջանությունը, որով փորձում են Դավիթի բարձրաձայնած այդ անսպասելի եւ անընդունելի մոտեցումը վերագրել նաեւ Կոնգրեսին հրաժեշտ տված այլ անձանց: Անտեղյակներին խորամանկորեն մի միտք է պատվաստվում, իբր Դավիթը բարձրաձայնում է այն, ինչը մյուսներն էլ են մտածում, բայց չեն համարձակվում ասել: Գոնե իմ մասով սխալվում եք, սիրելինե՛րս»,-գրել է նա:




Լրահոս