ՀԱՐՑ. Օրերս ՀՀ սփյուռքի նախարարը լրատվամիջոցներով դիմել էր հայաստանաբնակ գործարարներին՝ կոչով, որ նրանք աշխատանքի վերցնեն Սիրիայի հայտնի դեպքերից հետո հայրենիքում բնակություն հաստատած սիրիահայերին: Ինձ հետաքրքրում է, թե քանի գործարարից է աշխատանքի առաջարկ ստացվել՝ հատկապես սիրիահայերին նախապատվություն տալու պայմանով: Ընդհանրապես, քանի՞ սիրիահայ է դիմել «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալություն, քանի՞սն են ապահովվել աշխատանքով:
ՊԱՏԱՍԽԱՆ. Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունն աշխատել է 219 սիրիահայերի հետ, որոնցից 41 անձ տեղավորվել է աշխատանքի, 29 սիրիահայ հաշվառված են զբաղվածության տարածքային կենտրոններում: Կենտրոններ դիմած սիրիահայերը հիմնականում չեն ցանկանում աշխատել ցածր աշխատավարձերի պատճառով:
Մեծ թվով գործարարներ են պատրաստ աշխատանքի վերցնել սիրիահայ մեր հայրենակիցներին: Այդ նպատակով «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության նախաձեռնությամբ դեկտեմբերին Երեւանում նախատեսվել է կազմակերպել աշխատանքի տոնավաճառ, որը հնարավորություն կտա սիրիահայ աշխատանք փնտրողներին նույն վայրում հանդիպել մեծ թվով գործատուների հետ եւ գտնել իրենց մասնագիտությանը եւ որակավորմանը համապատասխան աշխատանք:
գործակալության պետ Սոնա Հարությունյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ճակատագրի բերումով տունուտեղից կտրված սիրիահայերին հայրենակիցների ցանկացած աջակցություն, հատկապես պետական, իհարկե կարող է ոգեւորել ու հույս ներշնչել` կապված վաղվա օրվա հետ: Սակայն արի՛ ու բացատրիր իր արհեստներով Սիրիայում բարեկեցիկ ապրող մարդուն, թե ինչ սկզբունքով են հայաստանյան գործատեղերում հաշվարկվում աշխատավարձերը: Մեծագույն ցանկության դեպքում անգամ դժվար է համոզել, որ միջին համարվող 60 հազար դրամը ոչ թե մեկ օրվա, այլ մեկ ամսվա աշխատավարձ է: