Ո՞Ր ԵՐԿՐԻՑ ԵՆ ՑԵՑԵՐԸ ՆԵՐԹԱՓԱՆՑԵԼ ՀՀ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը սկսել է պայքարել լոլիկի եւ կարտոֆիլի ցեցի դեմ, որը հայտնի չէ` որ երկրից է ներթափանցել Հայաստան: Սակայն, «Ֆերմերային շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Սարգիս Սեդրակյանի համոզմամբ, այս խնդիրը վաղուց կա: Նրա խոսքով՝դա գյուղնախարարության բացթողումն է, քանի որ ներկրվող սերմերը սահմանի վրա համապատասխան ստուգումներ չեն անցնում:
ՀՀ գյուղացիական ասոցիացիաների ֆեդերացիայի նախագահ Վարդան Համբարձումյանի ներկայացմամբ՝ արդեն երկու տարի է, ինչ այս խնդիրը կա. «Մենք խրախուսում ենք բոլոր ջերմատնային տնտեսություններին, որպեսզի նրանք սկսեն կիրառել տեխնիկական պայքարի միջոցներ, եւ խորհուրդ տալիս նախ ցանցապատել բոլոր ջերմատները, որպեսզի ցեցերի մուտքը տվյալ ջերմատուն սահմանափակվի»: Համբարձումյանի խոսքով՝ այդ ցանցերը հատուկ են եւ թույլ չեն տալիս վնասակար միջատներին մտնել ջերմատուն. «Առաջարկում ենք եւ նաեւ օգնում ցանցի ներկրման եւ բաշխման գործընթացներում: Եւ հիմա մոտ մեկ տասնյակ ֆերմերներ իրենց սեփական միջոցներով մեր կազմակերպությանը պատվիրել են»:
Հետաքրքրվեցինք, թե ինչու պետությունը չի հոգում այդ ծախսերը: «Երբեւիցե դուք տեսե՞լ եք որեւիցե պետություն, որտեղ պետական միջոցներով ինչ-որ մի բան անեն: Այլ հարց է, որ ընդհանուր ոլորտը կարիք ունի սուբսիդավորման, բայց ոչ թե պայքարի միջոցները պետությունը վերցնի իր վրա: Պետությունը չի կարող դա անել, դրանք պետք է ֆերմերական կազմակերպություններն անեն, որոնք հատուկ գրաֆիկով պետք է պայքարի մեթոդներն այնպես սահմանեն, որ կարողանան ճիշտ ժամանակին եւ ճիշտ օրերին կանխել»,-նշեց Վ. Համբարձումյանը:
Գյուղացիական ասոցիացիաների ֆեդերացիայի նախագահի խոսքով` հեշտ է մեղադրել գյուղատնտեսության նախարարությանը, սակայն. «Իրականում այդպես չէ: Մենք քանի տարի է՝ պայքարում ենք ու բարձրաձայնում, թե թուրքական լոլիկ մի՛ ներկրեք, վաղը կամ մյուս օրն էնպիսի մի հիվանդություն հետը կբերի, որ խայտառակ կլինենք: Բայց այն ժամանակ, երբ բարձրաձայնում էինք, թե փակե՛ք սահմանը ու մի՛ ներկրեք լոլիկ, գյուղնախարարությունը մեր մեջքին էր կանգնած: Ու չնայած դրան` սահմանը չէր փակվում»:
Ի վերջո, ո՞ր երկրից է այդ վնասակար միջատը ներթափանցել Հայաստան: «Թուրքիայի հետ մենք չունենք դիվանագիտական եւ տնտեսական կապեր: Այնտեղից ապրանքը պաշտոնապես կամ ցուցադրական չի մտնում Հայաստան,  մտնում է Վրաստան եւ այնտեղից էլ այլ ճանապարհով գալիս Հայաստան: Չկա հստակ տեղեկատվություն, թե իրականում որտեղից են դրանք եկել»,-լրացրեց նա:
«Ֆերմերային շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Սարգիս Սեդրակյանը դեռ ամիսներ առաջ էր այս հարցը բարձրաձայնել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա ասաց. «Թե որ երկրից է ներկրվել Հայաստան, հստակ չեմ կարող ասել, բայց որ սահմանի վրա սերմերի վերահսկողություն չկա, հաստատ է:  Փոխանակ զբաղվեն այդ կարեւոր գործով, սրա-նրա հեռախոսազանգն են լսում: Սա գյուղնախարարության կողմից թույլ տրված բացթողում է»:
ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը նույնպես տեղյակ չէ, թե հատկապես որ երկրից է գալիս այս վնասակար միջատը: Նրա խոսքով՝ բոլոր երկրներում` Վրաստանում, Աբխազիայում, Ռուսաստանում, Թուրքիայում եւ Իրանում, կա այդ խնդիրը: Իսկ ՀՀ-ում այն Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանում է եւ Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանում: «Մեր մտահոգությունն է օգնել գյուղացուն ճիշտ պայքարել դրա դեմ: Ճանաչել վնասը եւ կարողանալ միջոցառումներ իրականացնել այդ վնասատուի դեմ պայքարի կազմակերպման համար: Մեկ առանձին միջոցառումը երբեք բարձր արդյունք չի ապահովում»: Փոխնախարարից տեղեկացանք, որ պատրաստվել է բրոշյուր, որտեղ մանրամասն ներկայացված են վնասատուի դեմ պայքարելու հիմնական ձեւերը, ու տրված են խորհուրդներ: «Սահմանային հսկիչ կետերում անպայման կկատարվի գազային ֆումիգացիա, որը զգալիորեն կկանխի, նվազագույնի կհասցնի  այդ վնասատուի նոր թափանցումը հանրապետություն»,-հավաստիացրեց փոխնախարարը:
Չնայած այդ վնասատուի տարածմանը՝ փոխնախարարը գյուղացիներին խորհուրդ տվեց չերկմտել. «Միանշանակ պետք է Արարատյան դաշտավայրում մշակել ե՛ւ կարտոֆիլ, ե՛ւ լոլիկ: Բայց եթե նախորդ տարի մի հողակտորի վրա ցանված է եղել կարտոֆիլ, լոլիկ կամ պղպեղ, ապա այս տարի խստիվ արգելվում է այդ նույն հողի վրա նորից նշված մշակաբույսերը մշակել»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս